4 մայիսի 2015 - 16:11 AMT
ՀՈԴՎԱԾ
The Times of Oman. Թուրքիայի հեղինակությունը կվերականգնի պատասխանատվությունն ընդունելուց հետո
Թուրքիայի համար իր հեղինակությունը վերականգնող լավագույն տարբերակն անցյալի վայրագությունների համար ճշմարտությունն ու պատասխանատվությունն ընդունելն է
The Times of Oman-ը հրապարակել է ամերիկացի իրավապաշտպան Արյեհ Նայերի հոդվածը, որում հեղինակը սեփական պատմությանն առերեսվելու քաջություն ունեցող երկրների օրինակներ է բերում և կոչ անում Թուրքիային նույնն անել:

«Հարյուր տարի առաջ՝ 1915 թվականի ապրիլի 24-ին, Կոնստանդնուպոլսում Օսմանյան կայսրության պաշտոնյաները ձերբակալում են շուրջ 250 հայ առաջնորդների և մտավորականների, ապա պատրաստում աքսորի: Սա պատմական մի ոչնչացման մեկնարկ էր, որի ընթացքում կայսրությունում 1.5 մլն հայ էր սպանվել», - The Times of Oman-ում հրապարակված հոդվածում գրել է ամերիկացի իրավապաշտպան Արյեհ Նայերը ՝ սեփական պատմությանն առերեսվելու քաջություն ունեցող երկրների օրինակներ է բերելով և կոչ է անելով Թուրքիային նույնն անել, գրում է ArmenianGenocide100.org-ը:

Ողբերգության 100-րդ տարելիցին նախորդող շաբաթների ընթացքում կրկին բարձրաձայնվել էին կոտորածը «ցեղասպանություն» անվանելու բանավեճերը: Ֆրանցիսկոս Պապն ու Եվրախորհրդարանն իրենց ձայները տվել էին կոտորածը «ցեղասպանություն» անվանելու օգտին՝ առաջացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր կառավարության որոշ ներկայացուցիչների զայրույթը: Էրդողանի արձագանքը ցավալի էր: Թուրքիան արդեն վաղուց է հայերի սպանդը ներկայացնում որպես Առաջին համաշխարհային պատերազմի քաոսի և Օսմանյան կայսրության լուծարման արդյունք՝ անհամաձայնեցված և դժբախտ գործողություն: Երկրի համար ավելի խելացի կլիներ վերաիմաստավորել իր կարծիքը, նկատել է Նայերը՝ հավելելով.

«Էրդողանի և նրա համակիրների որդեգրած դիրքորոշումը Եվրոպայում և այլուր նպաստում է հակաթուրքական տրամադրությունների ստեղծմանը՝ խրախուսելով այնպիսի տպավորություն, թե ժամանակակից Թուրքիայի ղեկավարներն ու ժողովուրդը թեև պատասխանատու չեն անցյալում տեղի ունեցած հանցագործության համար, սակայն մեղավոր են այն ժխտելու հարցում:

Տեղին է, թե ոչ «ցեղասպանություն» բառի գործածումը, Թուրքիան պետք է գիտակցի, որ այն միակը չէ այն գերտերությունների շարքում, որոնք նման ահռելի հանցագործություն իրականացնելու պատմություն ունեն»:

Հեղինակը գրում է, որ Միացյալ Նահանգների հիմնադրումից գրեթե դար անց էլ ստրկությունը դեռ օրինական էր. անթիվ աֆրիկացիներ և նրանց ժառանգներ սարսափելի մահապատիժների էին դատապարտվում: 19-րդ դարի ընթացքում բնիկների սպանդն ուներ հիմնականում ցեղասպանական բնույթ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ճապոնացի զորքերը ոչնչացրել էին Չինաստանի, Կորեայի և այլ հարակից երկրների տասը միլիոն բնակիչների: Եվ, իհարկե, Երկրորդ համաշխարհայինի տարիներին Գերմանիան իրականացրել էր հրեաների և գնչուների ցեղասպանությունը, ինչպես նաև միլիոնավոր էթնիկ սլավոնների սպանդը:

Իոսիֆ Ստալինի ղեկավարած խորհրդային Գուլագում մահացել էին միլիոնավոր ռուսներ (և ոչ միայն): Ստալինի պաշտոնավարման ընթացքում Ուկրաինայում միլիոնավոր մարդիկ սովամահ էին լինում: Արևմտյան Ռուսաստանից որպես «պատժված ժողովուրդ» բռնի տեղահանումների էին ենթարկվում մեծ թվով էթնիկ փոքրամասնություններ:

Չինասանում Մաո Ցզեդունի նախաձեռնած «Մեծ թռիչքի» արյունքում մահացածների թիվը հասնում էր 36 միլիոնի: Ցզեդունը սկսել էր Մշակութային հեղափոխությունը, որը դատարկել էր Չինաստանը և հանգեցրել հարյուր հազարավոր մահերի:

1947 թվականին անկախության ձեռքբերումից հետո Հնդկաստանի տրոհման արդյունքում սպանվել են թե՛ մահմեդականներ, թե՛ հնդուիզմ երկրպագող քաղաքացիներ: 1971 թվականին Պակիստանի զորքերը և նրանց դաշնակից աշխարհազորայիները Բենգալիի անկախությունը ճնշելու նպատակով սպանել էին մինչև 3 միլիոն բանգլադեշցիների:

«Այս երկրները տարբեր մոտեցումներ էին որդեգրել՝ առերեսվելու անցյալում իրենց իրականացրած հանցագործություններին: Գերմանիան իր անցյալը ճանաչելուց բացի, ցեղասպանությանն ու այլ պատերազմական գործողություններին նվիրված հուշակոթողներ է կանգնեցրել Բեռլինի ամենատեսարժան վայրերում: Երկրի մայրաքաղաքն իր բնակիչներին և այցելուներին անընդհատ հիշեցնում է նացիստների իրականացրած վայրագությունների մասին», - գրել է Նայերը և հավելել, - «Որոշ երկրներ ավելի քիչ բան են արել իրենց ամոթալի անցյալն ընդունելու համար, որոշներն էլ՝ ավելի շատ: Բայց նրանցից ոչ մեկն այդպես կտրականապես չի արձագանքում, ինչպես Թուրքիան, երբ դար առաջ տեղի ունեցածը նկարագրելու համար կիրառվում է «ցեղասպանություն» բառը»:

Զայրացած արձագանքի ու այդ բառը գործածող երկրների հանդեպ դիվանագիտական պատժամիջոցների զուգորդումը ժամանակակից թուրքերին ներկայացնում է որպես 20-րդ դարի ամենամեծ հանցագործություններից մեկի հերքողների, գրել է իրավապաշտպանը: Նրա կարծիքով, Թուրքիայի համար ավելի լավ կլիներ առերեսվել իր անցյալի հետ, ինչպես դա արել էր Գերմանիան.«Գերմանիայի սահմռկեցուցիչ պատմությունը քաջ ծանոթ է բոլորիս, սակայն այսօր շատ քիչ երկրներով են հիանում այնպես, ինչպես Գերմանիայով:

Երկրի համար իր հեղինակությունը վերականգնող լավագույն տարբերակն անցյալի վայրագությունների համար ճշմարտությունն ու պատասխանատվությունն ընդունելն է թե՛ խորհրդանշական, թե՛ նյութական առումներով: Միայն այդ ժամանակ երկիրը կարող է ջրբաժան գծել անցյալի և ներկայի միջև»:

ArmenianGenocide100.org