24 սեպտեմբերի 2014 - 12:09 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Որտե՞ղ են հանգստացել հայաստանցիները և ովքե՞ր են եկել Հայաստան
Բացի «ավանդական» վրացական ծովափերից այս տարի հայերը նախընտրել են հանգստանալ նաև Կրետե կղզում ու Բարսելոնայում
Որտե՞ղ են հանգստանում հայաստանցիները: Տարածված անեկդոտի համաձայն` հասարակ քաղաքացիները հանգստանում են Վրաստանում, միջինից բարձր եկամտի տեր մարդիկ` Անթալիայում ու Եգիպտոսում, իսկ ամենահարուստները` Հայաստանի հանգստյան տներում: Իհարկե, սա ընդամենը կատակ է, բայց է՞լ ինչ կատակ, որ կեսը ճիշտ չլինի:

Կատակի ճշմարտացիության աստիճանը պարզելու համար երևի թե կարիք կլինի բավական լուրջ սոցհարցում անցկացնել: Իսկ մինչ այդ PanARMENIAN.Net-ը զրուցել է Երևանում գործող մի քանի տուրիստական գործակալության հետ` պարզելու այս ամռանը հայերի նախընտրած հիմնական ուղղությունները:

«Աստղաձոր» գործակալության տուրիզմի մենեջեր Սյուզաննա Հովսեփյանը, օրինակ, առանձնացրեց Կրետեն ու Բարսելոնան:

«Այս տարի այս ուղղություններով միանգամից 2 ընկերություն էր չվերթ իրականացնում: Մրցակցության արդյունքում տոմսերի գինը նվազել էր: Սա էլ լրացուցիչ հետաքրքրություն էր առաջացնում»,- նշեց նա` հավելելով, որ շատ են եղել նաև Եգիպտոսում հանգստացողները` չնայած շոգին:

Իսկ նախորդ տարի, օրինակ, ավելի շատ նախընտրել են հանգստանալ Բուլղարիայում, Կիպրոսում ու որքան էլ որ զարմանալի չլինի` Դուբայում (ամռան ամիսներին այնտեղ հանգստանալը, ճիշտ է, մատչելի է, սակայն շոգն է անտանելի):

Հանգստացողների գերակշիռ մասը նախընտրում է ծովափնյա հանգիստը: Փաթեթի ընտրության հարցում առաջինն ու ամենակարևորը մատչելիությունն է: Դրան հաջորդում է հյուրանոցի դիրքն ու ծովափին մոտ լինելը: Ի դեպ, հայերի համար կարևորների շարքում է նաև ափին ավազի առկայությունը:

Ինչ վերաբերում է ձմեռային հանգստին, ապա այստեղ էլ հայերս օրիգինալությամբ չենք առանձնանում: Եվ եթե եվրոպական երկրներում ձմռանը սիրում են հանգստանալ սարերում ու, օրինակ, դահուկ քշելով, ապա մենք էլի ուզում ենք արև ու ծով: «Աստղաձորում» կարծում են, որ այս ձմեռ ևս հայ զբոսաշրջիկները կնախընտրեն հանգստանալ Դուբայում ու Եգիպտոսում, քանի որ կա փաթեթի մատչելի տարբերակ (թռիչքներն իրականացվում են Թբիլիսիի օդանավակայանից):

«Գոլդ թրեվլի» այցելուներն այս ամառ նախընտրել են հանգստանալ կղզիներում` Մալթա, Բահամյան կղզիներ: Մատչելի տարբերակներից իրենց հաճախորդներին առաջարկել են տուրեր դեպի Շրի Լանկա ու Հորդանան: Այստեղ էլ, իհարկե, գերակշռել են ծովափնյա հանգիստ նախընտրողները, թեև առաջարկել են նաև City tour ներառող փաթեթներ: «Գոլդ թրեվլի» այցելուներն էլ հյուրանոցի որակին առանձնապես ուշադրություն չեն դրաձնում. կարևորը գինն է (ավելի ճիշտ` մատչելիությունը): Ձմեռային փաթեթներից, հավանաբար, ակտիվ կլինեն Դուբայ, Մավրիկիա, Շրի Լանկա ուղղությունները:

«Ջոյ տուր» գործակալության տնօրեն Լիլիթ Ալեքսանյանն էլ PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նշեց, որ այս ամռանն իրենց հաճախորդներն ավելի շատ նախընտրել են հանգստանալ արդեն ավանդական դարձած Եգիպտոսոմ ու Թուրքիայում, ավելի քիչ` Եվրոպայում: Թեև քիչ, բայց դիմել են նաև Վրաստան գնալ ցանկացողները: Առաջիկա ձմռան համար նախապատրաստել են փաթեթներ դեպի Շրի Լանկա ու Թաիլանդ:

Իսկ հանգստի համար ամենամատչելի Վրաստան այս տարվա առաջին կիսամյակում, այդ երկրի տուրիզմի ազգային ադմինիստրացիայի հրապարակած տվյալների համաձայն, այցելել է մոտ 486.500 հայ զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5%-ով ավելի է: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից էլ հայտնում են, որ ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքներով սեզոնի սկզբից (հունիսի 15-ից) տեղափոխվել է 44.660 ուղևոր:

Ընդհանուր առմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության բաժնի հրապարակած տվյալների համաձայն, 2014-ի առաջին կիսամյակում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 474.989 մարդ, ինչը 14,8%-ով շատ է 2013-ի ցուցանիշից: Նույն ժամանակահատվածում Հայաստան է այցելել 495.967 զբոսաշրջիկ (նախորդ տարվա համեմատ 17,3%-ով պակաս):

Ինչ վերաբերում է աշխարհագրական դասավորությանը, ապա մեր երկիր այցելող զբոսաշրջիկների հիմնական մասը (մոտ 44%) ժամանում են Ռուսաստանից, 28%-ը՝ Վրաստանից, 12-14%-ը՝ ԵՄ երկրներից (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա և Սկանդինավյան երկրներ), 7%-ը՝ Իրանից:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PAN Photo
ՖՈՏՈՇԱՐՔ