Պարզվում է` այսօր Հայաստանի մայրաքաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ զանգվածի վրա կա 400.000, ընդհանուր Երևան քաղաքում` 1,6 մլն ծառ: Քաղաքապետարանի գույքագրման վերջին տվյալով Երևանի կանաչ մակերեսը 6758,5 հա է, ինչը հավասար է քաղաքի գրեթե 30%-ին: Սակայն այս 30%-ի մեջ մտնում է ամեն ինչ ` և´ հատուկ նշանակության (հիմնարկներ, գերատեսչություններ), և´ սահմանափակ օգտագործման (բակային), և´ ընդհանուր օգտագործման տարածքները: Իսկ միայն ընդհանուր օգտագորման կանաչ տարածքների մակերեսը` զբոսայգիներ, անտառ-պուրակներ, որոնց խնամքն էլ հենց իրականացնում է Երևանքի քաղաքապետարանը, ընդամենը 852 հա է կամ քաղաքի ընդհանուր մակերեսի 3,75%-ը (տասը տարի առաջ կանաչապատման աստիճանն ընդամենը 1,5% էր): Նախատեսվում է փուլային տարբերակնելով մինչև 2025 թվականը ընդհանուր օգտագործման մակերեսը հասցնել 960-980 հա-ի(4,2- 4,3%):
1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերի արդյունքում ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, իսկ Երևանը դարձավ նորանկախ հանրապետության մայրաքաղաքը։ Երևանի մակերեսը 22.700 հա է, առավելագույն երկարությունը հյուսիսից հարավ` 19,7 կմ, արևմուտքից արևելք՝ 19,1 կմ։
Նվազագույն ստանդարտը, որ տնտեսապես զարգացած շատ երկրներ ձգտում են ընդունել, 25 մ² կանաչ տարածքն է յուրաքանչուր բնակչի համար: Սուրեն Մաքսապետյանի համոզմամբ` թիվը խիստ հարաբերական է ու կախված քաղաքի բնակչության խտությունից. Երևանում այս ցուցանիչը, ներառյալ Ծիծեռնակաբերդի այգին, ընդամենը 7,6-7,7 մ² է:
«Լավագույն ցուցանիշը Երևանում եղել է 15 մ²/մարդ, այն էլ այն դեպքում, երբ քաղաքի բնակչության թիվը եղել է ընդամենը 6-700.000 մարդ»:
Դարեր շարունակ քաղաքի կլիման եղել է անապատա-կիսաանապատային բնույթի. տարեկան տեղումների քանակը՝ սակավ, շոգ ու չոր ամառներով, ցուրտ ու չոր ձմեռներով։ XX դարում քաղաքն ինտենսիվ կանաչապատվեց, ստեղծվեցին բուֆերային գոտիները` Քանաքեռի, Նորքի և Սարի թաղի լանջեր կանաչապատվեցին, ինչը զգալի մեղմեց քաղաքի կլիման: Սակայն հետագայում անտառները նույնքան բարեհաջող հատվեցին, և վերջին տարիներին Երևանի համար կրկին օրակարգային են դարձել մթնոլորտի, օդի մաքրության, կանաչապատ տարածքների պահպանության ու ընդլայնման հիմնախնդիրները. այս ամռանը Երևանում գրանցվեց վերջին տասնամյակների առաջին ավազահողմը. օգոստոսի 2-րդ կեսին արևադարձային հոսանքների հետ հանրապետություն թափանցեց փոշու խիտ կոնցենտրացիա ունեցող օդ, որի ճանապարհին խանգարող ծառեր ու այգիներ պարզապես չկային: Արդեն հիմա, ըստ Հայէկոմոնիտորինգի դիտարկումների, Երևանում փոշու միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցում է 1,6-1,9 անգամ:
Երևան քաղաքի կանաչապատման հիմնական նպատակը մինչև 2025 թվականն արվարձաններում բուֆերային գոտիների ստեղծումն է` Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, Կարմիր բլուր, Շամպայն գինիների գործարանի շրջակայքի անտառ պուրակ: Սրանք կմեղմեն կիսաանապատային կլիման, կթեթևացնեն քամիների ուժգնությունը: Հիմնականում տնկվելու են փոշեկլանիչ հատկանիշներով ծառատեսակներ:
«Քաղաքի հիմնական բնապահպանական խնդիրներից մեկը տրանսպորտային այս արտանետումների ազդեցությունից պաշտպանող բուֆերային գոտիների ստեղծումն է:Մալաթիա-Սեբաստիայում, Եռաբլուրում գործընթացն արդեն սկսված է: Ի՞նչ է պահանջվում այստեղ` ոռոգման ցանցի առկայություն, որը մենք արդեն գրեթե 70%-ով ավարտել ենք: Նոր ցանցեր են անցկացվել «Փարոս» անտառ-պուրակում, Եռաբլուրում, Հաղթանակ զբոսայգում: Հիմնականում այդ տարածքներն արդեն ապահովված են ոռոգման ցանցով, և հիմա աստիճանաբար, փուլ առ փուլ տարածքները համալրելու ենք ֆունկցիոնալ նշանակության ծառատեսակներով` հացենին, թխկին, կաղնի, ակացիա և այլն»,- մանրամասնում է պաշտոնյան:
Անդրադառնալով ոռոգման համակարգի մասին հարցին` արդյոք նպատակահարմար չէ անցնել դրա կաթիլային տիպին, Սուրեն Մաքսապետյանը նշեց, որ կաթիլային ոռոգումը շատ արդյունավետ է, բայց Երևանում մասսայական կիրառել դեռ չենք կարող.
«Դրա համար արտակարգ մաքուր ջուր է պետք, իսկ մեր ոռոգման ջուրն այդ աստիճանի մաքուր չէ, ֆիլտրներն էլ շատ թանկ են: Տեղ-տեղ ունենք, օրինակ քաղաքապետարանի դիմացի հրապարակում: Հեռանկարում նախատեսված է, բայց ոչ մոտ ապագայում»:
Կաթիլային ոռոգման համակարգը հիմնված է բույսի արմատային համակարգին ջրի անմիջական մատուցման սկզբունքի վրա: Այն արդյունավետ է բոլոր բույսերի ոռոգման համար և նպատակահարմար է ինչպես փոքր տնտեսություններում, այնպես էլ արդյունաբերական մասշտաբներով արտադրությունների համար: Համակարգը նախատեսված է մշակաբույսի համակարգի զարգացման գոտում հողի տեղայնացված (լոկալ) խոնավացման համար: Այս մեթոդը ենթադրում է փոքր չափաբաժիններով ջրի անմիջական մատակարարում բույսերի արմատամետ գոտի կաթիլային բաշխիչների միջոցով:
Վերջին 2-3 տարվա ընթացքում բարեկարգվել և կանաչապատվել են մայրաքաղաքի մուտքերը, այդ թվում` Երևան-Սևան խճուղու սկզբնամասը, Երևան-Եղվարդը, Երևան-Արգավանդ, Երևան-Աշտարակ խճուղիները, Թևոսյան փողոցը:
«Մայրաքաղաքի բոլոր մուտքերն այսօր կանաչապատ, բարեկարգ, ծառապատված, ծաղկապատված են»,- մանրամասնեց Սուրեն Մաքսապետյանը:
Երևանի տարբեր հատվածներում կա 40-ից ավելի զբոսայգի և պուրակ։
2014-ին քաղաքապետարանի ծրագրով վերակառուցվել է ֆինանսների նախարարության դիմացի այգին, Մալացիայի պուրակը, Նոր նորքի 5-րդ զանգվածի զբոսայգին, Ամերիկյանի համալսարանին կից զբոսայգին: Հաջորդ տարվա ծրագրերում ընդգրկված է Գլխավոր պողոտայի առաջին հատվածը` Սարյանից մինչև Մաշտոցի պողոտա:
Հեռանկարային ծրագրերում ընդգրկած է նաև Սարալանջի և Սերպանտինի կանաչապատման հարցը, որտեղ ոռոգման ցանցն արդեն անցկացված է, բայց խիստ թեքությունը թույլ չի տալիս բուսականություն տնկել:
Կարդացեք նաև` Չշնչող Երևանը. Կանաչ քաղաք` միայն հատակագծով