19 մայիսի 2015 - 14:14 AMT
ՀՈԴՎԱԾ
Արթնանալու արվեստը. Մեր օրերի 10 ամենազարմանալի զարթուցիչը
Այն, ինչ հանճարեղ է, պարզ է: Արդյունավետ զարթուցիչ ստեղծելու համար հարկավոր չեն բարդ տեխնոլոգիական մոտեցումներ, բավական է լավ գաղափարն ու արթնանալու ընթացքի ընկալումը
Զարթուցիչի զանգն ամենահաճելի երևույթներին չես դասի: Շատ հաճախ, քունը չխախտելու և նրա վերջին «մնացորդները» վայելելու համար, մարդը զարթուցիչի սլաքները մի փոքր առաջ է տանում` ժամանակ շահելու միտումով, կամ ընդհանրապես անջատում է, ինչն արդեն հղի է վերադասի հետ խնդիրներով: Արդյունավետ արթնացման խնդիրը համամարդկային է, ուստի ամբողջ աշխարհի ինժեներները մշակում են խորամանկ տեխնոլոգիական լուծումներ:

Ստորև ներկայացնում ենք ժամանակակից ամենազարմանալի և արդյունավետ զարթուցիչները:

1. Զարթուցիչ SNUZNLUZ

Դրամական միջոցներ կորցնելու հեռանկարը լուրջ դրդապատճառ է արագ արթնանալու համար: Այս սարքը տիրոջ հաշվեհամարից փողը փոխանցում է որևէ բարեգործական հիմնադրամի «չեղարկում» կոճակը սեղմելիս: Քնի սիրահարներն այդպես կարող են իրենց ամբողջ ունեցվածքը կորցնել:

2. Զարթուցիչ Dangerbomb Clock

Երբ հնչում է այս զարթուցիչի զանգը, օգտատերը պետք է որոշ ժամանակով իսկական ականազերծող դառնա`անջատելու համար այն. եթե նա չանջատի անհրաժեշտ լարերը, որոնք ամեն անգամ պատահական սկզբունքով են ընտրվում, տնով մեկ շատ տհաճ ազդանշան կհնչի, այնքան ժամանակ, քանի դեռ «ռումբը» վնասազերծված չէ:

3. Զարթուցիչ Shape Up Alarm Clock

Գանտելի տեսքով այս սարքը համատեղում է տհաճը (կտրուկ արթնացում) հաճելիի (առավոտյան մարզանք) հետ. Այն անջատելու միակ միջոցը 30 վարժություն կատարելն է: Դրանից հետո քնել դժվար թե հաջողվի:

4. Գորգ-զարթուցիչ Stand up to wake up!

Այս «դաժան» սարքը կհանի օգտատերին անկողնուց և հետո միայն կանջատվի: Զանգը չի լռի այնքան ժամանակ, քանի դեռ օգտատերը չի կանգնել վրան երկու ոտքով:

5. Զարթուցիչ Clocky

Այս սարքը մշակել է դիզայներ Գաուրի Նանդան Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից: Այն փախչում է տիրոջից և թաքնվում է` թույլ չտալով, որ իրեն անջատեն: Զարթուցիչը ոչ միայն կարող է վայր ցատկել գիշերային սեղանիկից (ռետինե անիվները պաշտպանում են նրա մեխանիզմը հարվածներից) և տեղաշարժվել սենյակով, այն նաև ծրագրավորված է ամեն անգամ նոր թաքստոց գտնելու համար: Սարքը տհաճ ձայն է արձակում, իսկ այն անջատելու փորձի դեպքում, արագ «փախչում է», համարձակ վայր նետվում, խոչընդոտներ հաղթահարում, շարժվելով միայն իրեն հայտնի ուղեգծով` և շարունակում է խլացնելու չափ զրնգալ:

6. Զարթուցիչ Blowfly

Այս սարքն անջատելու համար սկզբից այն բռնել է պետք: Սակայն, ի տարբերություն նախորդ գաջեթի, Blowfly-ը նաև թռչել գիտի: Ոչ մեծ սարքը մի փոքր պտուտակ ունի, որի օգնությամբ այն բարձրանում է օդ, երբ արթնանալու ժամանակն է գալիս: Թռչող զարթուցիչը տհաճ տզզացող ձայն ունի: Ենթադրվում է, որ բռնելու ընթացքում այսպիսի թռչող զարթուցիչի տերը կկարողանա և արթնանալ, և մարզանք անել:

7. Sfera alarm clock

Գնդաձև զարթուցիչն ամրացվում է առաստաղին: Նրա գործողության սկզբունքը շատ պարզ է. նշանակված ժամին այն սկսում է տհաճ ձայնով արթնացնել: Առաջինն, ինչ անում է արթնացած մարդը, բարձրացնում է ձեռքն ու հարվածում զարթուցիչին: Զարթուցիչը լռում է, սակայն մի փոքր բարձրանում է: Տասը րոպեից ամեն ինչ նորից է սկսվում: Այս անգամ հարկ է լինում մի փոքր բարձրանալ անկողնուց, այն անջատելու համար: Եվ վերջապես երրորդ անգամ զարթուցիչը բարձրանում է գրեթե մինչև առաստաղը, ուստի լիակատար աթնացումից արդեն հնարավոր չէ խուսափել: Երեկոյան այս զարթուցիչը կարող է որպես լամպ օգտագործվել: Սարքի օգնությամբ կարելի է ռադիո լսել:

8. Զարթուցիչ DIY

Այս սարքի հիմքում կրկին ֆինանսական միջոցները պահպանելու մոտիվացիան է: Այն միացնելու համար, սարքի մեջ հարկավոր է թղթադրամ դնել: Ազդանշանից հետո այն սկսում է դանդաղ ոչնչացնել թղթադրամը: Որքան մեծ է թղթադրամի արժեքը, այնքան ուժեղ է արթնանալու մոտիվացիան:

9. Զարթուցիչ Puzzle Alarm Clock

Սարքի կափարիչը չորս մասից բաղկացած փազլ է: Երբ զարթուցիչը սկսում է զնգալ, փազլի մասերը թռչում են տարբեր կողմեր: Այն անջատելու միակ միջոցը մահճակալից իջնելը, բոլոր տարրերը գտնելն ու ճիշտ կերպ դրանք տեղադրելը կլինի:

10. Զարթուցիչ-խնայատուփ Banclock

Այս սարքն օգտակար է բոլոր իմաստներով: Այն կանջատվի միայն այն ժամանակ, երբ օգտատերը մետաղադրամ գցի:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net