23 հուլիսի 2014 - 16:22 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
«Կիրը անց ես կացրել». Կիրանցի վանքը, XIII դար
Հայկական քաղկեդոնական ճարտարապետության գլուխգործոց համարվող Կիրանցի վանքը Վրաստանի կողմից վիճարկվող սրբատեղիներից մեկն է
Կիրանց (մինչև 1967-ը` Գետաշեն) գյուղը գտնվում է Տավուշի մարզում` Ւջևանից 18 կմ հյուսիս, Կիրանց-ջուր վտակի ձախ ափին ընկած հարթավայրում։ Հիշատակվում է VII դարից` Կանեն անունով։ Կիրանցից արևմուտք գտնվում է Կիրանցի վանքային համալիրը (XIII դ.)` բաղկացած աղյուսաշեն, սրբատաշ քարե ծածկերով երեք եկեղեցուց, սրահ-գավիթներից, սեղանատնից, հարավից` բնակելի և տնտեսական շենքերից, կամարակապ մեծ դարպասով պարսպից։

Ժողովրդական ավանդության համաձայն, հուշարձանը կառուցող քարագործ վարպետը շատ ընդունակ աշակերտ է ունենում, որը մեն-մենակ կառուցում է վանքը։ Ավարտելուց հետո կանչում է վարպետին` իր առաջին աշխատանքը գնահատելու։ Վանքն այնքան փառահեղ է լինում, որ անվանի վարպետը նախանձում է իր աշակերտին և աշխատում է որևէ թերություն գտնել, բայց չի կարողանում։ Երկար մտածելուց հետո, ասում է. «Կիրը անց ես կացրել», այսինքն` կիրը շատ է օգտագործել, ինչը նշանակում է, որ վանքն ամուր չէ: Հուսահատ աշակերտն այդ մտքից ինքնասպան է լինում: Այդտեղից էլ վանքի անունը մնում է Կիրանց:

Կիրանցի վանքի հարակից տարածքում է գտնվել Մեծ Կունեն բավական խոշոր բնակավայրը։ Վանքի ստեղծման ժամանակ այստեղ բնակվել են քաղկեդոնություն ընդունած հայեր։ Համալիրի գրեթե բոլոր կառույցները աղյուսաշեն են, և այդ տեսակետից հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից է։ Եկեղեցու հատակագծային ձևերը, համաչափությունները և դեկորատիվ-գեղարվեստական միջոցները թույլ են տալիս պնդել, որ վանքային համալիրը կառուցվել է 1200-ական թվականներին։ Գլխավոր եկեղեցու հարևանությամբ գտնվող երկու այլ եկեղեցիները նույնատիպ են, բայց ավելի փոքր չափերով։ Բոլոր երեք եկեղեցիների դռները բացվում են արևմտյան կողմի կամարակապ սրահից։

Վրաստանի անհիմն հավակնությունները

Հայկական քաղկեդոնական ճարտարապետության գլուխգործոց համարվող Կիրանցի վանքը մեկն է Վրաստանի կողմից վիճարկվող 10 սրբատեղիներից, որոնք, չնայած բացառիկ նշանակության, որևէ հատուկ հոգատարութան չեն արժանանում: Վրաստանը պարբերաբար փորձում է յուրացնել քաղկեդոնական շրջանի 10 հայկական վանքերը: Վրաց պաշտոնյաները, եկեղեցապետերն ու մամուլը պարբերաբար անդրադառնում են հարցին` վանքերի բարձիթողի վիճակը դարձնելով հիմնական խաղաքարտ:

Արևելյան ժողովուրդների շրջանում բյուզանդական կայսրության քաղաքականության ազդեցության տարածման և ամրապնդման համար 451թ. Կոստանդնուպոլսի արվարձան Քաղկեդոնում գումարվում է տիեզերաժողով, որին Հայաստանի հոգևոր դասի որևէ ներկայացուցիչ չի մասնակցում: Ժողովում ընդունվում է Հիսուս Քրիստոսի երկու բնույթի մասին դավանաբանական ուսմունքը (երկբնակներ): Չնայած նրան, որ հայերը Քրիստոսի միաբնակության դավանանքի հետևորդն էին, սակայն Բյուզանդիայի վարած պայքարը տալիս է սպասված արդյունքը: 607թ. վրացիները, մերժելով հայ միաբնակ եկեղեցու վարդապետությունը, ընդունում են քաղկեդոնականություն, և ապա 630թ. Ամենայն Հայոց Եզր Կաթողիկոսի գլխավորությամբ՝ նույնն անում են նաև հայերը:

Եզր Ա Փառաժնակերտցի (630-641) Կաթողիկոսից մինչև Հովհան Օձնեցի Կաթողիկոսի գահակալության սկիզբը 85 տարի շարունակ քաղկեդոնականությունը երկրում տիրապետող դավանանքն էր: Իրավահաջորդ հայ-քաղկեդոնական հովվապետերի գահակալության ընթացքում Հայաստանում կառուցվում են հայ-քաղկեդոնական գաղափարաբանության դրոշմը կրող շինություններ, որոնք դարեր անց ընդհանրացվելով, արժևորվել և բնութագրվել են որպես հայ ճարտարապետության ոսկեդարյան հուշարձաններ:

726թ. Օձնեցին Մանազկերտում գումարում է եկեղեցական ժողով և մերժում քաղկեդոնականության ուսմունքը: Սակայն նախքան Կաթողիկոսության մակարդակով քաղկեդոնականության ընդունումը՝ բյուզանդածես եկեղեցու ազդեցությունը կրող առանձին գավառներն ու համայնքները ոչ միայն չէին վայելում միաբնակ դավանաբանական ուսմունքի մեջ դեռևս անսասան մնացած Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությունը, այլև անտեսված ու մերժված էին:

Հարակից Վրաստանն անմիջապես իր հովանավորությունն է առաջարկում դավանաբանական անջրպետով միաբնակ ազգականներից մեկուսացած հայերին: Այդ պատճառով մինչև քաղկեդոնականության` Կաթողիկոսության մակարդակով ընդունումը, այդ շրջաններում գրավոր պաշտոնական լեզուն վրացերենն է եղել: Եվ արձանագրություններն էլ կառույցների, եկեղեցիների որմերին վրացերենով է եղել:

Այժմ վրացական կողմի պահանջների գլխավոր հիմնավորումն այն է, որ 10-13-րդ դդ. եկեղեցիների գրառումների մեծ մասը վրացերենով է: Ընդ որում, մոռացության է մատնվում այն հանգամանը, որ այդ շրջանում հայ-քաղքեդոնականների պաշտոնական լեզուն վրացերենն էր։ Այդպես որ, այդ գրառումները չեն կարող սրբավայրերը Վրացական եկեղեցուն վերադարձնելու մասին վրացական կողմի պահանջների հիմնավորում ու առիթ հանդիսանալ:

Ճարտարապետությունը

Համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, սեղանատնից և մի քանի տնտեսական շենքերից՝ բոլորը շրջապատված պարիսպներով։

Գլխավոր եկեղեցին ունի քառանկյուն հատակագիծ, արևելյան կողմում կիսաշրջան աբսիդով և մեկական ավանդատնով։ Ծածկը կառուցված է երկու մույթերը և ութ որմնամույթերը միմյանց կապող կամարների միջոցով, որոնց վրա բարձրանում է գմբեթի ութանիստ բարձր թմբուկը՝ պսակված սրածայր վեղարով։ Արտաքին ու ներքին ճարտարապետության մեջ գերիշխող են ուղղաձիգ համաչափությունները, որոնց նպաստում են նաև ծածկերի սլաքաձևությունը, գմբեթի թմբուկի և վեղարի ձգվածությունր և այլն։

Գլխավոր եկեղեցին հայտնի է նաև իր գեղարվեստական հարդարանքներով։ Պատերը ներսից սվաղված են կրաշաղախով, որոնց վրա պահպանվել են հոյակապ որմնանկարներ՝ վրացատառ և հունատառ մակագրություններով, որը վկայում է եկեղեցու հայ քաղքեդոնականներին պատկանելը։ Թմբուկի միջին հարթությունը և պատուհանների շուրջը երեսապատված են երկնագույն շքաղյուսներով։ Եկեղեցու հատակագծային ձևերը, համաչափությունները և դեկորատիվ գեղարվեստական միջոցները վերագրվում են պարսկական տիրապետության վաղ շրջանին։

Բոլոր երեք եկեղեցիների դռները բացվում են արևմտյան կողմի կամարակապ սրահից։

Սեղանատունը վանքի ուշագրավ աշխարիկ հուշարձաններից է, կառուցված է եկեղեցիների խմբից արևմուտք, հյուսիսային պատով կից է սարալանջին, կառուցված է անձև գետաքարերից և ավազաքարերից՝ շարված կրաշաղախով։ Նույն շինանյութերով է կառուցված նաև դրա թաղածածկը։ Բավականաչափ ընդարձակ մի դահլիճ է, որն արևելյան կողմից ունի մեկ դուռ։ Դահլիճը լուսավորվում է հարավային և արևելյան պատերի մեջ բացված պատուհանով։ Սեղանատան ներսը նույնպես սվաղված է եղել կրաշաղախով և ծածկված որմնանկարներով, որոնք տեղ-տեղ պահպանվել են։ Թաղակապ մի քանի օժանդակ սենյակներ արևմտյան կողմից կից են սեղանատանը։ Պահպանվել են միաբանության բնակարանների մնացորդները, գերեզմանատունը տապանաքարերով և այլն։ Վանքը շրջապատող պարիսպների դարպասը գտնվել է հարավ-արևմտյան կողմում։

Կարո Սահակյան / PAN Photo
ՖՈՏՈՇԱՐՔ