PanARMENIAN.Net-ն առանձնացրել է պատմական քաղաքներ, հուշարձաներ ու կառույցներ, այդ թվում հայկական, որոնք հայտնվել են իսլամիստների հետ ռազմական բախումների կենտրոնում, թալանվել, հրկիզվել, ավերվել: Որպես կանոն, զինյալներն իրենց գործողությունները լուսանկարում և տեսագրում են, ապա տարածում համացանցային և քարոզչական իրենց ռեսուրսներով:
Սիրիական ժառանգությանն ամենամեծ վնասներից մեկը պատմաբանները համարում են 715-ին կառուցված և 2013-ի ապրիլին ամբողջությամբ գետնին հավասարեցված Հալեպի Մեծ մզկիթը:
Հալեպի ամենամեծ և ամենահին մզկիթը կառուցվել է 13-րդ դարում, սակայն դրա մինարեթներից մեկն ավելի քան 1 000-ամյա է: 2012-ի հոկտեմբերին մզկիթի տարածքում վերահսկողություն հաստատելու համար կառավարական զորքն է հրետակոծությամբ գրոհ նախաձեռնել, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել: Ռազմական հաջողությանը հետևել է մինչև նույն տարվա վերջը մզկիթը վերականգնելու կառավարության խոստումը: 2013-ի փետրվարին, սակայն, իսլամիստները պայթեցրել են մզկիթի հարավային պատը, իսկ ապրիլին ոչնչացրել կանգուն մնացած միակ մինարեթը:
Համայի ջրանիվները Սիրիայում պահպանվել էին և դարձել զբոսաշրջային կարևոր ուղղություն: 2014-ին իսլամիստներն այրել են դրանցից մի քանիսը:
Օրոնտ գետի վրա 5-րդ դարին թվագրվող ջրանիվները 30-նն էին, մինչ ռազմական գործողությունները Սիրիայում պահպանվել էին դրանցից 17-ը:
Ալեքսանդր Մեծից մինչև հռոմեական, մոնղոլական և օսմանյան իշխանությունները հասած Հալեպի միջնաբերդի որոշ հատվածներ օգտագործվում էին որպես ռազմաբազա. ոչնչացվել են 2012-ի օգոստոսին:
Սիրիական բանակի 25 զինծառայող 9 օր կարողացել է միջնաբերդը պահել, մինչև զինյալները սկսեցին պայթուցիկներ օգտագործեցին: Հալեպի միջնաբերդը 1986-ից ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Հալեպի Հին շուկան տարածաշրջանային արտադրանքի կարևոր առևտրային կենտրոն էր. շուկայի թունելները ռազմական գործողությունների կենտրոնում էին և 2012-ի հոկտեմբերին լուրջ վնասվել, ապա այրվել են:
Շուկան Սիրիայի համաշխարհային ժառանգության 6 կառույցներից մեկն է և ՅՈւՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ցանկում 1986-ից:
2014-ի ամռան սկզբին ԻՊ զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահման: Ռազմական գործողություններն այստեղ ևս ուղեկցվում են պատմական քաղաքների և հուշարձանների թալանով ու ոչնչացմամբ:
Ապրիլի սկզբին տեղեկություն տարածվեց, որ իսլամիստներն ավերակների են վերածել հնագույն պարթևական Հաթրա քաղաքը՝ ժամանակակից Իրաքի հյուսիսում: Գրոհայինները մահակների և հրազենի օգնությամբ կոտրել են հին քանդակներն ու արվեստի այլ նմուշներ, որոնք պատմական հուշարձանի տարածքում էին, ապա հատուկ տեխնիկայի միջոցով հողին հավասարեցրել քաղաքը:
Համարվում էր, որ զինյալները դեռևս մարտի սկզբին են ավերել քաղաքը, բայց վերջին շինություններն ու արտեֆակտերը, այդ թվում նաև այն տարածքը, որտեղ հնագիտական պեղումների էին կատարվում, հենց ապրիլի սկզբին են ոչնչացվել: ՀաթրանՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում էրհելլենական և հին հռոմեական ավանդույթների տարրերովեզակի ճարտարապետության համար:
Մարտի 20-ին տեղեկություն տարածվեց, որ ծայրահեղականները թալանել են Մոսուլից 30 կմ հեռու գտնվող Էլ Համդանիա քաղաքի շինությունների համալիրը, իսկ հետո գործի են դրել վանքի տարածքում տեղադրված պայթուցիկ սարքը:
Էլ Համդանիայի վանքը 4-րդ դարում կառուցվել է Ասորեստանի թագավոր Սենհարեբի հրամանով՝ որպես ապաշխարանք որդու՝ Բեհնամի և դստեր՝ Սառայի սպանության համար, որոնք քրիստոնեություն էին ընդունել: Մինչև 1790-ը վանքը հանգստավայր է եղել բազմաթիվ սիրիացի ուղղափառ պատրիարքների համար, մինչև որ չի փոխանցվել կաթոլիկ եկեղեցուն: Սակայն 8 տարի անց սիրիական ուղղափառ եկեղեցին կրկին ընդունել է այն:
Իրաքի զբոսաշրջության և պատմական հուշարձանների նախարարության տվյալով մարտի սկզբին ԻՊ զինյալները հողին են հավասարեցրել ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող ասորական Նեմրութ քաղաքի ավերակները:
«Ասորեստանի մարգարիտ»-ը հիմնադրվել է Ք.ա. 13-րդ դարում՝ Մոսուլի հարավ-արևելքում, Տիգրիսի ափին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՊ գրոհայիններն Իրաքի հյուսիսում ոչնչացրել են հազարամյակների վաղեմության արձանների և քանդակների հավաքածու: Քանակը չի նշվում:
Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով 10 հազար գիրք: Գրադարանի բակում իսլամիստները խարույկ են վառել գրքերից ու ձեռագրերից:
Ոչնչացված գրքերի թվում են նաև մշակույթի, փիլիսոփայության ու պատմության եզակի նմուշներ: ԻՊ գրոհայինները արդարացրել են իրենց գործողությունները, թե գրքերն ու ձեռագրերն այլախոհություն էին սերմանում:
Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ իսլամիստները Մոսուլում պայթեցրել են Սուրբ Գևորգ քրիստոնեական եկեղեցին։
Քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին համարվում է ամենամեծն ու ամենից շատ հետևորդներ ունեցող եկեղեցիներից մեկը: Եկեղեցու հարևանությամբ է գտնվում նաև քրիստոնեական գերեզմանոցը:
Հալեպում շարունակվող հրթիռակոծությունների թիրախն ապրիլի 28-ին պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող, 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքն էին: Եկեղեցին գրեթե ամբողջությամբ փլված է:
Պայթեցվել է ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Չի փուլզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը: Եկեղեցու համալիրում կային բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին:
2014-ի սեպտեմբերի 21-ին ծայրահեղականներն ականապատել և պայթեցրել ենԴեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Այս եկեղեցի-հուշահամալիրում էին ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կային։
2013-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ռաքքայի Թել Աբիդադ քաղաքում, իսլամիստները հրկիզել են հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ ապաստան էին գտել արաբ ընտանիքներ:
Հրկիզելուց առաջ հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան նրանք հանել են եկեղեցու խաչը: Վնասվել է ներքին հարդարանքը: Հայերը Թել Աբիդադում հաստատվել են 1915-ից: Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1932-ին, վերանորոգվել 1996-ին: Մինչ պատերազմը եկեղեցում կիրակնօրյա դպրոց էր գործում:
2014-ի ամռան սկզբին ԻՊ զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջին նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին սկսեց ավիահարվածներ սկսեց ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում Վաշինգտոնն ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: