23 ապրիլի 2015 - 11:02 AMT
ՀՈԴՎԱԾ
7 փաստ, որ պետք է իմանալ System of a Down-ի մասին
ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից հետո նրանց Chop Suey երգը հեռացվել է բոլոր ռադիոկայանների երգացանկերից
Ապրիլի 23-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Հանարապետության հրապարակում համերգ կտա աշխարհահռչակ, ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող SOAD ռոք խումբը. համերգի խորագիրն է Wake up the souls («Արթնացրեք հոգիները»): Խումբն առաջին անգամ է ելույթ ունենալու Հայաստանում, իսկ մինչև այդ PanARMENIAN.Net-ը հավաքել է 7 փաստ հանրահայտ խմբի մասի, որ պետք է իմանալ մինչև համերգին գնալը:

1. System of a Down խումբը հիմնադրվել է 1994 թվականին Հարավային Կալիֆորնիայում: Խմբի ներկայիս անդամներն են Դարոն Մալաքյանը, Սերժ Թանկյանը, Շավո Օդաջյանն ու Ջոն Դոլմայանը: Խմբի բոլոր անդամներն ունեն հայկական ծագում: Ռոք խմբի միակ նախկին անդամն Անդրանիկ «Էնդի» Խաչատրյանն է, որը լքել է խումբը 1997 թվականին և 1999-2002 թվականներին եղել The Aphex Theory-ի մենակատարը: Խաչատրյանն իրանական ծագում ունի:

2. Խումբն իր կազմավորումից ի վեր թողարկել է 5 ալբոմ՝ System of a Down (1998), Toxicity (2001), Steal This Album! (2002), Mezmerize (2005) and Hypnotize (2005): System of a Down-ի ամենահաջողված ալբոմը Toxicity-ն էր, որն իր թողարկման՝ 2001 թվականից ի վեր վաճառվել է 12 միլիոն օրինակով:

3. ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից հետո նրանց Chop Suey երգը հեռացվել է բոլոր ռադիոկայանների երգացանկերից վիճահարույց «Չեմ կարծում, որ հավատում եք իմ արդարամիտ ինքնասպանությանը » (“I don’t think you trust in my self righteous suicide”) և «Ես լալիս եմ, երբ հրեշտակները մահվան են արժանի» ("I cry when angels deserve to die") նախադասությունների պատճառով: Ողբերգական իրադարձություններից հետո երգը հանել են բոլոր ռադիոալիքներից, որովհետև նախադասությունները անգրեսիվ էին որակվում:

4. Նախքան System of a Down անունը, խումբը հայտնի էր Soil անունով: System of a Down անունը գալիս է Դարոնի Victims of a Down բանաստեղծությունից: Victims բառը փոխարինել են system-ով, որովհետև Շավո Օդաջյանն ուզում էր, որպեսզի խանութներում այբբենական կարգով դասավորելու դեպքում, իրենց ձայնասկավառակները լինեին այդ ժամանակվա հայտնի խմբերից մեկի՝ Slayer-ի կողքին:

5. Տարիների ընթացքում խումբը 4 անգամ առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխությանը: 2006 թվականին ստացել է մրցանակ «Լավագույն հարդ ռոք կատարման» համար՝ B.Y.O.B. երգով: SOAD-ը երկու անգամ՝ 2003 և 2005 թվականներին առաջադրվել է նաև Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունում՝ «Լավագույն այլընտրանքային կատարող» անվանակարգում:

6. Hypnotize ալբոմի ամբողջ գեղարվեստական նկարազարդումը կատարել է Մալաքյանի հայրը: Բացի ալբոմի գեղարվեստական կազմից, նա նաև նկարազարդել է Ibanez Icemen կիթառը, որը Դարոնն օգտագործում էր Toxicity և Steal this Album-ի ժամանակ:

7. Խմբի անդամները չունեն փիրսինգներ կամ դաջվածքներ:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net