Հենց դրա համար էլ շատերն էին հավատացել այս կինոնկարը ստեղծելու նրա ունակությանը՝ հաշվի առնելով միջազգային հզոր թիմը, որը նա ունի. իմիջիայլոց, այդտեղ նաև երկու ռուս համառեժիսոր է աշխատել՝ Ռուբեն Դիշդիշյանն ու Արամ Մովսեսյանը: Դրա կազմում էր նաև գերմանացի պրոդյուսեր Կարլ Բաումգարտները, որը մահացավ նախքան պրեմիերան, Նահանգներից վետերան-սցենարիստ Մարդիկ Մարտինը (նա Աքինին ծանոթացրել էր իր ընկերոջ՝ Մարտին Սկորսեզեի հետ, որն էլ «օրհնել» էր ֆիլմը), լեհ նկարիչ-բեմադրող Ալան Ստարսկին, որը ժամանակին աշխատում էր «Շինդլերի ցուցակի» ու «Դաշնակահարի» վրա, երիտասարդ ֆրանսիացի Թահար Ռահիմը, որը «Մարգարե»-ում դերից հետո դարձել է Եվրոպայում ամենաերիտասարդ դերասաններից մեկը: Ու շատ շատերը: Այդ ամենը նկարահանվում էր 35 մմ տեսախցիկով, առանց որևէ թվային տեխնիկայի գործածման: Եվրոպական ֆիլմի համար բավականին մեծ բյուջե էին հավաքել. դեկորացիաները ոչ թե համակարգչով են նկարել, այլ կառուցել իրականում: Նկարահանումներն անցել են ամբողջ աշխարհով մեկ՝ Հորդանանում, Մալթայում, Կանադայում, Կուբայում: Այս ցուցակը միայն մասամբ է պատկերում գլխավոր հերոսի ճանապարհորդության մտահնարությունը: Ռահիմը ոչ պատահական՝ Նազարեթ անունով հերոսի է մարմնավորում, որը 1915-ի կոտորածների ժամանակ կորցրել է ընտանիքն ու հիմա հուսով է գտնել, ինչպես պարզվել է, ողջ մնացած երկվորյակ-դստրերին:
Այո, սցենարը նույնպես շատ խելացի է կանխամտածվել, ամբողջովին համապատասխանում է Բորխեսի պատգամին, որը պատմողների ֆանտազիան սահմանափակել էր 4 հիմնական պատմությամբ: Այստեղ, պարզից էլ պարզ է, որպես բազային վերցված է Ոդիսևսի պատմության սյուժեն, չնայած Նազարեթի Իթակեն վիտուալ է ու ընդհանրապես չի առնչվում վաղուց լքված Հայաստանին, ուր նա չի պատրաստվում վերադառնալ, իսկ նպատակն ընտանիքի վերամիավորումն է:
Պատմելով այս ամենը՝ անխուսափելիորեն հասնում եմ ամենակարևորին: Չնայած գործադրած ջանքերին՝ «Սպին» չի ստացվել: Գլխավոր խնդիրը՝ ամբողջ աշխարհին ստիպել կարեկցել ցեղասպանության զոհերին ու նրանց ժառանգներին, լուծված չէ: Նրանք, ովքեր անտեղյակ են, ուղղակի չեն հասկանա, թե ինչ է եղել. չհաշված դրվագներից մեկը, անմիջապես ջարդերը ֆիլմում ցուցադրված չեն, դրանց պատճառների մասին աղոտ ասվում է սկզբնական ենթագրում, իսկ սոցիալական ու քաղաքական հետևանքներն ուղղակի բաց են թողնված: Դե իսկ նրանք, ովքեր տեղյակ են (չնայած, իհարկե, թիրախային լսարանն այդ մարդիկ չեն), կարող են հեղինակներին պահանջներ ներկայացնել՝ համարելով նրանց ֆիլմն «անհամարձակ կիսամիջոց»: Դահիճները, իրոք, չեն դատապարտվում, զոհերի համար վրեժ չի լուծվում: «Սպիի» ցուցադրության ժամանակ հանդիսատեսի երկու խումբ կարտասվի՝ զգայուն տնային տնտեսուհիներն ու նրանք, ում մտերիմները տուժել կամ զոհվել են հարյուր տարի առաջ: Բայց դա բավական չէ: Պետք է, որ լացեն բոլորը:
Աքինը, հավանաբար, «զոհ է գնացել»՝ փորձելով միանգամից բոլորի հետ խոսել ունիվերսալ լեզվով խոսել բառի բուն իմաստով. «Սպիում» կա թե թուրքերեն, թե արաբերեն, բայց առավել հաճախ հերոսները միմյանց հետ խոսում են անգլերենով, ինչը բավականին ծիծաղելի է (ամեն դեպքում, մինչև գործողությունների՝ ԱՄՆ տեղափոխվելը): Այդ նույն պատճառներով ռեժիսորը խուսափել է քաղաքական նյուանսներից, առանց որոնց հնարավոր չէ հասկանալ դժբախտության դրդապատճառը, ու փորձել է հնարավորինս քիչ ցույց տալ դաժան տեսարաններ՝ Ռուսաստանում, հավանաբար, ֆիլմը կթողարկվի «12+» նշումով: Այդ ամենը տանում է դեպի հեռավոր անցյալի պայմանական կինոմատոգրաֆ, որով ոգեշնչվել է ռոմատիկ Աքինը: «Սպիում» նույնիսկ ուղիղ մեջբերում կա Ջոն Ֆորդի «Որոնողներից»: Խնդիրն այն է, որ այսօրվա հեռուստադիտողի համար, միայն եթե նա հնարամիտ սինեֆիլ չէ, դա չափազանց քիչ է:
Ինչ-որ տեղ կարելի է այնուամենայնիվ շատ ջանք գործադրած Աքինի ուսերից հանել ֆիլմի անհաջողության բեռը: Հենց դրա անվանումը, որը նաև կենտրոնական փոխաբերությունն է, չափազանց ճիշտ է ընտրված: Թուրքը, որին կարգադրված է սպանել Նազարեթին, չի կարողանում ավարտին հասցնել այդ ահավոր գործը՝ նա վնասում է հայի վիզը՝ վիրավորելով նրան, բայց մութն ընկնելուց հետո հետ է գալիս, որ փրկի նրան: Արդյունքում Նազարեթը համրանում է, ընդմիշտ կորցնում ձայնը: Հայոց ցեղասպանությունը լռության հսկայական ֆիգուր է, որն արդեն մեկ դար է՝ սպիտակ հետքի պես դաջվել է ժամանակակից պատմության մեջ, ու կինոմատոգրաֆը մինչև հիմա չի կարողացել փոխել դա: Նույնիսկ ավելի վատ՝ բավական է ինչ-որ մեկը սկսի աշխատել այդ թեմայի վրա, ու նրան անհաջողություն է սպասում: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի խորամանկ փորձը կոտորածի դեպքերը տեղավորել նկարահանվող ֆիլմի կոնտեքստում նրա «Արարատ»-ը չափազանց երկակի դարձրեց. այդ աշխատանքից հետո գրեթե յուրաքանչյուր ժամանակակից մոդայիկ ռեժիսորի հաջորդ աշխատանքն ավելի թույլ էր ստացվում: 5 տարի անց Թավիանի եղբայրները նորից անդրադարձան ցեղասպանության թեմային «Արտույտների ագարակում»՝ անհարմար, բայց միևնույն ժամանակ սրտաճմլիկ ֆիլմում: Կինոմատոգրաֆի պատմության մեջ ոչ թե հրապարակախոսական, այլ գեղարվեստական ոճում այդ թեմային անդրադառնալու ամենահաջող փորձն այդպես էլ մնաց 1969-ին Արտավազդ Փելեշյանի նկարահանած «Մենք»-ը: Բայց այսօր այն, ցավոք, քչերն են տեսել:
Որոշ բաներ փոխվում են՝ դանդաղ, քիչ-քիչ, անվերադարձ: Այսօր դժվար հնարավոր լիներ «Շինդլերի ցուցակը»՝ ֆիլմ, որն իր վեհանձնություն մեջ միտումնավոր միամիտ է ու գրեթե հեքիաթային: Այն մնաց նախորդ դարում: «Դաշնակահարը», որտեղ արդեն տեղ չէր մնացել հրաշքի համար, ու միայն գոյատևման համար աշխատանք էր տարվում, նույնպես նախորդ դարում է: Այսօր, երբ աշխարհի վրա պատերազմի ուրվականներ են թռչում, որոնք գնալով ավելի նյութական են դառնում, քչերն են հավատում քավությանն ու ներմանը: Ժամանակակից լեզուն, որով կարելի է խոսել նման թեմաների մասին, ցույց է տրված Act of Violence-ում ու դոկումենտալիստ Ջոշուա Օպենհայմերի նորագույն The Look of Silence-ում, որը Վենետիկի այս փառատոնում Աքինի մրցակիցն էր: Դա ամոթի, ցավի ու անշրջելիության լեզուն է: Այն happy end-ի հնարավորություն չի տալիս:
Այնուամենայնիվ, «Սպիում» մի քանի ուժեղ տեսարան կա, ու դրանցից մեկը գլխավոր հերոսի ծանր ճակատագրում իրական հրաշքի բացառիկ պահերից է: Հալեպի հրապարակում նա առաջին անգամ հայտնվում է բաց երկնքի տակ անցնող կինոդիտմանը: Փախստականների ամբոխը, ծիծաղելով ու լացելով, դիտում է Չապլինի ֆիլմերից մեկը, ու համրացած Նազարեթն այդ րոպեներին դադարում է իրեն վտարանդի զգալ, երջանկությանը նման ինչ-որ զգացում ապրում: Հենց այստեղ էլ նա հանդիպում է իր նախկին օգնականին, որն էլ իրեն հայտնում է, որ իր դստրերը ողջ են: Ֆաթիհ Աքինը, կարծես, անկեղծ հավատում է անհնարինի հանդեպ հավատը հետ բերելու կինոմատոգրաֆի ունակությանը: Հետաքրքիր է, արդյոք շատերը կկարողանան ու կուզեն կիսել այդ հավատը: