19 սեպտեմբերի 2014 - 19:06 AMT
ՀՈԴՎԱԾ
Շոտլանդիայի 15 բախտակիցը
Եվրոպայի ու դրա մերձակայքի ամենանշանակալի տարածաշրջանները, որտեղ բնակչությունն անջատվել է կենտրոնի կամքին հակառակ, կամ դեմ չէր լինի անկախանալուն
Սեպտեմբերի 18-ի հանրաքվեում Շոտլանդիան անկախությանը դեմ քվեարկեց: Չնայած դրան, աշխարհում, այդ թվում` Եվրոպայում, տասնյակ տարածաշրջաններ կան, որոնք կցանկանային փոխել սահմանները:

Անջատողական ձգտումներ կան Իտալիայում, Իսպանիայում, Ռումինիայում, Բալկաններում ու նույնիսկ Ֆինլանդիայում: PanARMENIAN.Net-ը հիշել է Եվրոպայի ու դրա մերձակայքի ամենանշանակալի տարածաշրջանները, որտեղ բնակչությունն անջատվել է կենտրոնի կամքին հակառակ, կամ դեմ չէր լինի անկախանալուն:

Հյուսիսային Իռլանդիա

Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու հերթական պոտենցիալ թեկնածուն է: Տարածաշրջանը չառանձնացավ Մեծ Բրիտանիայից Իռլանդիայի մյուս մասի հետ, քանի որ բողոքականներն այնտեղ ավելի շատ էին, քան կաթոլիկները: Սակայն, դա բոլորին չէ, որ դուր է գալիս. էթնոկրոնական հակամարտությունը կղզու հյուսիսային մասում 30 տարվա ընթացքում մոտ 3 հազար մարդու կյանք է խլել: Այս պահի դրությամբ ԻՀԲ խմբավորումը դադարեցրել է ակտիվ մարտական գործողությունները, պայքարն ընթանում է քաղաքական հարթակում: Լոնդոնը հրաժարվում է քննարկել անկախության հնարավորությունը, սակայն կողմնակիցների քանակն աճում է բողոքականների համեմատ կաթոլիկների աճին համարժեք:

Կատալոնիա

Դեռևս Իսպանիայի մաս կազմող այդ տարածաշրջանն իր հանրաքվեն կանցկացնի 2014-ի նոյեմբերի 9-ին: Ի տարբերություն Լոնդոնի, Մադրիդը կատալոնացիների հանրաքվեին շատ խանդով վերաբերվեց՝ հայտարարելով, թե այն ոչ մի իրավական ուժ չի ստանա: Կատալոնացիները պայքարում են անկախության համար արդեն 200 տարի՝ փաստացի, 1714 թ. Բարսելոնայի ճակատամարտում պարտվելուց հետո Իսպանիայի կազմի մեջ մտնելու պահից: Անկախության գաղափարն արմատավորված է կատալոնացիների շրջանում, որոնք միլիոնանոց հանրահավաքներ են կազմակերպում հօգուտ անկախության: Տարածաշրջանի բնակչությունը մոտ 7,5 միլիոն է, տարածքը՝ մոտ 32 հազար քառակուսի կիլոմետր:

Բասկերի Երկիր

Անջատողական նկրտումներով Իսպանիայի ևս մի տարածք 2,2 մլն բնակչությամբ և 7,2 հազար քկմ տարածքով: Տարածաշրջանն Իսպանիայի կազմում հայտնվեց XVI դարեսկզբում, ինքնավարություն ստացավ 1936-ին: XX դարի երկրորդ կեսին ԷՏԱ խմբավորումը զինված պայքար էր մղում անկախության համար, որն ուղեկցվում էր ահաբեկչական գործողություններով և սպանություններով. այն հարյուրավոր մարդկանց կյանք խլեց: Այսօր, սակայն, գործընթացը տեղափոխվել է քաղաքական դաշտ՝ 2012-ի ընտրություններում հաղթեցին ազգայնականները, որոնք հանրաքվե են նշանակել 2015-ին:

Կորսիկա

302.000 բնակչությամբ կղզին գրեթե 250 տարի պատկանում է Ֆրանսիային՝ այս ընթացքում բնակչության զգալի մասը կամ անկախություն է ուզում, կամ ինքնավարություն: XX դարի 70-ականներից գործում է ծայրահեղ աջակողմյան «Կորսիկայի ազգային ազատագրման ճակատը», որը հարձակումներ է կազմակերպում բանկերի վրա, ոստիկանների և իշխանության այլ ներկայացուցիչների դեմ: Կազմակերպության հարձակումների և ահաբեկչական գործողությունների արդյունքում հազարավոր մարդիկ են զոհվել:

Բելգիա

Լինելով Եվրոպայի ամենածաղկուն երկրներից մեկը՝ Բելգիան կարող է տրոհվել Ֆլանդրիայի և Վալոնիայի լեզվական և տնտեսական հակասությունների պատճառով: Պառակտումը հանգեցնում է հաճախակի դարձած կառավարական ու քաղաքական ճգնաժամերի: Առավել ակտիվ անջատման գաղափարին սատարում են ֆլամանդացի ազգայնականները, որոնք հաղթեցին 2010 և 2014 թվականների խորհրդարանական ընտրություններում:

Քրդստան

Քրդերն աշխարհի ամենամեծ ժողովուրդն են, որը սեփական պետություն չունի: Նրանք արդեն մոտ մեկ դար պայքարում են անկախության համար, իսկ նպատակն է անկախ Քրդստանի հռչակումը ներկայիս Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի ու Իրանի զգալի տարածքներում: Այսօրվա դրությամբ դե-ֆակտո անկախ է Իրաքյան Քրդստանը, քրդերի հսկողության տակ են բավականին մեծ տարածքներ Սիրիայում, իսկ Թուրքիայում մարտական գործողությունները ժամանակավորապես դադարեցվել են, այդ թվում՝ տնտեսական նկատառումներով. քրդական նավթը համաշխարհային շուկա է դուրս գալիս Թուրքիայի նավահանգիստներով:

Նովոռոսիա

Ուկրաինայի պայմանականորեն «ռուսական» և ուկրաինամետ շրջանների միջև հակասություններ միշտ են եղել: Կտրուկ սրացում տեղի ունեցավ 2014-ին՝ Կիևի «մայդանից», նախագահ Յանուկովիչի պաշտոնանկումից և Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո: Դոնբասում հռչակվեցին Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները: Դրան հաջորդեց Կիևի հետ պատերազմը, որի ժամանակ Ռուսաստանը լուրջ նյութական աջակցություն ցուցաբերեց ինքնահռչակ հանրապետություններին: Կիևին չհաջողվեց վերականգնել վերահսկողությունն այդ տարածքում, այս պահի դրությամբ հակամարտության գոտում հրադադար է:

Ղրիմ

Տարածաշրջանը հայտնվեց Ուկրաինական ԽՍՀ կազմում նախորդ դարի 50-ականներին, 2014-ի տվյալներով թերակղզու բնակչության մեծ մասը ռուսներ են: Մայդանից հետո Ռուսաստանը զորքերը մտցրեց Ղրիմ: Անցկացվեց հանրաքվե, բնակչության մեծ մասը հանդես եկավ Ռուսաստանին միանալու օգտին: Ուկրաինան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները և Ղրիմը գրավյալ տարածք է համարում:

Կոսովո

Ալբանացի անջատողականները զինված պայքար էին մղում Հարավսլավիայի դեմ 90-ականների սկզբից: 1999-ին ՆԱՏՕ-ի զորքերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծությունից հետո Բելգրադը փաստացի կորցրեց տարածաշրջանի հանդեպ վերահսկողությունը: 2008-ին Կոսովոյի իշխանություններն անկախություն հռչակեցին, որը ճանաչել է մոտ 100 երկիր, ներառյալ գրեթե բոլոր եվրոպական պետությունները:

Հյուսիսային Կիպրոս

Կիպրոսի թուրքական և հունական համայնքների միջև հակամարտությունն առաջացավ Մեծ Բրիտանիայից կղզու անկախացումից գրեթե անմիջապես հետո: Հունաստանն ու Թուրքիան կղզու պատճառով մի քանի անգամ պատերազմի եզրին էին: 1974-ին հունական զինվորական խունտայի ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիան իր զորքերը Կիպրոս մտցրեց: Հունական բնակչությունը հեռացավ կղզու հյուսիսային մասից, որտեղ հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից:

Աբխազիա

Թբիլիսիի հետ հակամարտությունն առաջացավ Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Արյունահեղ պատերազմից հետո Վրաստանը կորցրեց հանրապետության հանդեպ հսկողությունը: 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո անկախությունը ճանաչեցին Ռուսաստանն ու մի քանի այլ երկիր:

Հարավային Օսիա

Ինչպես և Աբխազիայի դեպքում, տարածաշրջանն ԽՍՀՄ փլուզումից հետո անջատվեց Վրաստանից: 2008-ին Վրաստանի հետ պատերազմից հետո Ռուսաստանն ու մի քանի այլ երկրներ ճանաչեցին Հարավային Օսիայի Հանրապետության անկախությունը: Այստեղ ուժեղ են ռուսամետ տրամադրությունները, 2014-ին Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո, Հարավային Օսիայում որոշեցին հանրաքվե անցկացնել ՌԴ կազմի մեջ մտնելու վերաբերյալ:

Մերձդնեստր

ԽՍՀՄ փլուզումից հետո զինված հակամարտություն բռնկվեց ռուսամետ տրամադրված Տիրասպոլի և Քիշնևի միջև, որն ավարտվեց ռուս խաղաղապահների տեղակայմամբ: Մերձդնեստրն անկախություն հռչակեց, սակայն ոչ մի պետության կողմից չճանաչվեց:

Գագաուզիա

Մոլդովական այս տարածաշրջանը մեկ անգամ արդեն՝ 90-ականների սկզբին, անկախություն հռչակեց, սակայն կենտրոնական իշխանություններն ու գագաուզների ղեկավարությունը համաձայնության եկան, որ շրջանը մնա երկրի կազմում: Գագաուզները, սակայն, խոստանում են անկախություն հռչակել, եթե մոլդովացիները որոշեն մտնել պատմականորեն մոտ Ռումինիայի կազմի մեջ:

Լեռնային Ղարաբաղ

1923 թվականին, առանց Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը հաշվի առնելու, Ադրբեջանական ԽՍՀ կազմում կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը բռնկվեց 1988 թվականին: Ի պատասխան Ղարաբաղի հայերի խաղաղ և արդարացի պահանջին, որոնք կազմում էին ԼՂԻՄ բնակչության 80 տոկոսը, Ադրբեջանն խաղաղ բնակչության դեմ ագրեսիա սանձազերծեց: 1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ ՊԲ-ն անվտանգության գոտի ստեղծեց ԼՂՀ շուրջ, որը 7 շրջան է ներառում: 1994 թվականի մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշքեկյան արձանագրություն): Այժմ հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը:

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net