27 հունվարի 2015 - 15:48 AMT
ՀՈԴՎԱԾ
ԿինոPAN. 12 ֆիլմ Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ, որ պետք է դիտել
Կարող եք ամենահայտնի և ճանաչված ֆիլմերը դիտել U!Com-ի կինոPAN բաժնում
PAN-ը և U!Com-ը հավաքել են Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ այն 12 ֆիլմի ցանկը, որ պետք է անպայման դիտել: Թերևս՝ Հոլիվուդի պատմության մեջ ամենազարմանալի տրանսֆորմացիաներից մեկը կատարվեց հենց այս դերասանի հետ: Երիտասարդական ռոմատիկ կատակերգություններից Մեթյուն կտրուկ անցավ խորը դրամաների՝ մարմնավորելով բարդ, բազմաբովանդակ կերպարների, ինչն աննկատ չթողեց Ամերիկյան կինոակադեմիան, որն էլ դերասանի աշխատանքը գնահատեց՝ 2014-ին նրան «Օսկար» շնորհելով: Մակքոնահիի՝ վերջին տարիների դերասանական աշխատանքն աչքի է ընկնում վարպետությամբ ու ամեն անգամ անակնկալի բերում կինոդիտողին:

Ի դեպ, այսուհետ կարող եք ամենահայտնի և ճանաչված ֆիլմերը դիտել U!Com-ի պատվերով տեսավարձույթի կինոPAN բաժնում: Ընկերությունը մեծ տեսադարան ունի, որտեղ պահվում և պարբերաբար ներկայացվում են թարմացվող ֆիլմեր:

Կոնտակտ / Contact (1997)

Ռեժիսոր` Ռոբերտ Զեմեկիս, դերերում` Ջոդի Ֆոսթեր, Մեթյու Մակքոնահի, Ջեյմս Վուդս, Դևիդ Մորս, Ջեֆրի Բլեյք

«-Հայրիկ, կարծում ես այլ աշխարհներում կա՞ն մարդիկ:

-Չգիտեմ Էլլի: Բայց տիեզերքն ահռելի է, ու եթե նրանք չկան, այնքան տարածություն անիմաստ կկորչի»:

Հոլիվուդյան հրաշագործ Ռոբերտ Զեմեկիսը, հիմվելով հանճարեղ գիտնական և ֆանտաստ Կարլ Սագանի ստեղծագործությունների վրա, նկարահանել է նախորդ դարի 90-ականների, թերևս, լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմերից մեկը: Աստղաֆիզիկոս Էլի Արովեյը փոքրուց երազում է միայն ու միայն աստղերի մասին` հավատալով, որ մի օր կստանա ազդանշան այլ աշխարհներից ու կապացուցի այլմոլորակայինների գոյության մասին իր տեսությունը:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. եթե գիտաֆանտաստիկ ժանրի սիրահար եք ու անտարբեր չեք հատկապես խելացի ֆանտաստիկայի նկատմամբ, ապա այս ֆիլմը Ձեզ համար է: Սրամիտ ու խճճված սյուժեն, դերասանական հրաշալի խաղն անմոռանոլի կդարձնեն ֆիլմի դիտումը:

Արատ / Fraility (2001)

Ռեժիսոր` Բիլ Փեքսթոն, դերերում` Բիլ Փեքսթոն, Մեթյու Մակքոնահի, Փաուերս Բութ

«Մենք մարդկանց չենք սպանում: Մենք ոչնչացնում ենք հրեշներին»:

Կրոնական մոլեռանդությունից մինչև մոլագարություն ու սպանություն ընդամենը մեկ քայլ է: Հետախուզությունների դաշնային բյուրոն հետապնդում է մարդասպան մոլագարի, որը հայտնի է «Աստծո Ձեռք» մականունով, որովհետև նա սպանում է մարդկանց` իբրև աշխարհը չարքերից ու արատներից ազատելու համար: Հետաքննության ընթացքում աստիճանաբար ջրի երես են դուրս գալիս մարդասպանների ընտանիքի մասին սարսափելի մանրամասներ:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. առաջին հերթին` մռայլ, բարդ սյուժեով թրիլլերների սիրահարներին, ովքեր չեն խորշում մարդկային ներաշխարհի ամենամութ անկյուններն ուսումնասիրելուց:

Սահարա / Sahara (2005)

Ռեժիսոր` Բրեք Այսներ, դերերում` Մեթյու Մակքոնահի, Պենելոպա Քրուզ, Սթիվ Զան, Ուիլյամ Մեյսի

«Մի անհանգստացիր: Սա Աֆրիկան է: Ոչ ոք չի անհանգստանում Աֆրիկայի համար»:

Դիրք Փիթն արկածների մեծ սիրահար է: Արևմտյան Աֆրիկայում տարածված խորհրդավոր հիվանդությունը բազում մարդկային կյանքեր է խլում, և ֆիլմի հերոսն իր ընկերների ու հմայիչ բժիշկ Եվա Ռոխասի հետ պետք է պարզեն դրա տարածման իրական պատճառներն ու բացահայտեն խոշոր ու անմարդկային դավադրությունը:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. «Ինդիանա Ջոնսի» մասին պատմող արկածային կինոշարքի սիրահարներին այս ֆիլմը մեծ բավականություն կպարգևի: Բազում վտանգների միջով ֆիլմի հերոսներին կօգնեն անցնել սրամտությունն ու հումորի զգացումը` անգամ անելանելի իրավիճակներում:

Փող երկուսի համար / Two for the Money (2005)

Ռեժիսոր` Դի Ջեյ Կարուզո, դերերում` Ալ Պաչինո, Մեթյու Մակքոնահի, Ռենե Ռուսո, Արմանդ Ասանտե

«Ես գիտեմ այն, ինչ դու գիտես, ու գիտեմ այն, ինչ դու չգիտես: Եվ գիտեմ այն ամենն, ինչ դու իմացել ես մինչ այն պահը, երբ դու դա իմացել ես»:

Ո՞վ չի սիրում սպորտ: Դա ոչ միայն ազարտ է` զուտ մարզական հետաքրքրությունից ելնելով, այլև փառքի ու մեծ գումարների աշխարհ: Եթե դու հաջողության ես հասնում, բոլորը քեզ պաշտում են: Սակայն փորձիր սայթաքել ու իսկույն կտեսնես, թե ինչպես են մարդիկ տրորում քո երբեմնի փառքը: Նման իրավիճակում չհայտնվելու համար նախկին պորֆեսիոնալ ֆուտբոլիստը սկսում է գործակցել ոչ այնքան օրենքի դաշտում գործող բուքմեյքերի հետ` հույս ունենալով մեծ գումարներ աշխատել:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. հոլիվուդում կարողանում են նկարահանել մարզական ֆիլմերն այնպես, որ անհնար է կտրվել էկրանից: Եթե սպորտի սիրահար եք և Ձեզ հետաքրքրում է նաև բուքմեյքերական աշխարհի «ներքին խոհանոցը», ապա շտապեք դիտել այս ֆիլմը:

Սեր և այլ անախորժություններ / Failure to Launch (2006)

Ռեժիսոր` Թոմ Դեյ, դերերում` Մեթյու Մակքոնահի, Սառա Ջեսիկա Փարքեր, Զոի Դեշանել, Բրեդլի Քուփեր

«Որոշ տղամարդիկ ուղղակի թեթև խթանի անհրաժեշտություն են զգում»:

Եթե Դուք 30-ն անց տղամարդ եք ու մինչև հիմա ընտանիք չեք կազմել, ապա պատրաստ եղեք բոլոր կողմերից լսելու մեղադրական խոսքեր. «Ամուսնանալու մասին մտածիր, աղջիկ գտիր, ընտանիք կազմիր»: Թրիպը ևս ամեն օր լսում է այս խոսակցությունները, ինչի արդյունքում նրա ընտանիքի անդամները որոշում են դիմել ծայրահեղ քայլի: Նրանք վարձում են տաղանդավոր մի աղջկա, ով պետք է ստիպի տղային սիրահարվել իրեն ու վերջապես լքել հայրական տունը:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. ռոմանտիկ կատակերգությունների սիրահարները կգնահատեն այս թեթև, պարզ ու բավականին ծիծաղելի ֆիլմը` լի զավեշտալի իրադարձություններով:

Նախկին ընկերուհիների ուրվականները / Ghosts of Girlfriends Past (2009)

Ռեժիսոր` Մարկ Ուոթերս, դերերում` Մեթյու Մակքոնահի, Ջենիֆեր Գարներ, Մայքլ Դուգլաս, Բրեքին Մեյեր

«Սերն անկիրթների ու թույլերի սիրելի ուտեստն է»:

Ռոմանտիկ ֆենտեզին բավականին յուրահատուկ ժանր է, և միշտ չէ, որ դրա ներքո ստեղծված ֆիլմերն արժանանում են բարձր գնահատականի: Միայն ծույլ կինոքննադատը բացասական երանգներով չի խոսել Մարկ Ուոթերսի ֆիլմի մասին, սակայն կինոդիտողն առավել հանդուրժող էր: Սրտակեր Քոնըր Միդի և նրա նախկին ընկերուհիների ուրվականների մասին այս ծիծաղելի պատմությունը հասարակ կինոդիտողի քիմքին հարիր դուրս եկավ:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. դժվար է համատեղել ռոմանտիկ կատակերգությունը միստիկ ժանրի հետ` ստանալով բավականին հետաքրքիր արդյունք: Եթե փորձարկումները կինոյի տարբեր ժանրերի միախառնմամբ Ձեզ հետաքրքրում են, ապա այս կինոն հաճելի երեկո անցկացնելու լավ ընտրություն է:

Լինքոլն փաստաբանի համար / The Lincoln Lawyer (2011)

Ռեժիսոր` Բրեդ Ֆուրման, դերերում` Մեթյու Մակքոնահի, Մարիսա Թոմեյ, Ռայան Ֆիլիպ, Ուիլյամ Մեյսի, Ջոշ Լուկաս, Ջոն Լեգուիզամո, Ֆրենսիս Ֆիշեր, Բրայան Քրենսթոն

«Ես ստուգել եմ այն մարդկանց ցուցակն, ում վստահում եմ, և Ձեր անունն այնտեղ չկար»:

Հաջողակ փաստաբան Միկի Հոլերի համար կա ընդամենը մեկ կանոն. հաճախորդի անմեղության աստիճանը կախված է նրա վճարած գումարից: Փաստաբանի համար սովորական ու հերթական գործերից մեկը կապված է մարմնավաճառի վրա հարձակված հարուստ հաճախորդի հետ: Սակայն գործը սովորական է միայն առաջին հայացքից: Ավելի մոտ ուսումնասիրությունը վեր է հանում բազում մութ գաղտնիքներ, որոնք իմանալը կարող է անգամ Հոլերի համար մահացու վտանգ ներկայացնել:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. բավականին ամուր կառուցվածք ունեցող ու լավ բեմադրված այս դետեկտիվային պատմությունը կինոդիտողին լարվածության մեջ է պահում մինչև վերջին րոպեն: Եթե սիրում եք անսպասելի սյուժետային շրջադարձներ, ապա ֆիլմը Ձեզ համար է:

Թղթակիցը / The Paperboy (2012)

Ռեժիսոր` Լի Դենիելս, դերերում` Մեթյու Մակքոնահի, Նիկոլ Քիդման, Զակ Էֆրոն, Ջոն Քյուզակ, Սքոթ Գլեն, Մեյսի Գրեյ

«Իր առաջին, իրական սիրուց հետո նա այդպես էլ ուշքի չեկավ»:

Ո՞րն է լավ լրագրողական սյուժե պատրաստելու գաղտնիքը: Տեսնել այն, ինչ մյուսները չեն տեսել, թափանցել այնտեղ, ու ոչ ոք չի էլ փորձել նայել: 60-ականների Միացյալ Նահանգներում ռասիզմը դեռ տարածված հիվանդություն էր, իսկ այս հողի վրա սպանությունները` սովորական երևույթ: Շերիֆի դաժան սպանության հետ կապված լրագրողական հետաքննությունը, սակայն, ինքն իրենով արյունոտ մի նոր պատմության սկիզբ կդառնա:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. կինոքննադատները բացասական գնահատեցին Լի Դենիելսի ֆիլմը` ավելորդ դաժանության և բաց տեսարանների առատության պատճառով: Սակայն ֆիլմը միաժամանակ վեր է հանում բազում սոցիալական խնդիրներ, որոնց լուծման տարբերակներին կարող եք ծանոթանալ` դիտելով այն:

Քիլեր Ջոն / Killer Joe (2011)

Ռեժիսոր` Ուիլյամ Ֆրիդկին, դերերում` Մեթյու Մակքոնահի, Էմիլ Հիրշ, Ջունո Թեմպլ, Թոմաս Հայդեն Չըրչ, Ջինա Գերշոն

«Իմ վճարը 25 հազար դոլար է, կանխիկ, նախօրոք: Ոչ մի բացառություն»:

«Էկզորցիստի» հեղինակ, լեգենդար ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկինը 76 տարեկանում նկարահանել է իր, երևի թե, ամենասարսափելի ֆիլմը` որպես դատավճիռ ժամանակակից հասարակությանը, որը երբեք չի վերանայվի: Մանր թմրավաճառ Քրիսը նպատակ ունի կազմակերպել սեփական մոր սպանությունը` ապահովագրական գումարը ստանալու և պարտքերը վճարելու համար: Այդ նպատակով նա դիմում է ոստիկան ու, համատեղությամբ, վարձու մարդասպան Ջոին:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. ֆիլմը դիտելու համար առաջին հերթին պահանջվում են երկաթյա նյարդեր և դիմադրողականություն: Եթե օժտված եք այդ հատկություններով, ապա զավեշտալի այս պատմությունն ու փայլուն դերասանական խաղն իրական հաճույք կպատճառեն:

Սուպեր Մայք / Magic Mike (2012)

Ռեժիսոր` Սթիվեն Սոդերբերգ, դերերում` Չենինգ Տատում, Ալեքս Պետիֆեր, Մեթյու Մակքոնահի, Քոուդի Հորն

«Նրանք դա փողի դիմաց են անում»:

Սթիվեն Սոդերբերգը սիրում է իր ֆիլմերում ուսումնասիրել հասարակական կյանքի ամենատարօրինակ դրսևորումները: «Սուպեր Մայք» կատակերգական դրաման քաղաքը հանցագործներից փրկող գերհերոսի մասին չէ: Այն պատմում է 30-ամյա մերկապարողի մասին, ով օրվա ընթացքում աշխատում է շինարարությունում, իսկ գիշերը պարում մոտակա գիշերային ակումբում: Տղամարդկանց մերկապարի նրբությունները Մայքը որոշում է փոխանցել «մասնագիտության» մեջ նորեկ, երիտասարդ տղային:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. թող ֆիլմի սյուժեն Ձեզ չվախեցնի, որովհետև Սոդերբերգին հաջողվել է հրաշալի բալանսի և սուր հումորի միջոցով ստեղծել բավականին հետաքրքիր սոցիալական ուսումնասիրություն` նաև իսկական տղամարդկային ընկերության մասին: Այն հատկապես կհետաքրքրի պարային ֆիլմերի սիրահարներին:

Գնորդների դալլասյան ակումբ / Dallas Buyers Club (2013)

Ռեժիսոր` Ժան-Մարկ Վալե, դերերում` Մեթյու Մակքոնահի, Ջենիֆեր Գարներ, Ջարեդ Լետո, Սթիվ Զան

«Ոչինչ աշխարհում չի կարող Ռոն Ուդրուֆին 30 օրում սպանել, և ես դա կապացուցեմ»:

Մահացու հիվանդության մասին լուրը շրջում է ցանկացած մարդու աշխարհը: Այս դեպքում շատերը նախընտրում են մնալ փլատակների տակ, իսկ որոշները` պայքարել մինչև վերջ: Ռոն Ուդրուֆի` սովորական ամերիկացու իրական պատմությունը, ով ՁԻԱՀ-ի ախտորոշումից հետո ոչ միայն պայքարեց սեփական կյանքի համար, այլև փրկեց բազում այլ կյանքեր, երկու տարի առաջ առաջացրեց կինոքննադատների հիացմունքը: Մեթյու Մքքոնեհիի և Ջարեդ Լետոյի փայլուն դերասանական խաղերը գնահատվեցին նաև Ամերիկյան կինոակադեմիայի կողմից` «Օսկար» մրցանակների տեսքով:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. սուր և բարդ սոցիալական դրամաների սիրահարներին, ում հետաքրքրում են հատկապես ուժեղ անհատականությունների մասին պատմությունները: Ի վերջո, հենց նման մարդկանց օրինակն է շատ հաճախ օգնում հաղթահարել սեփական դժվարությունները:

Գայլն Ուոլ-Սթրիթից / The Wolf of Wall Street (2013)

Ռեժիսոր` Մարտին Սկորսեզե, դերերում` Լեոնարդո ԴիԿապրիո, Ջոնա Հիլ, Մարգո Ռոբի, Քայլ Չանդլեր, Ռոբ Ռայներ, Մեթյու Մակքոնահի, Ջոն Բերնթալ

«Փորձիր վաճառել ինձ այս գրիչը»:

Հանճարեղ Մարտին Սկորսեզեի վերջին կինոկտավը բավականին մեծ աղմուկ առաջացրեց թե կինոքննադատների, և թե կինոդիտողների շրջանում: Ֆինանսական մեքենայությունների միջոցով միլիոնատեր դարձած Ջորդան Բելֆորթի ինքնակենսագրական գրքի էկրանավորումը վարպետի ամենափայլուն և հակասական գործերից մեկն է, որը, մեկ անգամ դիտելուց հետո, երբեք այլևս չի մոռացվի:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. այս ֆիլմում ներառված է միայն լավագույնը: Հրաշալի դերասանական խաղ և ռեժիսուրա, սրամիտ սյուժե ու արտակարգ հումոր, մարդկային ագահության և ամենաբարդ իրավիճակներից ելք գտնելու կարողության մի ամբողջ գունապնակ: Խելացի ֆիլմերի սիրահարների համար այն դիտելը պարտադիր պայման է:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net