Զբոսայգու տարածքում ներկայացված ժայռապատկերները բերվել են Սիսիանի շրջանի Ուխտասար հնավայրից և թվագրում են Ք.Ա. II հազարամյակով: Դրանք ներառված են Պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (համարանիշը` 1.8/11):
2000-ականների սկզբին այգու ու Գայի պողոտայի եզրին կրպակաշար տեղադրվեց, որը ժայռաբեկորները մեկուսացրեց փողոցի կողմից: Այգում չկա ոչ մի ցուցանակ, պահպանվող հուշարձանի կարգավիճակի մասին ոչ մի հիշեցում, և սովորական անցորդի համար դա կարող է դիտվել որպես սովորական անհրապույր քարակույտ…
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի բաժնի գիտաշխատող, աստղագետ, ժայռապատկերաբան Կարեն Թոխաթյանը PanARMENIAN.Net-ին ներկայացրեց ժայռապատկերների ու դրանց` Երևանում հայտնվելու պատմությունը:
Ի դեպ, ի սկզբանե դրանք եղել են 8-9 հատ, սակայն մնացել են 4-ը: 2010-ի առկա ժայռապատկերներից մեկը (որը, ի դեպ, հրատարակված է 1970-ին Կարախանյանի և Սաֆարյանի հեղինակած գրքում` №42) նույնպես անհետացել է:
2010-ին առկա ժայռապատկերներից մեկը, որ հիմա չկա
Ժայռապատկերներ
Նախնադարի մշակույթն առավել ակնառու և վառ կերպով ներկայացնում են ժայռապատկերները, որոնք մարդկության վաղնջական մտածողության ու գործունեության պատկերագրական դրսևորումներն են: Ժայռապատկերումը հայոց մշակույթի անքակտելի մասն էր, հատկապես` նախագրային ժամանակներում: Նախնյաց քարեղեն «մատենադարանի» բյուրավոր դրոշմյալ էջերը պահպանել են հնադարի շունչն ու ոգին: Հայոց աշխարհի ժայռապատկերները տասնյակ հազարներով սփռված են Հայկական լեռնաշխարհի և շրջակայքի բարձրալեռնային, ալպիական գոտու քարակուտակներում` 2000-3300 մ բարձրությամբ: Հայաստանի ժայռապատկերները բազմազան են ու ընդգրկված տարբեր թեմատիկ խմբերում: Ժայռարվեստի հուշարձաններում պատկերված է Հայաստանի ֆաունայի ամբողջ հարստությունը` վերարտադրված են ժամանակի կենդանական աշխարհի ներկայացուցիչների` բեզոարյան այծի, մուֆլոնի, հովազի, արջի և այլ կենդանիների պատկերներ: Շատ են նետ ու աղեղով, տեգով, նիզակով, վահանով զինված որսորդների, մարտի, մարզական, պարային տեսարաններ ու հնարքներ ցուցադրող ժայռապատկերները: Դրանցում ներկայացված են նախնադարի մարդու կյանքն ու կենցաղը, զբաղմունքը, պաշտամունքն ու ծեսը, պատկերացումները: Խորհրդանիշերի թվում կան նույնիսկ տառանման նշաններ: Նոր Նորքում ներկայացված ժայռապատկերների վրա, օրինակ, հստակ երևում են մարդու, այծի ուրվագծերը:
Ժայռապատկեր (պետրոգլիֆ) եզրը ծագում է հունարեն πετροσ - քար և γλυφη - փորագրել, քանդակել բառերից: Դրանք քարե անմշակ մակերևույթին արված հնագույն պատկերներ են. ժայռի ու ժայռաբեկորի մակերեսին ամուր գործիքով արված փորագրություն, կամ քարանձավի պատին, առաստաղին հանքային և օրգանական ներկերով արված նկար: Հնագույն ժայռապատկերները վերաբերվում են հին քարե դարին, վերջինները՝ միջնադարին:
Հայագետ Համլետ Մարտիրոսյանը 2008-ին հրատարակված իր «Հայկական ժայռապատկերների և հին աշխարհի գրային համակարգերի ծագումնաբանական առնչությունները» հոդվածում գրում է.
«Պատմական Հայաստանի տարածքի այսօր հայտնի և ծագումնաբանորեն ամենահին ու ամբողջական հնագիտական նյութը ժայռապատկերներն են: Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներն իրենց ծավալով, կատարման տեխնիկայով, նշանների բազմաքանակությամբ ու սյուժեների բազմազանությամբ աշխարհում նմանակը չունեն: Միաժամանակ, հայկական ժայռապակերների որոշ առանձնահատկություններ թույլ են տալիս ենթադրել, որ ժայռապատկերային նշանները գործածվել են որպես գիր, իսկ ամբողջական կոմպոզիցիաներն ունեցել հոգևոր և ծիսական նշանակություն»:
Երբ և ով բերեց Երևան
1960-ական թվականներին հնագետ-պատմաբան Գրիգոր Կարախանյանը ձեռնամուխ է լինում հայագիտության մեջ սակավ ուսումնասիրված հնագույն ժայռապատկերների ուսումնասիրությանը: Այդ տարիներին` 1963-69 թթ., ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղարը Պավել Սաֆյանն էր` Կարախանյանի համակուրսեցին: Նրանք լայնածավալ ուսումնասիրություններ են իրականացնում Ուղտասար և Ջերմաջուր անունը ստացած հնավայրերում: Արդյունքում 1970-ին հրատարակվում է 805 ժայռապատկեր ընդգրկող «Սյունիքի ժայռապատկերները» ծավալուն աշխատությունը՝ (Պ. Սաֆյանի հեղինակակցությամբ):
Ծովի մակերևույթից 3000-3300 մ բարձրության վրա, լճի ափերին պահպանված է մոտ հազար ժայռապատկեր, որոնք թվագրվում են Ք.Ա. V-II հազարամյակներով: Տեղանքը գտնվում է Սիսիանից 15 կմ հյուսիս, Ծղուկ լեռան (3258 մ) արևմուտքում: Կարախանյանի և Սաֆյանի գրքում նշված Ուղտասար տեղանվան մասին Ժայռապատկերաբան Կարեն Թոխաթյանը նշում է, որ ուսումնասիրողները հավանաբար, հարցրել են այնտեղ ժամանակին ներխուժող քոչվորներից, որոնք երկգագաթ լեռն ուղտի էին նմանեցրել:
«Աշխարհի բոլոր երկգագաթ սարերն էլ ուղտանման են: Իսկ իրականում, դա պետք է Ուխտասար եղած լինի՝ ի նշան դեպի ժայռապատկերները հեռավոր անցյալում կատարվող ուխտագնացության»,- նշում է Թոխաթյանը:
1972-ին Պավել Սաֆյանը նշանակվում է Երևանի նորաստեղծ` Խորհրդային շրջանի, այժմ` Նոր Նորք թաղամասի կուսշրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնում, որը զբաղեցնում է ավելի քան 11 տարի` նպաստելով թաղամասի կայացմանը, զարգացմանը, կառուցմանն ու առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը:
Հենց այդ տարիներին (ենթադրվում է` պաշտոնավարման առաջին 2-3 տարում) Սաֆյանի նախաձեռնությամբ Ուխտասարի ժայռապատկերներից մի քանիսը (հստակ թիվը հայտնի չէ) հետաքրքրվողներին հասանելի դարձնելու նպատակով բերվել են քաղաք և Նոր Նորքի այգիներից մեկում դրվել ցուցադրության բաց երկնքի տակ:
Ժայռապատկերների ուսումնասիրմամբ զբաղվող որոշ գիտնականներ կարծում են, որ դրանց մի մասը գովազդի յուրահատուկ նախատիպն է. որսորդը նշել է, թե, օրինակ, քանի այծ է որսացել տվյալ տեղանքում և ինչի հետ կփոխանակի:
Կարեն Թոխաթյանը համոզված է, որ ժայռապատկերները, վիշապաքարերը և այլ հնագույն արժեքները Երևան բերելն արդեն իսկ սխալ էր. «Ընդհանրապես, չի կարելի հնագիտական հուշարձանը տեղից պոկել, այն իր տեղում է արժեքավոր: Նրանք ունեն դիրքային կողմորոշում, մարդու կողմից տեղանքի իմաստավորման մասն են կազմել, արտահայտելով մեր նախնիների աշխարհայացքային ընկալումները: Այս ժայռապատկերներն իրենց տեղում միմյանցից եղել են 5-10 մ հեռավորությամբ, թեմատիկ և իմաստային խումբ են կազմել: Գուցե այն ժամանակ իրար հետ «խոսում էին» դրանք: Զգալի է խոսքին հատուկ իմաստային կապակցվածությունն ու հաջորդականությունը՝ թե մեկ պատկերում, և թե պատկերախմբի սահմաններում: Սա ժայռապատկերային պատկերագրական մշակույթը մերձեցնում է մտքի արտահայտման խոսքային՝ պատմողական, նկարագրողական ձևերի հետ: Այս առումով՝ ժայռապատկերը գիրք է և գրադարան, որի էջն իմաստազրկվում է պոկելիս, մնում առանց իր ուրույն գիտական արժեքի»:
Ուր կորան ԵՊՀ բակի ժայռապատկերները
Նոր Նորքում ներկայացված ժայռապատկերները միակը չէին Երևանում: ՀՀ կառավարության 2007-ի մարտի 15-ի N 385-Ն որոշմամբ «Մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում» նշված են նաև Երևանի պետական համալսարանի բակի երկու ժայռապատկերը (մ.թ.ա. V-III հազարամյակ), համարանիշ` 1.6/90.1:
Փորձեցինք գտնել ու նկարել նաև այդ ժայռապատկերները, բացահայտել` ինչ ճանապարհով և երբ են բերվել Երևան… սակայն ապարդյուն. դրանք այլևս նախկին տեղում չէին: Անգամ պատկան մարմինները չգիտեն, թե կոնկրետ որտեղ են. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը հուշեց մի քանի հավանական հասցե, սակայն մեր փնտրտուքներն անարդյունք մնացին: ԵՊՀ Հնագիտական հետազոտությունների լաբորատորիայում նույնպես տեղյակ չեն…
Ճշմարտությանն ամենամոտ ենթադրությունը` այգու վերջին բարեկարգման ժամանակ բանվորները, հավանաբար, չնկատելով ժայռապատկերները, դեն են նետել բազալտե քարերը, կամ էլ դրանք արդեն օգտագործվել են ինչ-որ շինարարության մեջ: Չի բացառվում նաև, որ տեղափոխվել են ավելի ապահով վայր, սակայն դեռ ճշտել է պետք:
Համալսարանի բակի ժայռապատկերը 2007-ին
PanARMENIAN.Net-ը կշարունակի ԵՊՀ բակի կորած ժայռաբեկորների փնտրտուքը, գուցե ի վերջո այժմյան գտնվելու վայրը բացահայտենք…
«Մեր ժայռապատկերների մեծ քանակությունը, թեմատիկ հարստությունն ու տեսականին արդյունք են նպատակային գործունեության այս` ժայռափորագրման ոլորտի հանդեպ նախնյաց ցուցաբերած հատուկ՝ սրբազնացված ու ակնածալի վերաբերմունքի...»,- նշում է Կարեն Թոխաթյանը:
Սակայն այսօր այդ «սրբազնացված ու ակնածալի վերաբերմունքի» հետքն էլ չի մնացել, և «հատուկ պահպանման ցուցակում» ներառված լինելն անգամ ոչինչ չի նշանակում: Յուրաքանչյուր պատմական հուշարձան մի օր կարող է պարզապես հռչակվել «հանրային գերակա շահ» և օտարվել, կամ էլ, որ ավելի վատ է, անհետ կորել…