Ինչպես գրում է «Մշակ» թերթը, 1913-ի նոյեմբերի սկզբին հունական մի շոգենավ, զենքով ու ռազմամթերքով (ըստ որոշ աղբյուրների՝ մոտ 7.000 հրացան) բեռնված, մեկնում է Կիլիկիա՝ դրանք հայերին հանձնելու համար: Այդ մասին տեղեկանալով՝ Միջերկրական ծովի գերմանական ռազմական նավատորմի հրամանատարը մեկնում է Կիլիկիայի ափերը, որպեսզի կանխի զենքի բեռնաթափումը: Արդեն մոտալուտ աշխարհամարտին ընդառաջ, Օսմանյան կայսրությունը Գերմանիայի դաշնակիցն էր, և վերջինս չէր կարող թույլ տալ հայերի զինումը:
Բայց բանը չհասավ գերմանական կողմի միջամտությանը: Ըստ «Մշակ» թերթի տեղեկությունների՝ հայերը, «ենթարկվելով իրենց հոգևոր իշխանությունների նախազգուշացմանը և առհասարակ չմտորելով ապստամբության մասին», չգնացին զենքն ընդունելու: Իսկ շոգենավը, Մերսինի շրջանում մոտենալով ծովափին և այնտեղ հայերի չտեսնելով, հեռացավ:
Մինչև այդ, սակայն, տեղի թուրքերին տեղեկություններ էին հասել շոգենավի ժամանման և նպատակի մասին, ու հայերի դեմ ուղղված սպառնալից շարժումներ էին սկսել. հայերը սկսեցին երկյուղել, թե կարող են կրկնվել 1909-ի Ադանայի ջարդի գազանությունները: Թեև գերմանական ծովակալը չկարողացավ կանգնեցնել հունական շոգենավը, տեղեկանալով թուրքերի շրջանում սկսված հակահայկական հուզումների մասին՝ այցելեց Ադանայի նահանգապետին և սպառնաց, որ հայերի կոտորածների դեպքում կռմբակոծի Ադանան, և որ «Գերմանիան կդադարի պաշտպանել Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի»:
Թե իրականում ինչպես կգործեր գերմանական հրամանատարությունը այդ ժամանակ հայերի հնարավոր ջարդերի դեպքում՝ հայտնի չէ: Համենայն դեպս, այդ շրջանում, երբ եվրոպական մեծ տերությունների դիվանագիտական ակտիվ քննարկումների առարկա էր Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարեկարգումներ անցկացնելու հարցը, նախքան այդ պասիվ և առավելապես թուրքական կողմին սատարող Գերմանիան առժամանակ սկսեց ակտիվորեն հանդես գալ դրանք իրականացնելու օգտին: Նպատակը մի կողմից հարցն իր հակառակորդ Անտանտի երկրների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հայեցողությանը չթողնելու ցանկությունն էր, մյուս՝ արևմտահայության համակրանքը դեպի իր կողմը շեղելու փորձը: 1914-ին Գերմանիայում հիմնվեց Գերմանա-հայկական ըներությունը, որի նախագահը հայտնի հասարակական գործիչ ու մարդասեր Յոհաննես Լեփսիուսն էր:
Իսկ արդեն 1915-in սկսված հայերի կոտորածների ու բռնագաղթի հարցում Գերմանիան իր ռազմական դաշնակից Թուրքիայի հանդեպ հանցավոր անտարբերության ու թողտվության քաղաքականություն դրսևորեց:
Ինչպես գրում է «Մշակը», հունական աղբյուրների համաձայն՝ զինատար շոգենավը պատկանել է մասնավոր անձի, և Մերսինի ափերի մոտ դրա երևալուն քաղաքական նշանակություն չի տրվել:
Թեև հունական ռազմական նշանակալի աջակցությունը մերժելու փաստն ինքնին մեկ անգամ ևս հերքում է Ցեղասպանության թուրքական ժխտողականության ամենատարածված թեզերից մեկը՝ իբր հայերի կողմից նախապատրաստվող ապստամբության մասին, այնուամենայնիվ, դեռ Աբդուլ Համիդի օրոք հայության դեմ սկսված՝ շարունակական պետական ցեղասպանական քաղաքականության հետևանքով հայությունը լիարժեք բարոյական և օրինական իրավունք ուներ՝ զենքը ձեռքին պայքարելու թուրքական բռնատիրության և ոչնչացման քաղաքականության դեմ: Իրադարձությունները, սակայն, այլ կերպ ընթացան, և օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով՝ Առաջին աշխարհամարտին ընդառաջ Օսմանյան կայսրությունում հայությունը, այդ թվում և՝ Կիլիկիայում, նախընտրեց ապավինել իշխանություններին չգրգռելու և բարեկարգումների իրագործման միջոցով Հայկական հարցը լուծելու քաղաքականությանը: Եվ Կիլիկիայի միջադեպը միայն փաստում է՝ Ցեղասպանությունից առաջ հայերն անպատրաստ էին պաշտպանելու իրենց անվտանգությունը ֆիզիկական ոչնչացումից ու բռնագաղթից: