18 մայիսի 2015 - 19:48 AMT
ՀՈԴՎԱԾ
Ամերիկյան պարբերական. Թուրքիային զիջելու փոխարեն Օբաման պետք է օրինակ վերցներ Պապից
«Օսմանյան կայսրության թուրքերը փորձում էին համակարգված կերպով ոչնչացնել հայ ժողովրդին», գրում է պարբերականը
Իրավաբան և քաղաքական գործիչ Սթիվեն Քիմաթյանի հոդվածն է, որում հեղինակը նեկայացնում է՝ ինչպես էին հայերն ապաստան գտնում Նյու Յորքի Սիրակուզ քաղաքում: ArmenianGenocide100.org-ը՝ հղում անելով Syracuse.com-ին, ներկայացնում է հոդվածը.

«Անհավանական համադրությամբ Սբ Պետրոս տաճարում մատուցված սուրբ պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս Պապի մեկնաբանություններն ու Քարդաշյանների այցը Հայաստան կապված էին 100 տարի առաջվա մի ընդհանուր իրադարձության հետ: Օսմանյան կայսրության թուրքերը փորձում էին համակարգված կերպով ոչնչացնել հայ ժողովրդին: Ֆրանցիսկոս Պապը հստակորեն բարձրաձայնեց, որ դա «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր», որին պետք է հետևեին նացիզմը, ստալինիզմն ու առ այսօր շարունակվող քրիստոնյաների հալածանքները:

1915 թվականի ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալել էին մի քանի հարյուր մտավորականների, գրողների, գործարարների և կրոնական առաջնորդների, ապա նավերով և գնացքներով տեղափոխել էին քաղաքից դուրս մի հեռավոր գյուղ: Այնտեղ նրանց ենթարկում էին դաժան մահապատժի: Երիտթուրքերի ծրագրով կոդավորված հեռագրեր էին ուղարկվում մարզեր՝ հրամայելով սպանել բոլոր հայ տղամարդկանց, իսկ կանանց և երեխաներին՝ ուղարկել մահվան երթերի անապատային տարածքներ: Բարբարոսական հանգամանքներում մահացել էր ավելի քան 1.5 մլն հայ:

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն հեռագիր էր ուղարկել Պետդեպարտամենտին՝ ասելով, որ «ռասայական ոչնչացման արշավն ընթացքի մեջ է»: Դրան ավելանում էին այդ վայրագությունները նկարագրող միսիոներների, օտարերկրյա հյուպատոսների, լրագրողների և ականատեսների արձանագրությունները: The New York Times-ում, Syracuse Herald-ում և Syracuse Journal-ում տասնյակ հոդվածներ էին հրապարակվում:

Հայերը ներկայացնում են հնագույն քաղաքակրթություն: Արարատ լեռը, որի վրա Նոյը կանգնեցրել էր իր տապանը, նայում է հենց իրենց հայրենիքին: 301 թվականին Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը որդեգրեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Երբ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը սկսեց թուլանալ, երիտթուրքերը, վերահսկողությունը կենտրոնացնելով ներքին խնդիրներին, Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ սկսեցին իրականացնել հայ ժողովրդի ոչնչացումը:

Հայերը փորձում էին խուսափել այդ վայրագություններից՝ ապաստան գտնելով Սիրակուզում: «Ստորգետնյա երկաթուղու» օրերից (ստրկության օրեք ԱՄՆ հարավային նահանգներից փախչած սևամորթներին դեպի հյուսիս և Կանադա տեղափոխվելուն օգնող շարժում՝ խմբ.) Սիրակուզը հայտնի էր որպես մի համայնք, որն աջակցում է արդարությանը: 1894-1922 թվականները Սիրակուզի համալսարանի կանցլեր Ջեյմս Ռոսքոու Դեյը գլխավորել էր հայ և սիրիական օգնության շարժումը:

ArmenianGenocide100.org