29 ապրիլի 2015 - 14:55 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
7 փաստ, որ պետք է իմանալ «Քրոնոս» քառյակի մասին
Քառյակը գործակցել է նաև հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ
Արդեն 16-րդ անգամ անցկացվող «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում աշխարհահռչակ «Քրոնոս» լարային քառյակն ապրիլի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայանա համերգային նոր ծրագրով: «Քրոնոսը» նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մարի Կույոմջյանին, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հենց այս համերգի ժամանակ: Իսկ մինչև այդ PanARMENIAN.Net-ը հավաքել է 7 փաստ, որ պետք է իմանալ քառյակի մասին, մինչև համերգին գնալը:

1. Որպես նոր երաժշտության ինքնահռչակ առաջատար՝ «Քրոնոս» քառյակը նվագում է բացառապես 20-րդ դարի կոմպոզիտորների աշխատանքները՝ կիրառելով աշխարհի կոմպոզիտորների գլուխգործոցները: «Քրոնոս» անվանումը գալիս է հունական դիցաբանության աստվածներից մեկի անունից, որը կերել էր իր երեխաներին, և ակնարկ է անում ժամանակին՝ երաժշտության անհրաժեշտ բաղադրիչին, քանի որ «քրոնոս» բառը ժամանակագրություն (քրոնոլոգիա) բառի հունական արմատն է: Համույթը 1978-ին Սիեթլում հիմնադրել է Դեվիդ Հարինգթոնը ջութակահար Ջոն Շերբայի, ալտահար Հենք Դաթի և թավջութակահար Ջոան Դաթչեր Ջինռենոդի հետ:

2. 1980-ականների վերջերից «Քրոնոս» -ը համերգներ է տալիս աշխարհահռչակ վայրերում, ջազ փառատոնների ժամանակ, նույնիսկ՝ ակումբներում: 2002 թվականից քառյակը տարեկան ավելի քան 100 համերգ է տալիս:

3. Հատուկ քառյակի համար գրվել կամ պատվիրվել է ավելի քան 450 գործ: Նրանք արդեն իսկ ներկայացրել են ավելի քան 300 նոր համար և ամեն տարի ստանում են հարյուրավոր նոր ստեղծագործություններ ամբողջ աշխարհից: «Քրոնոս»- ն իր ակտիվ ռեպերտուարում մշտապես ունի ավելի քան 400 ստեղծագործություն:

4. «Քրոնոս» քառյակը դասական երաժշտությունը ներկայացնում է նորարարական տարրերի համադրությամբ: Երաժշտությունը հանրությանն ավելի մատչելի դարձնելու համար «Քրոնոս» -ը կարող է ստեղծել որոշակի մթնոլորտ հատուկ բեմադրական հագուստի, թատերական լույսերի շնորհիվ և նույնիսկ բեմի կառուցվածքով: Հարինգթոնը մի անգամ Chicago Tribune-ի թղթակից Փոն ֆոն Ռայնի հետ հարցազրույցում ասել է. «Մենք երկար ժամանակ էինք փորձարկումներ անում՝ ինչպես է տեսողական ընկալումը դառնում երաժշտական: Նկատի ունեմ՝ մենք միշտ կիրառել ենք մարմնի լեզուն՝ որպես երաժշտությունը ներկայացնելու միջոց: Լարային երաժիշտները նվագում են աղեղով, և այդ աղեղը, կարծես, արձագանքում է մարմնի լեզվին: Մենք միշտ ինչ-որ եղանակներ ենք փնտրում երաժշտությունը գրաֆիկորեն պատկերելու համար: Բեմական հագուստը, լուսավորությունը և մնացած ամեն ինչ մեզ համար այլընտրանք են մեր ներկայացումներում նոր տեղեկությունը ներդնելու համար»:

5. «Քրոնոս»-ը ավելի քան 30 ալբոմ է ձայնագրել այնպիսի պիտակներով, ինչպիսիք են Nonesuch-ը, Gramavision-ը, Landmark-ը և CRI-ը: 1980-ականներին Nonesuch-ում ձայնագրել էին 6 ալբոմ, իսկ 1990-ականներին նոմինացվել Գրեմմի մրցանակաբաշխությանը: Քառյակը նվագել էր Ալֆրեդ Շնիտկեի The Complete String Quartets, Early Music, Black Angels, White Man Sleeps, Թերի Ռեյլիի Salome Dances for Peace և Different Trains ստեղծագործությունները: «Քրոնոս» քառյակն ավելի քան 40 շաբաթ գրավում էր Billboard-ի դասական երաժշտության հիթշքերթի առաջատար դիրքերը: 1998 թվականին անսամբլը նշում էր իր 25-րդ տարեդարձը:

6. «Քրոնոս» քառյակը կատարել է մի շարք ֆիլմերի երաժշտությունը՝

Heat. Երաժշտության հեղինակ՝ Էլիոթ Գոլդենթալ՝ «Քրոնոս» քառյակի մասնակցությամբ (1995 թ.) Musical Outsiders. Ամերիկյան ժառանգություն (Հարրի Փարթչ, Լու Հարիսոն և Թերի Ռայլի), ռեժիսոր՝ Մայքլ Բլեքվուդ (1995 թ.) Requiem for a Dream. Երաժշտությունը՝ Քլինթ Մանսելի՝ «Քրոնոս» քառյակի մասակցությամբ (2000 թ.) The Man Who Cried: Ռեժիսոր՝ Սէլի Փոթեր (2000 թ.) The Fountain: Երաժշտությունը՝ Քլինթ Մանսելի՝ «Քրոնոս» քառյակի և Մոգվեի մասակցությամբ (2006 թ.) 2081: Ռեժիսոր՝ Չենդլեր Թաթլ (2009 թ.) Dirty Wars: Ռեժիսոր Ռիք Ռուոլի (2013 թ.) The Great Beauty: Ռեժիսոր՝ Պաոլո Սորենտինո (2014թ.)

7. «Քրոնոս» քառյակը մի քանի անգամ գործակցել է, համատեղ համարներ ու ձայնագրություններ ներկայացնել աշխարհահռչակ հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ: Նրանց համատեղ աշխատանքը ներկայացված է քառյակի Night Prayers ալբոմում:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, PAN Photo
ՖՈՏՈՇԱՐՔ