17 սեպտեմբերի 2014 - 13:03 AMT
ՀՈԴՎԱԾ
Շոտլանդիան ու Ղարաբաղը. Ինչո՞ւ են Լոնդոնի գործողություններն ավելի կարևոր, քան հանրաքվեի ցանկացած արդյունք
Ի տարբերություն ադրբեջանցիների, անգլիացիներն՝ այդ տարօրինակ մարդիկ, չեն հայտարարում թե շոտլանդացիները եկվորներ են, չեն ոչնչացնում շոտլանդացիների մշակույթը
Սեպտեմբերի 18-ին շոտլանդացիները կորոշեն Մեծ Բրիտանիայի ապագան. կմնա՞ տարածաշրջանը Միացյալ Թագավորության կազմում, թե կգնա բարդ, բայց այդքան բաղձալի անկախության ճանապարհով: Շոտլանդացիների քվեարկությունից առաջ Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում տարբեր կարծիքներ ու կանխատեսումներ են հնչում այն մասին, թե ինչպես հանրաքվեի արդյունքները կանդրադառնան ղարաբաղյան կարգավորման վրա, արդյո՞ք արդյունքները հաղթաթուղթ կդառնան կողմերից մեկի ձեռքին:

Սակայն, ղարաբաղյան հակամարտության կողմերի համար կարևորը նույնիսկ հանրաքվեի արդյունքները չեն, այլ դրա անցկացման բուն փաստը այդպիսի մթնոլորտում: Ամբողջ հետխորհրդային տարածքում՝ Ադրբեջանից ու Վրաստանից մինչև Ուկրաինա, «սեփական» տարածքի կորուստն ընկալվում է ագրեսիայով և դրան կոպիտ ուժ հակադրելու մղումով: Իսկ համաշխարհային առաջատարներից մեկը, հակառակը, շատ հանգիստ է ու զիջող՝ դրանով իսկ նվազագույնի հասցնելով իր իսկ կորուստները:

Ի տարբերություն ադրբեջանցիների, անգլիացիները, տարիներով իմանալով Շոտլանդիայի անջատողական մղումների մասին, չէին ձերբակալում առաջնորդներին ու ոգեշնչողներին: Այդ տարօրինակ մարդիկ չեն հայտարարում թե շոտլանդացիները եկվորներ են, չեն ոչնչացնում կամ իրենց վերագրում շոտլանդացիների մշակութային ժառանգությունը: Շոտլանդացիների ջարդեր չէին կազմակերպում Լիվերպուլում և Մանչեսթերում: Նրանք չէին վտարում շոտլանդացիներին թագավորության մյուս հատվածներից, շրջափակման մեջ չէին առնում նրանց, ամիսներ շարունակ չէին ռմբակոծում Էդինբուրգը և այլն: Որպես հետևանք, անգլիացիները չպարտվեցին իրենց իսկ սանձազերծած պատերազմում, չկորցրեցին Շոտլանդիային հարող տարածքները, «փոխարենը» ստանալով հարյուր հազարավոր փախստականներ, անգլիացի սպաները չկացնահարեցին քնած շոտլանդացի սպաներին, իսկ Դևիդ Քեմերոնը պատերազմով չի սպառնում թվիթերում: Մի խոսքով այդ տարօրինակ անգլիացիներն ամեն ինչ արեցին ոչ այնպես, ինչպես ադրբեջանցիները՝ ընդունեցին, որ շոտլանդացիներն ինքնորոշվելու իրավունք ունեն, խուսափեցին հազարավոր զոհերից ու ավերածություններից, և արդյունքում ստացան երկու Շոտլանդիա: Մեկը երազում է ինքնիշխանության վերածննդի մասին, մյուսը՝ լոյալ է Լոնդոնի հանդեպ և դժգոհ հնարավոր անջատումից: Եվ այդ երկրորդ՝ մեծ ու հզոր խմբի հետ, Էդինբուրգը, անկախանալու դեպքում, ստիպված է լինելու հաշվի նստել՝ ուզի, թե չուզի:

Ավելին, այդ անհասկանալի անգլիացիները խոստացել են շոտլանդացիներին ընդլայնել ինքնիշխանությունը, եթե տարածաշրջանը «ոչ» ասի անկախությանը: Պարտության դեպքում անջատողականների ինքնասիրությունն ոտնահարելու փոխարեն, Լոնդոնը խոստանում է ընդառաջել պարտվածների պահանջներին: Նրանց համար, ով սովոր է հարցերը կացինով լուծել, դա երկչոտություն է, Լոնդոնի համար՝ դժգոհ բնակչության չեզոքության մակարդակը բարձրացնելու քաղաքականություն:

Իսկ չէ որ, եթե Բաքուն այլ կերպ ամեն ինչ աներ՝ առանց ագրեսիայի, ատելության ու հեգնանքի, նա գուցե «իր» այլ Ղարաբաղն ունենար՝ Բաքվի ու Գանձակի հայերի, Ղարաբաղում ադրբեջանական համայնքի, հայ-ադրբեջանական գործարար կապերի, խորհրդային սերնդի մտավորականների տեսքով և այլն: Փոխարենն Ադրբեջանը հայերին պատերազմ, շրջափակում, խաղաղ գյուղերի ամենօրյա գնդակոծություններ, խաղաղ գյուղացիների սպանություններ, քնած մարդուն կացնահարած մարդասպանի հերոսացում «տվեց»:

Ահա թե ինչու են բոլոր հանրաքվեների արդյունքները ղարաբաղյան հակամարտության «կողքով» անցնում: Բաքվում չէին ուզում և այժմ չեն ցանկանում ի դեմս հայերի տեսնել նրանց, ում հետ պետք է պայմանավորվել: «Ամեն ինչ, կամ ոչինչ, կամ դուք, կամ մենք»,-ասում են մեզ ամեն օր՝ տարեցտարի, օրեցօր հայերին կանգնեցնելով այդ ընտրություն առջև: Եվ հայերը ստիպված են ընտրել այն տարբերակը, որտեղ Ադրբեջանի համար ոչինչ նախատեսված չէ: Որպեսզի «մենք» լինենք ի հեճուկս նրանց, ով պարտադրում է մեզ այդ ընտրությունը:

Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net