13 նոյեմբերի 2014 - 15:13 AMT
ՀՈԴՎԱԾ
Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն. Ինչպես են իրավիճակն Արցախում ամեն անգամ վտանգավոր եզրագծի հասցնում
Լայնածավալ պատերազմ չկա, բայց խաղաղություն էլ չկա, առավել ևս մշտական գնդակոծությունների պայմաններում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Մի-24 ուղղաթիռի ոչնչացումը 1994-ի հրադադարի կնքումից հետո ամենաաղմկահարույց միջադեպն է: Սակայն ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանի հասարակությունների համար 1994-ից հետո պատերազմը ոչ թե ավարտվեց, այլ թույլ արտահայտված բնույթ ստացավ: Հայերի, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների համար, ամենօրյա գնդակծությունները խնդիրներ են առաջացնում՝ գյուղացիները չեն կարողանում մշակել հողը, դեռ մի կողմ թողած վտանգված կյանքը: Լայնածավալ պատերազմ չկա, բայց խաղաղություն էլ չկա, առավել ևս մշտական կրակոցների ֆոնին: Բայց համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում են միայն աղմկահարույց դեպքերը, ինչպես խոցված ուղղաթիռինն էր: Մինչդեռ, սադրանքների ինտենսիվությունը, դիվերսիաներն ու գնդակոծությունները գնալով ավելի հաճախակի են դառնում: PanARMENIAN.Net-ը հիշել է հակամարտության վերջին տարիների նշանակալի դրվագներից մի քանիսը:

Հարձակում ընտրություններից հետո

Լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ավանդաբար աճում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներից առաջ կամ հետո, ինչպես նաև երկու երկրում կարևոր ներքաղաքական իրադարձությունների շրջանում: 2008-ին Հայաստանում նոր էին ավարտվել նախագահական ընտրությունները՝ ընդդիմությունը չճանաչեց արդյունքներն ու փողոց դուրս եկավ: Մարտի լույս 1-ի գիշերը Երևանում իրավապահներն ու ցուցարարները բախվեցին, 10 մարդ զոհվեց, զորքեր մտցվեցին քաղաք, արտակարգ վիճակ հայտարարվեց: Այս իրադարձությունների ֆոնին մարտի 3-4-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտ ԼՂՀ ՊԲ ու ադրբեջանական բանակի միջև ինտենսիվ բախումներ եղան: Ադրբեջանցիները փորձեցին գրավել պաշտպանության բանակի դիրքերը, գրոհի ժամանակ նաև հրետանի կիրառվեց: Սակայն, մարտի 4-ին հայերին հաջողվեց հետ շպրտել ադրբեջանցիներին: Երկօրյա մարտերի ընթացքում ԼՂՀ ՊԲ երկու զինվոր վիրավորվեց: Մարտի դաշտում մնաց չորս ադրբեջանցու մարմին, որոնք ավելի ուշ փոխանցվեցին Ադրբեջանին: Բաքուն խոստովանեց նաև երկու զինվորի վիրավորումը: Ըստ հայկական կողմի տվյալների, ադրբեջանականն 8 զոհ տվեց և 7-8 վիրավոր:

2012-ի սրացումը

Իրավիճակը կտրուկ սրվեց նաև 2012-ի ապրիլ-հունիսին՝ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան այցից առաջ: Ընդ որում սրացումը տեղի ուենցավ ոչ թե ղարաբաղյան ուղղությամբ, այլ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին՝ Տավուշի մարզի ուղղությամբ: Ապրիլի 25-ին գնդակոծվեցին հայկական սահմանամերձ Դովեղ գյուղի մանկապարտեզն ու դպրոցը: Ապրիլի 27-ին ադրբեջանական դիվերսիոն խումբը, ներթափանցելով մարզի տարածք, գնդակոծեց քաղաքացիական ավտոմեքենան, որտեղ 4 զինծառայող կար: Երեքը զոհվեցին: Հունիսի 4-ին ադրբեջանական դիվերսիոն ջոկատները ներթափանցման փորձ ձեռնարկեցին երկու ուղղությամբ: Հայկական կողմից զոհվեց 3 զինծառայող, 6-ը՝ վիրավորվեց, հաջորդ օրը հերթական դիվերսիայի ժամանակ 5 ադրբեջանցի ոչնչացվեց: Հաջորդ օրերին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում էին բանակում ինքնասպանությունների ու դժբախտ պատահարների կտրուկ աճած դեպքերի մասին, ինչը վերլուծաբաններին կասկածելու առիթ տվեց, որ Բաքուն թաքցնում է մարտական կորուստները՝ դրանք դասելով ոչ մարտականների թվին: Քլինթոնի այցից հետո իրավիճակը համեմատաբար հանդարտվեց, վերադառնալով Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչների համար արդեն սովորական դարձած «խաղաղ փուլին»՝ տների, դաշտերի ու դիրքերի գնդակոծության պայմաններում ապրուստի, բայց առանց խոշոր միջադեպերի:

2014-ի արյունահեղ ամառը

2014-ի ամռանը հակամարտության գոտում իրավիճակը կրկին սրվեց: Վնասազերծվեց ԼՂՀ Քարվաճառի շրջան ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտների խումբը: Հետախուզական տվյալներ հավաքագրող խումբը սպանել էր նաև 17-ամյա դեռահասի և սպայի, ինչպես նաև վիրավորել մի կնոջ: Դիվերսանտներից մեկը ոչնչացվեց, մյուս երկուսը ձերբակալվեցին: Ստեփանակերտում ընթանում է նրանց դատավարությունը: Օգոստոսի 7-ին, մոլորվելով, ադրբեջանցիների գերության մեջ հայտնվեց ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, որը մեկ օր գերության մեջ մնալուց հետո «հանկարծամահ» եղավ սրտի կաթվածից: Պետրոսյանի դին բազմաթիվ խոշտանգումների հետքերով վերադարձվեց միայն հոկտեմբերին, հայկական կողմն Ադրբեջանի դեմ հայցով դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այդ ընթացքում ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումներին հաջողվեց կասեցնել մի քանի խոշոր դիվերսիաների, որի արդյունքում, ադրբեջանական կողմը, խոստովանելով, ամենամեծ կորուստները կրեց 1994 թվականից ի վեր: Պաշտոնապես Բաքուն ճանաչեց 13 զինծառայողի կորուստը՝ հայտարարելով նաև երկու ինքնասպանության մասին առաջնագծում: Զոհվեց ԼՂՀ ՊԲ 5 զինծառայող: Մի քանի օր շարունակ ինտենսիվ փոխհրաձգություն էր գնում առաջնագծի ամբողջ երկայնքով: Աննախադեպ բախումներին հաջորդեց գերտերությունների միջնորդությունը՝ երեք ամսում Սարգսյանն ու Ալիևը երեք հանդիպում ունեցան Սոչիում, Նյուպորտում և Փարիզում Վլադիմիր Պուտինի, Ջոն Քերիի և Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ: Ըստ արձանագրային հայտարարությունների, հանդիպումներում կարևորվեց հակամարտության խաղաղ լուծումը բանակցությունների միջոցով: Սակայն, դա չխանգարեց ադրբեջանցիներին խոցել հայկական ուղղաթիռը:

2010 թվական. Դիվերսիա նախագահների հանդիպման ֆոնին

Ինչպես արդեն ասվել է, ադրբեջանական կողմի դիվերսիաները հաճախ կայանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից առաջ կամ հետո: Հերթական դեպքը 2010-ին էր՝ հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում տնտեսական համաժողովի շրջանակում Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպումից հետո: Բանակցություններն անցնում էին լարված մթնոլորտում՝ Իլհամ Ալիևի մասնակցությունը մինչև վերջին օրը հարցականի տակ էր: Ժամանելով Սանկտ Պետերբուրգ՝ Ալիևը բանակցային գործընթացը շարունակելու պատրաստակամություն հայտնեց ու անմիջապես մեկնեց՝ չմասնակցելով համաժողովին: Արդեն հաջորդ օրը ուշ երեկոյան, հակառակ հայտարարություններին, Չայլու գյուղի մոտակայքում ԼՂՀ տարածք ներթափանցեց ադրբեջանական զինված հետախուզական խումբը: Դիվերսիան այն հաշվարկով էր կատարվել, որ հաշվի առնելով վերջին հանդիպմանը նախագահների արած լավատեսական հայտարարությունները, զգոնությունը թուլացած կլինի: Խմբին հաջողվեց հասնել Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիս-արևելյան մասին, որտեղ դիրքապահների հետ մարտ սկսվեց: Արդյունքում խմբի առաջխաղացումը կասեցվեց չորս զինծառայողների կյանքի գնով, ևս չորսը վիրավորվեցին, նրանցից մեկն ավելի ուշ մահացավ հիվանդանոցում: Ադրբեջանցիները նահանջեցին, թողնելով դիվերսանտներից մեկի դիակը: Իլհամ Ալիևը նրան հետմահու Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհեց:

Իսրայելյան արտադրության անօդաչու սարքը Ղարաբաղի երկնքում

Ադրբեջանի հոխորտանքները գնալով ավելի ռազմատենչ են դառնում, իսկ գործողությունները՝ ավելի ու ավելի սադրիչ հարձակողական սպառազինության զանգվածային գնումների ֆոնին: Բաքվին զենք ծախող հիմնական երկիրը Ռուսաստանն է՝ առաքումների ծավալը մոտենում է 5 մլրդ դոլարի: Զենքի զգալի խմբաքանակն է Ադրբեջանին վաճառում նաև Իսրայելը: Թել Ավիվի հետ պայմանագրի շրջանակում, մասնավորապես, ռադարներ են գնվել, ականապատ դաշտերում միջանցք ստեղծող մեքենաներ ու հետախուզական անօդաչու սարքեր: Նրանցից մեկը խոցվեց Լեռնային Ղարաբաղում 2011-ի սեպտեմբերին ՀՀ ՀՕՊ ու ռադիոէլեկտրոնային հետախուզության ստորաբաժանումների հատուկ գործողությունների արդյունքում: Իսրայելյան արտադրության անօդաչու սարքի բեկորները մնացին ԼՂՀ տարածքում: Հետագայում անօդաչու սարքը վերականգնվեց և մի քանի անգամ ցուցադրվեց զորահանդեսների ժամանակ որպես ռազմական ավար:

«Հերոսացված» կացնով մարդասպանը

Հայերի և ադրբեջանցիների միջև ամենաաղմկահարույց միջադեպերից մեկը տեղի է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի եռամսյա դասընթացների ժամանակ: Դասընթացներին մասնակցում էին ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողներ: 2004 թ. հունվարի 19-ին Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ, ինչպես նաև փորձեց կացնահարել երկրորդ հայ սպա Հայկ Մակուչյանին, սակայն ձերբակալվեց ոստիկանության կողմից: Դատավարություն սկսվեց, որի ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր ամեն ինչ անել պատժաչափը մեղմելու համար: Սակայն, 2006 թ. հունգարական դատարանը Սաֆարովին մեղավոր ճանաչեց ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու մեջ և դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջիկա 30 տարում առանց ներման համար դիմելու իրավունքի:

Ադրբեջանում Սաֆարովին հերոսացրին՝ բանաստեղծություններ ձոնեցին, նրա անվան սպորտային մրցումներ կազմակերպեցին, ընդդիմադիրները հորդորեցին նրան տարվա մարդ համարել, կոչ արեցին օրինակ վերցնել նրանից: Իշխանությունները մեծ եռանդով աշխատեցին Սաֆարովին բանտից ազատելու ուղղությամբ և նրանց ջանքերն ապարդյուն չեղան: 2012 թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անմիջապես ներում ստացավ նախագահի հրամանագրով: Մարդասպանին ազգային հերոսի պես դիմավորեցին՝ բնակարան նվիրեցին, 8 տարվա աշխատավարձ վճարեցին, մայորի կոչում տվեցին: Սաֆարովի արտահանձնումն ու ներումը սկանդալի պատճառ դարձան հայ-հունգարական և հունգարա-ադրբեջանական հարաբերություններում և Բուդապեշտի ու Ադրբեջանի միջազգային դատապարտման ալիք բարձրացրին: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գործողությունները դժգոհություն առաջացրեցին նաև բուն Հունգարիայում: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, Բուդապեշտում արտահանձնումը դատապարտող բազմահազարանոց ցույց տեղի ունեցավ: Կատարվածը դատապարտեցին գերտերություններն ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, այդ թվում ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, ԵԽԽՎ-ն, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ ԱԳՆ-ն: Հունգարիայի իշխանությունները նույնիսկ բողոքի նոտա հղեցին Ադրբեջանի ԱԳՆ-ին, սակայն պաշտոնական Բուդապեշտի բոլոր բողոքները ձևական բնույթ էին կրում: Հունգարիայի ու Ադրբեջանի հարաբերությունները չփչացան, հակառակը, գնալով զարգանում են: Հունգարական ու ադրբեջանական պատվիրակությունները կանոնավոր այցեր են փոխանակում, վերջինի ժամանակ (2014 թ. նոյեմբերի 11) հռչակագիր ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին, որով նախատեսվում է ադրբեջանական գազի համար խողովակաշարի համատեղ անցկացում մինչև Կենտրոնական Եվրոպա:

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net