Մինչ Ադրբեջանում դեսպան նշանակվելը Ռիչարդ Մորնինգսթարը ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչն էր էներգետիկ հարցերով Եվրասիայում: Հենց նա էր առաջ տանում «դարի նախագիծը»՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և ներկա էր Nabucco-ի նախագծի ստորագրմանը: Մի խոսքով, ամեն ինչ լավ էր գնում մինչև վերջին պահը, երբ ԱՄՆ դեսպանը որոշեց խոսել մարդու իրավունքների ու Իլհամ Ալիևի հակաժողովրդավարական կառավարման մասին: Սկզբում դեսպանին մեկնաբանում էին ամենաբարձր մակարդակով՝ մեղադրելով Բաքվի շահերը դավաճանելու մեջ, մի քիչ էլ՝ և Մորնինգսթարին կհայտարարեին «հայկական լոբբի դրածո»:
Մինչ ծառայության ավարտը դեսպանին 1 տարի էր մնում, սակայն, այնուամենայնիվ, օգոստոսի 1-ին նա կլքի Բաքուն: Ընդհանրապես Ադրբեջանի բախտը չի բերում վերջերս դեսպանների հարցում՝ ընդամենը մեկ տարի պաշտոնավարեց Մեթյու Բրայզան, չստանալով Սենատի հավանությունը, բայց նշանակվելով անմիջապես Օբամայի կողմից: Հիմա էլ Մորնինգսթարը:
«Ազատություն» ռադիոկայանին տված աղմկահարույց հարցազրույցում ԱՄՆ դեսպանն ասել էր. «ԱՄՆ-ն ուշադիր հետևում է մարդու իրավունքների հետ կապված վիճակին Ադրբեջանում: Դա այն թեման է, որը մենք միշտ բարձրացնում ենք բարձր մակարդակով: Հիլարի Քլինթոնը մի քանի տարի առաջ Ադրբեջան այցելության ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն խորը հարաբերություններ է ստեղծում միայն ամենաժողովրդավարական երկրների հետ: Բայց հիմա այնպիսի իրավիճակ է, որ մենք չենք լսում միմյանց ժողովրդավարության հարցում: Պարզ է, որ մենք տարբեր մոտեցումներ ունենք այս հարցում: Հայտնի է` ով ենք մենք և ինչպիսին է մեր դիրքորոշումը: Մենք գտնում ենք, որ մարդու իրավունքները խախտվում են, և մենք ասում ենք այդ մասին: Հաճախ կառավարությունն անում է բոլորովին ավելորդ բաներ, մենք ընդհանրապես չենք հասկանում, թե ինչու է այդպես ստացվում»: Ըստ դեսպանի, կառավարությունը պատճառաբանում է իր գործողությունները կայունությունը պահպանելու անհրաժեշտությամբ և մատնանշում է, որ Ադրբեջանը գտնվում է վտանգավոր տարածաշրջանում՝ հավելելով, որ «այս ճակատագրական գործընթացները, բողոքարկիչ դատավարություններն ու կայացված վճիռները տագնապալի են: Ուստի, նոր արդար որոշումները կարող էին հաջողության ցուցանիշ դառնալ: Հաջողություն կարելի կլիներ համարել նաև հարձակումների նվազումը լրագրողների դեմ, երկխոսության վերսկսումը քաղաքացիական հասարակության հետ»:
Մորնինգսթարը հայտարարեց նաև, որ Ադրբեջանի կառավարությունը միատարր չէ, ու կա ուկրաինական իրադարձությունների կրկնվելու վտանգ: Միակ բանը, որ չեն կարողանում հասկանալ Բաքվում՝ կարելի է ընդհանրապես փակել երկիրը, դիվանագիտական առաքելությունները, ՈԿԿ-ները: Կարելի է, բայց միայն վնասը դրանից շատ ավելի մեծ կլինի, քան օգուտը նույնիսկ Իլհամ Ալիևի համար, որը շատ է սիրում կրկնել, թե Բաքուն «որքան ժողովրդավարական ու հանդուրժող քաղաք է»: Լրացնելով վերոնշյալը՝ ասենք, որ ամենահեղինակավոր հետազոտական կենտրոններից մեկը՝ The Economist Intelligence Unit-ը ներկայացրեց ավանդական ամենամյա զեկույցը աշխարհի երկրներում բիզնես միջավայրի մասին: Ըստ զեկույցի, Ադրբեջանի դեպքում այդ պայմաններն անբավարար են, այն գտնվում է Պակիստանի հետ հարևանությամբ:
Կենտրոնն իր հետազոտություններն անցկացնում է 5 տարին մեկ: Առաջատար կորպորացիաներն ու բիզնես վերնախավն ուսումնասիրում են այս կազմակերպության հետազոտության արդյունքները ներդրումներ անելիս այս կամ այն երկրում:
Եվ վերջինը. «Իրական բարեփոխումներից հրաժարվելն Ադրբեջանի նման երկրներում հղի է քաղաքական համակարգի մարումով և նույնիսկ պետության փլուզմամբ»,- ասել է «Թուրան» գործակալությանը հայտնի ամերիկացի վերլուծաբան Կառլ Ռադերը՝ մեկնաբանելով Ալիևի վարչակազմի ներկայացուցիչների արտահայտությունները դեսպանի հարցազրույցին ի պատասխան:
Եվրամայդան կանխատեսելով Ադրբեջանում` «իրականում ԱՄՆ դեսպանը ոչ մի նոր բան չի ասել, իսկ հարցազրույցը բավականին անմեղ էր: Անձամբ իմ արձագանքը հարցազրույցին այն էր, որ դեսպանի մտորումները բավականին խելամիտ են, բայց ոչ մի բանով աչքի չեն ընկնում, ուստի վրդովմունքը զարմացրեց: Սակայն, պետք է հաշվի առնել այդ պաշտոնյաների աշխարհահայացքը, իսկ ավելի ճիշտ, հետապնդման նրանց իռացիոնալ զգացողությունը»,-ասել է Ռադերը:
«Երգչախմբի» մյուս անդամների՝ Արազ Ազիմովի, Ալի Հասանովի ո Ռամիզ Մեհտիևի ելույթները կանխատեսելի էին, ներառյալ ԱՄՆ դեսպանին ուղղված մեղադրանքները Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու վերաբերյալ: Այդ մարդկանց համար ՈԿԿ-ների առկայությունը, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ կողմից, դավադրություն են թվում, որի նպատակն է խարխլել Ալիևի կառավարության հիմքերը: Պարադոքսն այն է, որ Մորնինգսթարը առանձնապես անկեղծ էլ չէր մարդու իրավունքների հարցում դեսպան աշխատելիս: Հակառակը, նա զուսպ էր, հավասարակշռված, սակայն վերջերս երկկողմ հարաբերությունները «գրգռող» գործոնները շատ ավելի են, քան Բաքվում նրա պաշտոնավարման տարիներին»,-ասել է Ռադերը: