30 դեկտեմբերի 2014 - 22:20 AMT
ՀՈԴՎԱԾ
Կարմիր լողազգեստով Սանտան, խաղողի 12 հատիկն ու տիեզերական Ձմեռ պապը. Ամանորի ամենատարօրինակ ավանդույթները
Նույնիսկ տիեզերքում կան Ամանորը դիմավորելու ավանդույթներ
Նոր տարին ամենասիրված տոներից է: Այն նշում են գրեթե բոլորը, անկախ դավանանքից, մշակույթից, ազգային առանձնահատկություններից: Ամեն ժողովուրդ և յուրաքանչյուր երկիր Ամանորը նշելու իր ավանդույթն ունի, որը ձևավորվել է դարերի ընթացքում, կան նաև բոլորովին նորերը: Սակայն որոշ ժողովուրդների մոտ Ամանորի ավանդույթներն աչքի են ընկնում ինքնատիպությամբ, յուրահատուկ են ու նույնիսկ զարմանալի:

Իտալիայում, օրինակ, ինչպես հայտնի է, Նոր տարվա գիշերն ընդունված է դուրս նետել տնից այն ամենը, ինչը հարկավոր չէ. հագուստ, կահույք և նույնիսկ սանտեխնիկա: Սակայն դա ուղղակի գեղեցիկ լեգենդ է զբոսաշրջիկներին գրավելու համար: Իսկ ավանդույթները բոլորովին այլ են: Քանի որ այդ երկրի բնակիչները պաշտում են ոչ միայն Սանտային, որին Բոբո Նատալե են կոչում, այլ նույնիսկ նրա հանդերձանքը, ուստի և կանայք, և տղամարդիկ ու երեխաները կարմիր որևէ բան են հագնում, նույնիսկ եթե դա միայն ներքնազգեստ է: Ուստի դիմավորելով Նոր տարին Միլանի, Ֆլորենցիայի կամ Հռոմի փողոցներում, չզարմանաք, եթե կարմիր գուլպաներով ոստիկանի տեսնեք: Նման հանդիպումը հաջողություն է խոստանում: Իտալիայում ընդունված ևս մեկ ավանդույթ է հենց ողկույզի վրա չամիչ դարձած խաղող ուտելը: Քանի որ խաղողի հատիկները մետաղադրամներ են հիշեցնում, համարվում է, որ որքան շատ ուտես, այնքան շատ փող կվաստակես գալիք տարում:

Նոր տարին Արգենտինայում դիմավորելը գրասենյակային աշխատողի կամ մակուլատուրայի սիրահարի երազանքն է: Արդեն կեսօրին արգենտինական քաղաքների կենտրոնական փողոցները պատվում են անպետք թղթի շերտով, երբեմն նույնիսկ թղթի քուլաներով: Ըստ տեղական ավանդույթի, պատուհաններից պետք է դուրս նետել հին ամսագրերը, թերթերն ու այլ թղթեր:

Շոտլանդիայի փողոցներում Ամանորի գիշերը պետք է շատ զգույշ լինել, քանի որ դա տարվա միակ գիշերն է, երբ տոնական զարդարված փողոցներով գլորում են այրվող տակառներ, որոնք խորհրդանշում են անցնող տարին: Իսկ Սթոունհևեն գյուղում ընդունված է քայլել փողոցներով, հսկայական հրե գունդերով, որոնք խորհրդանշում են արևը, որը մաքրագործում է եկող տարին: Սակայն կա Շոտլանդիայում ևս մեկ հետաքրքիր ավանդույթ: Նոր տարվա շեմին ընտանիքի բոլոր անդամները նստում են օջախի մոտ, իսկ երբ հնչում են ժամացույցի զարկերը, ընտանիքի մեծը լուռ պետք է բացի դրսի դուռը: Նման ավանդույթը կոչված է ճանապարհելու հին տարին և դիմավորելու նորը: Շոտլանդացիները հավատում են, որ գալիք տարվա հաջողությունն ու անհաջողությունը կախված են նրանից., թե ով առաջինը տուն կմտնի:

«Ամենաթեժ» Նոր տարին են դիմավորում Էստոնիայում, քանի որ այնտեղ ընդունված է տոնը անցկացնել սաունայում: Որպեսզի Նոր տարին մաքուր և առողջ դիմավորես, պետք է ժամացույցի զարկերն այնտեղ լսես: Էստոնացիները հավատում են նաև, որ երջանկություն կբերի նրանց երկար ցիլինդրով մոխիր մաքրողը: Երեխաներին էլ հաճախ նվիրում են մոխիրով պատված այդ արհեստավորների արձանիկները:

Իսպանիայում այսպիսի մի ավանդույթ կա՝ կեսգիշերին պետք է արագ խաղողի 12 հատիկ ուտել, ընդ որում ամեն մի հատիկը ժամացույցի զարկի հետ: Խաղողի յուրաքանչյուր հատիկ պետք է հաջողություն բերի գալիք տարում: Երկրի բնակիչները հավաքվում են Բարսելոնայի ու Մադրիդի փողոցներում, որպեսզի հասցնեն խաղողի հատիկներն ուտել ու կավա խմել: Այս ավանդույթն արդեն հարյուր տարեկան է:

Շատ անսովոր մի ավանդույթ կա Պանամայում: Այստեղ ընդունված է այրել քաղաքական գործիչների, մարզիկների ու այլ հայտնի մարդկանց խրտվիլակները: Սակայն Պանամայի բնակիչները ոչ մեկի վատը չեն ցանկանում՝ այրելով, օրինակ, օլիմպիական չեմպիոնի կամ նույնիսկ Ֆիդել Կաստրոյի խրտվիլակը: Բոլոր այդ խրտվիլակները կոչվում են muneco և խորհրդանշում անցնող տարվա բոլոր տհաճությունները: Ուստի՝ չկա խրտվիլակ, չեն լինի խնդիրներ գալիք տարում: Խրտվիլակ պետք է այրի յուրաքանչյուր ընտանիք: Հավանաբար, դրա հետ ևս մեկ պանամական ավանդույթ է կապված: Կեսգիշերին Պանամայի քաղաքների փողոցներում սկսում են ղողանջել բոլոր հրշեջ աշտարակներից: Բացի այդ, հնչում են ավտոմեքենաների ազդանշանները, բոլորը բղավում են: Այս աղմուկը կոչված է սպառնալու գալիք տարվան:

Պերուի երիտասարդների համար Ամանորի գիշերը բավականին վտանգավոր ժամանակ է: Գիշերը Պերուի աղջիկները ուռենու ճյուղերը ձեռքին դուրս են գալիս զբոսնելու քաղաքի փողոցներով: Աղջկա փեսացուն կդառնա այն երիտասարդը, որին նա կառաջարկի վերցնել ճյուղը: Ուստի փողոցներում այդ գիշեր տարօրինակ զույգեր են հանդիպում՝ ճյուղը ձեռքին աղջիկ ու ճամպրուկով երիտասարդ: Ըստ ավանդույթի, ով Ամանորի գիշերը ճամպրուկով անցնի ամբողջ թաղամասը, գալիք տարում կմեկնի ցանկալի ճանապարհորդության:

Դանիայում Ամանորի գիշերը կանգնում են աթոռին և ցած ցատկում: Համարվում է, որ դրանով բնակիչները ցատկում են գալիք տարվա հունվար՝ վանելով չար ոգիներին: Բացի այդ, դա հաջողություն կբերի: Միևնույն ժամանակ դանիացիները ևս մեկ ավանդույթ ունեն՝ բարեկամների ու հարևանների դռների մոտ ապակյա սպասք են կոտրում: Դա ոչ ոքի չի զայրացնում, հակառակը՝ շատ է ուրախացնում: Չէ որ այն ընտանիքը, որի շեմին ջարդած ափսեների, բաժակների ու սկուտեղների ամենամեծ կույտը լինի, ամենահաջողակը կլինի գալիք տարում: Դա նաև կնշանակի, որ այդ ընտանիքը շատ բարեկամներ ու ընկերներ ունի:

Հունաստանի բնակիչները, ինչպես այլ երկրներում, այցելում են միմյանց նվերներով: Սակայն կա մի առաձնահատկություն՝ նվերներից բացի նրանք տանտիրոջը քար են տալիս, որքան մեծ, այնքան լավ: Դա մեզ կարող է տարօրինակ թվալ, սակայն Հունաստանում համարվում է, որ որքան ծանր լինի քարը, այնքան ծանր կլինի դրամապանակը գալիք տարում: Ըստ այլ ավանդույթի, տան մեծը պետք է բակում նուռ կտրի: Եթե նռան հատիկները ցրվեն բակում, ապա ընտանիքը գալիք տարում երջանիկ կլինի:

Իսկ Միկրոնեզիայի կղզիների բնակիչներն ամեն անգամ Նոր տարվա հետ փոխում են անունը, մոլորեցնելու համար չարքերին ու ամբողջ տարին թեթև ու երջանիկ կյանքով ապրելու համար: Յուրաքանչյուրը կարող է իր ճաշակով անուն ընտրել, ուստի այնպես կարող է ստացվել, որ այդ տարում բնակչության մեծ մասը նույն անունը կրի:

1995 թվականին չիլիական մի ընտանիք սկիզբ դրեց մի նոր ավանդույթի՝ տոնակատարություն անել գերեզմանոցում: Ամեն տարի մոտ 5 հազար մարդ է այցելում վառ լուսավորված գերեզմանոց, լուռ մթնոլորտում դիմավորելու համար Նոր տարին իր հանգուցյալների հետ:

Ամենազարմանալի Նոր տարին նշում են Կոտ դ'Իվուարի հարավում, որտեղ տոնական օրերին, անկախ նրանից, որ բնակիչները քրիստոնյա են, երկրպագում են տարերքների ոգիներին: Ծիսական պարեր, կյանքի խորհրդանիշ ձուն բերանում չորեքթաթ վազքի մրցումներ, դաշյունով ծիսական հարվածներ՝ ահա Աֆրիկայի շատ ցեղերի ավանդական Նոր տարին:

Հոլանդիայում և Բելգիայում ընդունված է վաֆլի և թխվածքաբլիթ պատրաստել: Նիդերլանդներում կա տոնական «սլեմ» խմիչքը, որը պատրաստվում է տաք կաթից, թեյից, համեմվում շաքարով և համեմունքներով:

Բուլղարիայում մի քանի րոպեով մարում է լույսը: Երբ հյուրերը մնում են մթության մեջ, կարելի է համբուրվել անծանոթների հետ՝ գաղտնիքը կպահպանվի:

Նոր տարին Ճապոնիայում ազդարարվում է զանգերի ղողանջով՝ 108 անգամ: Ղողանջները խորհրդանշում են մարդու վեց արատներից մեկը՝ թեթևամտությունը, հիմարությունը, ժլատությունը, չարությունը, նախանձն ու վախկոտությունը:

Ճապոնացիները համարում են, որ մարդու յուրաքանչյուր արատ 18 երանգ ունի, ուստի ստացվում է 108 ղողանջ: Մեկ այլ ավանդույթով մերձավորներին նվիրում են տարին խորհրդանշող կենդանու պատկերով բացիկներ: Սեփական տները զարդարելու համար օգտագործում են կադոմացու՝ դա նշանակում է «մուտքի սոճի»: Այն պատրաստում են բամբուկից, սոճուց, բրնձի ձողիկներից։ Իսկ երեխաները ստանում են ավանդական նվերները:

Ֆրանսիայում ընդունված է թագավորական կարկանդակ պատրաստել, որի մեջ թագավորի փոքրիկ արձանիկ է դրվում: Սակայն հյուրերի ատամները չվտանգելու համար, արձանիկը փոխարինվում է թղթե թագով:

Անգլիացիներն ու շոտլանդացիները հետևում են առաջին այցելուի ավանդույթին, որը 1,5 հազար տարվա պատմություն ունի և գալիս է կելտերից: Ըստ ավանդույթի, հաջողակ և ունեվոր կլինի նա, ում շեմից առաջինը երիտասարդ տղամարդ մտնի, ցանկալի է, որ սևահեր լինի: Նրա գրպաններում անպայման փող պետք է լինի, ինչպես նաև աղ, քարածուխ ու հաց: Ցանկալի է նաև վիսկի լինի: Այստեղ նաև Նոր տարին ներս թողնելու ավանդույթ կա՝ երբ ժամացույցի սլաքը կանգնում է 00։00-ի վրա, անգլիացիները բացում են հետին դուռը, դուրս թողնելով անցնող տարին, իսկ վերջին հարվածի հետ բացում շքամուտքը՝ դիմավորելով Նոր տարին:

Ավստրալիայում այս օրերին ամառ է, ուստի հիմնականում մարդիկ մեկնում են քաղաքից դուրս, բնության գրկում դիմավորելու Նոր տարին, ուրախանալու, լողանալու և ուղղակի արբելու: Մարդաշատ են լողափերը, իսկ ով չի ուզում օվկիանոսի ափին դիմավորել Նոր տարին, բարբեքյու է պատրաստում արվարձաններում: Կեսգիշերին ղողանջում են զանգերը, հնչում ավտոմեքենաների ազդանշանները: Ավստրալիայում հաճախ կարելի է կարմիր լողազգեստով Սանտայի տեսնել, որը ուրախացողների մի խմբից մյուսին է շտապում:

Նույնիսկ տիեզերքն ունի իր ավանդույթները: Աստղագնացները հագնում են Ձմեռ պապի ու Ձյունանուշի ավանդական զգեստները, տիեզերանավում էլ 3 արհեստական եղևնի կա։ Ուղեծրում հաճախ են Ձմեռ պապի մորուքից բռնում: Ճիշտ է, խմել չի կարելի, բայց փոխարենը կարելի է 12 անգամ դիմավորել Նոր տարին՝ ժամային բոլոր գոտիներում: