Հարցը քննարկելու և տեղի ունեցածը գերմանական խորհրդարանում որպես ցեղասպանություն որակելու փորձեր եղել են նաև նախկինում: ArmenianGenocide100.org-ը ներկայացնում է առաջին նման քննարկման փորձը, որն արվեց դեռևս Կայզերական Գերմանիայում՝ Ցեղասպանության օրերին:
Ռայխսթագի պատգամավոր, Գերմանիայի կոմունիստական կուսակցության ապագա համահիմնադիր Կարլ Լիբկնեխտը 1915-ի դեկտեմբերի 20-ին գրավոր հարցումով դիմել էր ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգին՝ տեղեկանալու, թե արդյոք Գերմանիայի կառավարությանը հայտնի են դաշնակից Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող զանգվածային ջարդերի փաստերը: 1916-ի հունվարի 11-ին Ռայխսթագի 13-րդ գումարման 26-րդ նիստում հնչեցրած պատասխանը և Ռայխի պատգամավորների բուռն հակազդեցությունը փաստում են, որ այն ժամանակ Գերմանիայի կառավարության և կառավարամետ պատգամավորների համար հումանիստ Լիբկնեխտի կողմից բարձրացվել էր գերմանական կառավարության քիմքին ոչ հաճո հարցապնդում:
Կարլ Լիբկնեխտի գրավոր հարցումն ու հարցման վերաբերյալ տեղի ունեցած կարճ քննարկման սղագրությունը
Համար 187, գրավոր հարցում համար 12
Պատգամավոր Կարլ Լիբկնեխտը դիմում է ռայխսկանցլերին:
Տեղյա՞կ է արդյոք ռայխսկանցլերը, որ ներկայումս ընթացող պատերազմում դաշնակից թուրքական կայսրությունում հայ բնակչությունը հարյուրհազարներով իրենց բնակատեղիներից վտարվում և ոչնչացվում է:
Ի՞նչ քայլեր է ձեռնարկել պարոն ռայխսկանցլերը, որ դաշնակից թուրքական իշխանության մեջ արթնանա ապաշխարելու անհրաժեշտությունը, որպեսզի Թուրքիայում հայ ժողովրդի մնացյալ հատվածի դրությունը մարդկային արժանապատվությանը վայել կարգավորվի, ու նման արհավիրքների կրկնությունը կանխվի:
Բեռլին, 20 դեկտեմբերի 1915թ.
Հատված Ռայխսթագի 13-րդ գումարման 26-րդ նիստի սղագրությունից. Բեռլին,1916-ի հունվարի 11
Նախագահ.Անցնում ենք օրակարգին: Օրակարգի առաջին մասը կազմում են գրավոր հարցումները: Առաջինը հարցումը համար 12-ն է (տպագիր՝ թիվ 187): Հարցումը ներկայացնելու համար խոսքը տրվում է պատգամավոր դոկտոր Լիբկնեխտին:
Դոկտոր Լիբկնեխտ, պատգամավոր. Տեղյակ է արդյոք ռայխսկանցլերը, որ ներկայումս ընթացող պատերազմում դաշնակից թուրքական կայսրությունում հայ բնակչությունը հարյուրհազարներով իրենց բնակատեղիներից վտարվում և ոչնչացվում է: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել պարոն ռայխսկանցլերը, որ դաշնակից թուրքական իշխանության մեջ արթնանա ապաշխարելու անհրաժեշտությունը, որպեսզի Թուրքիայում հայ ժողովրդի մնացյալ հատվածի դրությունը մարդկային արժանապատվությանը վայել կարգավորվի, ու նման արհավիրքների կրկնությունը կանխվի:
Նախագահ.Հարցմանը պատասխանելու համար խոսքը տրվում է կայզերական դեսպանորդ, արտաքին գերատեսչության քաղաքական բաժնի խմբի ղեկավար դոկտոր ֆոն Շտումին:
Դոկտոր ֆոն Շտում, կայզերական դեսպանորդ, արտաքին գերատեսչության քաղաքական բաժնի խմբի ղեկավար. Պարոն ռայխսկանցլերը տեղյակ է, որ Բարձր Դուռը, ելնելով հակառակորդի խռովարար խարդավանքներից, ստիպված է հայ բնակչությանը թուրքական տիրապետության որոշ տարածքներից տեղահանել և նրանց նոր բնակավայրեր ուղարկել: Ձեռնարկած վերոհիշյալ միջոցառումների պատճառով առաջացած որոշակի հետևանքներն այժմ գերմանական ու թուրքական կառավարությունների միջև մտքերի փոխանակման առիթ են դարձել: Մանրամասները տեղեկացման ենթակա չեն:
Պատգամավոր դոկտոր Լիբկնեխտ.Ես խնդրում եմ իրավունք տալ լրացում կատարել հարցմանը: (Դահլիճում աշխուժություն է տիրում):
Նախագահ. Հարցումը լրացնելու համար խոսքը տրվում է պատգամավոր դոկտոր Լիբկնեխտին:
Պատգամավոր դոկտոր Լիբկնեխտ.Հայտնի՞ է պարոն ռայխսկանցլերին, որ պրոֆեսոր Լեփսիուսը Թուրքիայի հայերի ուղղակի ոչնչացման մասին է խոս… (Նախագահի զանգը: Զեկուցողը փորձում է շարունակել խոսքը: Դահլիճից հնչում են «Լռությու՛ն, լռությու՛ն» բացականչություններ):
Նախագահ.Պարո՛ն պատգամավոր, սա նոր հարցում է, որը ես չեմ կարող թույլատրել:
Պատգամավոր դոկտոր Լիբկնեխտ.Պարո՛ն նախագահ, անցե՛ք կանոնակարգին: Խնդրեմ, կանոնակարգը:
Եթե պարոն նախագահը հարցումը մինչև վերջ լսեր, ի վիճակի կլիներ որոշել (դահլիճում կրկին աշխուժություն է սկսվում), արդյոք խոսքը նոր հարցման մասին է, թե ոչ: Ի դեպ պետք է ընդգծել, որ պարոն նախագահն ինքնակամ չվճռեց (կրկին լսվում են բացականչություններ), որ նոր հարցում է առաջադրված, այլ դահլիճի արձագանքից ելնելով:
Նախագահ.Պատգամավոր դոկտոր Լիբկնեխտ, ես արգելում եմ իմ կանոնակարգի նկատմամբ նման քննադատություն: (Բուռն ծափահարություններ): Անցնում ենք օրակարգի հաջորդ գրավոր հարցմանը…