28 մայիսի 2014 - 14:06 AMT
ՀՈԴՎԱԾ
Սարդարապատի արծիվները
Այս վայրը զարմանալի աուրա ունի՝ հաղթանակի աուրա, որին այդքան կարոտ էր հալածյալ ու տանջված ժողովուրդը
Սարդարապատի հուշահամալիրի ճարտարապետական մտահղացումը եզակի է, հուշակոթողն իր պատիվը, Հայրենիքն ու անկախությունը պաշտպանած ժողովրդի անպարտելիության ու հզորության զգացողություն է առաջացնում: Հուշահամալիրը նվիրված է Սարդարապատի ճակատամարտի 50-ամյակին, հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: Շինարարությունը սկսվեց 1966-ին, իսկ 1974-ին բացվեց ազգային-ազատագրական շարժման թանգարանը: Համալիրն ամբողջությամբ կառուցված է կարմիր տուֆից, որին առանձնակի շուք է հաղորդում գեղեցիկ ու բարձր զանգակատունը: Հուշարձանն ուղղակի գերում է առաջին իսկ հայացքից, հատկապես տպավորիչ են թևավոր ցուլերի քանդակները:

Դաժան ճակատամարտում ընկած մարտիկների հուղարկավորության վայրում զանգակատունն է, իսկ սրբազան ցուլերը, որոնք խորհրդանշում են հրաշքով ողջ մնացած մասնակիցներին, կոչված են հուսալիորեն պաշտպանելու ընկածների հոգիները: Զանգերը 12-ն են՝ պատմական Հայաստանի մայրաքաղաքների թվով: Ծառուղու եզրերին վեհ արծիվներ են՝ մեր ընկած հերոսների անմահ հոգիների խորհրդանիշերը: Հաղթանակի պատը հուշահամալիրի կենտրոնական հատվածն է, երկու կողմից պատի վրա հարթաքանդակներ են ու բարձրաքանդակներ՝ նվիրված ժողովրդի խաղաղ արարչությանը: Հարթաքանդակ կա նաև Արարատ լեռան պատկերով, մեկ այլ քանդակում պատկերված է շինարարի մուրճը, երկու թուր և խաղողի վազ, հարևանությամբ թևավոր ձիերի պայքարն է վիշապի դեմ, քիչ այն կողմ՝ Անահիտ աստվածուհու պատկերը:

Հերոս արծվի՝ ճակատամարտի հաղթողի ֆիգուրը հուշապատի կենտրոնում է, կողքը՝ Մայր Հայաստանի պատկերն ու աշխարհազորայինների ֆիգուրներն են: Քանդակների հեղինակներն օգտագործել են քանդակագործության հնուց եկած տարրերը:

Թանգարանի շենքն իսկական գլուխգործոց է: Այն կառուցված է կարմիր տուֆից: Եզակի թանգարանը դեպի դուրս նայող միայն երկու անկյունային պատուհան ունի՝ երկու սրբազան լեռների՝ Արագածի ու Արարատի տեսարաններով: Այս վայրը զարմանալի աուրա ունի՝ հաղթանակի աուրա, որին այդքան կարոտ էր հալածյալ ու տանջված ժողովուրդը: Այնպես է ստացվել, որ հայերը պայքարում ու հաղթում են այն ժամանակ, երբ այսպես ասած «դանակը ոսկորին է հասել», երբ կասկածի տակ է հայտնվում ազգի հոգևոր ու ֆիզիկական գոյատևումը: Սարդարապատի ճակատամարտը, որն ավարտվեց 1918 թվականի մայիսի 28-ին, հերթական անգամ ապացուցեց, որ «անպարտելի է այն ժողովուրդը, որը ղեկավարվում է ոգով» (Գարեգին Նժդեհ, «Նամակներ հայ մտավորականությանը»):

Սարդարապատում թուրքերի դեմ մարտնչում էին հայկական կանոնավոր բանակի զորամասերն ու աշխարհազորայինները՝ թուրքերը մտադիր էին ավարտին հասցնել իրենց սև գործը: 1918 թվականին Հայաստանում ուղղակի ահասարսուռ իրավիճակ էր. յաթաղանից մազապուրծ հազարավոր փախստականներ, աղքատներ, զուրկ մի կտոր հացից ու տանիքից: Ահա այս վիճակում էր հայ ժողովուրդը՝ արյունաքամ, վերջին շունչը բերանին, և թուրքերը, հավանաբար, կարծում էին, որ նրանց թեթև մի զբոսանք է սպասում Արևելյան Հայաստանում: Բայց հայերը կանգնեցրին թուրքերին:

Կովկասում գործող Հայկական կորպուսը գեներալ Թովմաս Նազարբեկովի հրամանատարությամբ կազմված էր մի քանի դիվիզիաներից, այն էլ ոչ լրիվ համալրված (հրամանատարներ՝ գեներալներ Միխայիլ Արեշև, Մովսես Սիլիկով, Անդրանիկ Օզանյան), ինչպես նաև եզդիների հեծելազորը Ջհանգիր աղայի հրամանատարությամբ: Թուրքերի գրոհային խմբավորման կազմում էին հետևակային դիվիզիան, հեծելազորը, գրոհային ու սակրավորների գումարտակները, 1500 քուրդ հեծյալներ, հրետանային գումարտակը՝ 40 միավոր:

Հայկական զորքերի ընդհանուր հրամանատարությունը Սարդարապատի ուղղությամբ դրված էր գեներալ Մովսես Սիլիկովի վրա: Նրան էին ենթարկվում 2-րդ հետևակային դիվիզիան, հեծելազորային գունդը, 3-րդ հետևակային դիվիզիան և 2-րդ հեծելազորային բրիգադի 1-ին գունդը: Զորքերի այդ խմբավորման հիմնական ուժերը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ կենտրոնացած էին թուրքերի հիմնական գրոհի ուղղությամբ՝ Սարդարապատի մոտ, իսկ 6-րդ հետևակային, 2-րդ հեծելազորային ու պարտիզանական հեծելազորային գնդերը պետք է փակեին 9-րդ թուրքական դիվիզիայի ճանապարհը, որը պետք է հարված հասցներ Բաշ Ապարանից Էրիվանի ուղղությամբ: Հայկական զորքերի թիկունքում կանգնած էր Արամ Մանուկյանը, նրան էր հանձնարարված Էրիվանի պաշտպանությունը: Զորքերի հրամանատարն էր փորձառու հրամանատար, գեներալ-մայոր Մովսես Սիլիկովը և Սարդարապատի ճակատում նրա տեղակալ, գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանը:

Գրոհող թուրքական զորքերը մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ կայարանը: Մայիսի 22-ին 5-րդ հայկական հետևակային դիվիզիան, Իգդիրի հետևակային դիվիզիան ու հատուկ հեծելազորային գունդը հարձակման անցան Քյորփալու ու Քուրդուկլի շրջաններում, կոտրեցին թուրքերի դիմադրությունն ու փախուստի մատնեցին նրանց: Թուրքերը ետ շպրտվեցին 15-20 կմ: Սակայն, օգտվելով նրանից, որ հայկական զորքերը դադարեցրել էին հետապնդումը, թուրքերը վերախմբավորվեցին ու ամրացան Արաքս կայարանի մոտ գտնվող բարձունքներում: Հայկական ուժերի հրամանատարությունն իր ուժերի գրեթե կեսն ուղարկեց հյուսիս՝ Ապարանի ճակատի հրամանատար Դրոյին (Դրաստամատ Կանայան) օգնության, որը մայիսի 23-28-ին զսպում էր Քեմալ Էսադ փաշայի 9-րդ հետևակային դիվիզիայի գրոհը և, ետ շպրտելով թուրքերին Բաշ Ապարանից, ապահովեց Սարդարապատի խմբավորման անվտանգությունն ու փրկեց Երևանը թշնամու ներխուժումից: Սարդարապատից է սկսել իր մարտական ուղին ԽՍՀՄ ապագա մարշալ, այն ժամանակ կապիտան Հովհաննես Բաղրամյանը:

Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքերից, պայմաններ ստեղծվեցին հայոց պետականության վերականգնման համար՝ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Հատկանշական է, որ հայերի բոլոր ճակատագրական ճակատամարտերը եղել են մայիսին՝ Ավարայրը, Սարդարապատը, Շուշին: Հավանաբար, այստեղ ինչ-որ միստիկ բան կա, որովհետև դրանք բոլորն ավարտվել են հաղթանակով: Եվ այսօր, 96 տարի անց, մենք հիշում ենք նրանց, ում հերոսացումի շնորհիվ հնարավոր դարձավ հռչակել Առաջին Հանրապետությունը: Ողբերգական էր նրանց ճակատագիրը՝ բոլորը գնդակահարվեցին ՆԳԺԿ նկուղներում…«հայրենիքի դավաճանության համար» ձևակերպմամբ: Հայ սպաների ծաղկաբույլը Լենինականում կացիններով կոտորեցին բոլշևիկները …

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net