4 նոյեմբերի 2014 - 16:27 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Քոչար 13. Արվեստի շենքը
Այստեղ ապրում են: Ավելի ճիշտ` ապրում ու ստեղծագործում: Կամ` ստեղծագործում ու այդ ընթացքում էլ` ապրում:
Երևանում ուրիշ այսպիսի շենք չկա: Բնակելի չէ: Նախագծվել է որպես արվեստանոց: Առաստաղները բարձր են (4.5մ), որ արվեստագետի շունչը չկտրվի: Սենյակներում` մտորելով քայլելու տեղ` ինչքան ուզեք (35քմ): Երկար տարիներ է արվեստանոց եղել: Իսկ հիմա այստեղ ապրում են: Ավելի ճիշտ` ապրում ու ստեղծագործում: Կամ` ստեղծագործում ու այդ ընթացքում էլ` ապրում:

PAN Photo-ն լուսանկարել է Հրաչյա Քոչար 13 շենքի բնակիչներին: Նրանց համար իրենց անսովոր «բնակարանները» սոսկ կացարան չեն, այլ արվեստի ծննդավայր` կտավին հանձնած ու չհնաձնած հուշերով, հույզերով, հույսերով:

Վահագն Համալբաշյան, նկարիչ

Տարածքն օգտագործվում է որպես արվեստանոց: Մոտ մեկ տարի է՝ այս տարածքում է, որովհետև հարմար է: Ամբողջ գիտակից կյանքը կապված է այս շենքի հետ:Որևէ կոնկրետ հիշողություն դժվարանում է մտաբերել, բայց սա հենց այն տարածքն է, որի մասին կարելի է անընդհատ խոսել ու անընդհանտ ինչ-որ բաներ հիշել:

Գարեգին Եղոյան, Արսեն Կարապետյան, ճարտարապետներ

Տարածքում գտնվող արվեստանոցը բավականին յուրահատուկ տարածք են գնահատում, իր մեկնաբանությամբ: Այն մեծ պատուհան ունի, որից հետաքրքիր տեսարան է բացվում:Այստեղ շատ լավ է ստացվում մտածելը, ինչն արվեստագետի համար շատ կարևոր հանգամանք է: 1994-ից այստեղ են, ու երբ նոր էին տեղափոխվել, այստեղ, պատուհանին նույնիսկ ապակի չկար, ցելոֆանապատ էր: Հիշողություններ շատ են, ասում են՝ ինչ ստեղծել են, այս արվեստանոցում են ստեղծվել:

Վահագն Ավետիսյան, նկարիչ

Այստեղ ապրում է, մի փոքր հատվածն էլ նկարելու համար օգտագործում՝ բնակարան-արվեստանոց է: 80-ականների վերջին երբ դիպլոմայինի վրա էր աշխատում, որ գնալ-գալու վրա ժամանակը զուր չվատնի, տեղավորվեց այստեղ, հետո ամուսնացավ ու կնոջ հետ սկսեցին այստեղ ապրել: Ամեն օր էլ հիշելու մի բան լինում է: Օրինակ, սենյակի պատուհանի շրջանակը սարքելուց, երբ ապակին ամրացնում էր, մեխելուց թխկթխկացնում էր:Հարևանս՝ Գարիկը, պարբերաբար համբերատար հարցնում էր, թե երբ է վերջացնելու, ինչին պատասխանում էր՝ «հեսա, Գարիկ ջան, էս 100 հատն էլ մեխեմ, ու վերջացնում եմ»... «հարևանություն էինք անում»:

Գետիկ Բաղդասարյան, քանդակագործ Տարածքում քանդակագործական արվեստանոց է: 1982-ին որպես կոպերատիվ արվեստանոց է ստացել, ասում է՝ առաջին հարկն աշխատելու համար հարմար է: Հիշում է՝ այստեղ մի մեծ քար է բերել, որից Համո Սահյանի քանդակն է տաշել, հետո տարել, տեղադրել է:

Ստեփան Եղիազարյան, ճարտարապետ

Ճարտարապետական արվեստանոց է: 2012-ից այստեղ է, տեղը հարմար է: Դժվարանում է միանգամից ինչ-որ կոնկրետ արտառոց դեպք մտաբերել:

Արա Հովհաննիսյան, գեղանկարիչ

Տարածքն օգտագործում է որպես բնակարան-արվեստանոց: Ասում է՝ ամենակարևորը, որ այստեղ իր աշխարհն է: Շենքում բնակարան-արվեստանոց կառուցելու մտահղացումը դեռ վաղուց է ունեցել, նախորդ տարի մեծ ջանք գործադրելուց հետո կարողացել է կյանքի կոչել այն: Սկզբում մի փոքր անսովոր էր, որովհետև ամբողջովին արվեստանոցային միջավայր է, բայց ժամանակի ընթացքում համակերպվել է: Սիրում է աշխատել ընտանիքի ներկայությամբ, որ տուն գնալ-գալու խնդիր չլինի:Ամենից շատը կարևորում է շենքում տիրող արվեստի մթնոլորտը, երբ ընկերներով հավաքում, ինչ-որ թեմաներ են քննարկում:

Հասմիկ Ավետիսյան, նկարչուհի

Տարածքը մայրիկից է մնացել, որը 7 տարի առաջ այստեղ նկարում էր:Կարծում է՝ նկարչության համար շատ հարմար է, դժվարանում է «նման լավ ստուդիաներ» Երևանում մտաբերել: Այստեղ միայն լավ բաներ են կատարվում, միայն հետաքրքիր մարդիկ են գալիս՝ դեսպաններից սկսած արվեստագետներով վերջացրած: Շուրջբոլորը հիշողություն է, այս տարածքի դուռը բացում է ու ամեն ինչ հրաշքի է վերածվում, ճակատագրի նվեր է «անվանում»:

Անի ու Էմմա Հարությունյաններ, արվեստաբաններ

Ցուցասրահ է: Ասում են՝ «սիրտներս կպավ, ուզում էինք, հենց այստեղ գալ, որ այնպիսի տեղ լինի, որտեղ նաև արվեստանոց կունենանք»: Հիշում են, որ երբ երկու ամիս առաջ նոր էին տեղափոխվում, 10-15 հոգով ամբողջ գիշեր չեն քնել ու ռեմոնտ են արել, կարգի բերել տարածքը:

Եվա Խաչատրայն, համադրող («Արտ Լաբորատորիա»)

Մոտ մեկ տարի է՝ տարածքը բաց հարթակ է, որտեղ տարբեր նախագծեր են իրականացվում, որը նաև ստուդիա է: Մինչև այստեղ տեղափոխվելն այս շենքում եղել է 90-ականներին: Հիշում է՝ այդ ժամանակ Գերմանիայից հյուրեր ունեին, որոնք այս շենքում բնակարան էին վարձում:

Հրայր Լազյան, Աստղիկ Սարգսյան, ճարտարապետներ

Տարածքում բնակարան-ճարտարապետական ստուդիա է: Մոտ երկու ամիս է այստեղ են շենքի, մթնոլորտի, միջավայրի համար: Այս ընթացքում մի դեպք է եղել՝ դուռը չէին կարողանում բացել, դրսում էին մնացել: Երկուսն էլ բանալի ունեին, բայց Հրայրն իրենը ճանապարհին կորցրել էր, Աստղիկինով էլ դուռը չէր բացվում: Ստիպված 911 են զանգել, փրկարարները եկել, դուռը կոտրել են, որ ներս մտնեն:

Արմեն Աթայան, նկարիչ

Նկարչի արվեստանոցն է: Ասում է՝ ինչ-որ տեղ պետք է արվեստանոց ունենար, իսկ շենքը տանը մոտ է: Սենյակը ստացել է, երբ շենքը շահագործման հանձնեցին, նշում է, որ ամբողջն իրենց անհատական գումարով են կառուցել: Իսկ պատմելու ոչ մի պատմություն չունի՝ գալիս, աշխատում է:

Սահակ Պողոսյան, արվեստագետ

Տարածքում արվեստի միջոցառումների կենտրոն է՝ թե ստեղծագործական, թե ցուցադրական: 1989 թվականին, երբ տեղափոխվեց, ամբողջ շենքը նախատեսված էր արվեստագետների համար՝ արվեստագետների կոոպերատիվ էր, մի շենքում բոլորին հավաքելու լավ առիթ էր: Այս շենքի ամենամեծ հիշողությունները հենց այս արվեստանոցի հետ է կապում, որովհետև հենց այստեղ է ծնվել Երևանում առաջին ցուցասրահի գաղափարը: Բայց դա ընկերների նախաձեռնությունն էր, որովհետև արվեստանոցս բարեգործական հիմունքներով որոշ ժամանակով տրամադրել էր նրանց:

Սարգիս Համալբաշյան, գեղանկարիչ

Տարածքն օգտագործում է որպես արվեստանոց: Հարցին, թե ինչու այստեղ, պատասխանում է՝ «այսքանը կարողացա.ավելին կարողանայի, ավելին կանեի»: Շենքում արդեն 26 տարի է, բայց հիշողությունները ջնջված են:

Արմինե Հարությունյան, Սվետլանա Սարգսյան, Խաչատուր Ազիզայան, նկարիչներ

Տարածքը թե արվեստանոց է, թե բնակարան, թե հավաքույթների տեղ: Ինչո՞ւ այստեղ. շենքի ամենաառաջին բնակիչներից են, Արմինեն ասում է՝ «ահավոր թույն շենք է, բոլորն արվեստագետներ են, արվեստի շունչ կա, ինչը մեծ նշանակություն ունի»: Ապա հիշում է՝ երբ փոքր էի, մեր այս արվեստանոցում էին Արշիլ Գորկու մասին ֆիլմը նկարահանում: Այդ մտնոլորտը շատ ոգևորիչ էր՝ ռեժիսորը, սցենարիստը, բոլորն այստեղ էին, պապն էլ Գորկու դերն էր խաղում. այդ ամենը մեջը շատ է տպավորվել:

Աշոտ ու Արմինե Սնխչյաններ, ճարտարապետներ

Բնակարան-արվեստանոց է: Աշոտն ուսանող ժամանակ շենքում գտնվող Եղոյանի արվեստանոցում էր աշխատում, շրջապատը հավանել է, հետո այնպես ստացվեց, որ գնեցին արվեստանոցն ու արդեն 1,5 տարի այստեղ են ապրում: Հիշում են, որ վերանորոգման ժամանակ շինարարների խմբի ղեկավարը տրապը երկրորդ հարկի ամենաբարձր տեղում էր դրել, ջուրը որ լցնում էր, բուրգի պես իջնում էր, ինչը շատ տպավորիչ էր:

Վարո Ռաֆայելյան, Հրանտ Խաչատրյան / PAN Photo, Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net
ՖՈՏՈՇԱՐՔ