14 հոկտեմբերի 2014 - 17:51 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Հարկադրանք հանուն օրենքի. ԴԱՀԿ-ն` կազմավորումից մինչև օրս
ԴԱՀԿ-ն ամսական ապահովում է 120.000 վարույթի իրականացում
1995-ի հուլիսի 5-ին համազգային հանրաքվեի արդյունքում ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, որը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, որի հիմքում օրենսդիր, գործադիր և դատական ​​իշխանությունների տարանջատումն է:

Սա իր հերթին պահանջում էր դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի մշակում ու իրագործում, որը պետք է ապահովեր լիարժեք անկախ դատական իշխանություն​​, որի հիմնական խնդիրն իրավապահ գործառույթն է, իսկ դրա իրականացման հիմնական գործիքը` արդարադատությունը:

Արդարադատության իրականացման համար կարևոր է ոչ միայն օրինական ու հիմնավորված դատական ակտի հրապարակումը, այլև` դրա լիարժեք կատարման ապահովումը:

Արդյունքում ԱԺ 1998-ին ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքներով հիմնադրվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որն էլ հենց ապահովում է դատական ակտի կատարումը:

«Արդարադատությունը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կատարվում և հարգվում են դատարանի որոշումները»,- ասում է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը:

Այս տարիների ընթացքում ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ տեղեկատվական տեխնալագիաների ներդրմամբ կատարվել և կատարվում են մեծածավալ աշխատանքներ:

2009-ից ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարուման ծառայությունում ներդրվել է էլեկտրոնային կառավարման կենտրոնացված համակարգ, որի նպատակն է ամբողջությամբ ավտոմատացնել հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթով իրականացվող և ավտոմատացման ենթակա բոլոր գործառույթները։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ խնդիր է դրվել ամբողջությամբ ավտոմատացնել կատարողական վարույթով պարտապանի գույքի և դրամական միջոցների հետախուզումը, արգելանքների կիրառումը և բռնագանձումը։

Արդյունքում` եթե 6-7 տարի առաջ ԴԱՀԿ-ն ապահովում էր ամսական մոտ 2000 վարույթի իրականացում, ապա այժմ այդ թիվը հասել է 120.000-ի:

Որ դատարանի և որ որոշումներն են ենթակա հարկադիր կատարման

Հարկադիր կատարման ենթակա են`

1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի.

2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով.

3) արբիտրաժային տրիբունալների վճիռները.

4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով.

5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները:

6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները.

7) անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

Ինչպես է աշխատում ԴԱՀԿ ծառայությունը

Հարկադիր կատարման ընթացակարգի հիմքը կատարողական թերթն է, ինչպես նաև վարչական մարմի անբողոքարկելի վարչական ակտը: Պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից կատարողական թերթ կամ անբողոքարկելի վարչական ակտ ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում:

Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո անիջապես ձեռնամուխ է լինում օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառմանը:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
ՖՈՏՈՇԱՐՔ