1 հունիսի 2015 - 11:26 AMT
ՀՈԴՎԱԾ
Ի՞նչ մշակութային միջոցառումներ են սպասվում շաբաթվա ընթացքում և ո՞ւր արժե գնալ
Հունիսի 1-ից՝ 7-ը սպասվող մշակութային միջոցառումները
Ինչո՞վ զբաղվել երեկոյան ժամերին ու հանգստայան օրերին: Ի՞նչ մշակութային միջոցառումներ են նախատեսված Երևանում: PanARMENIAN.Net-հավաքել է շաբաթվա ընթացքում սպասվող միջոցառումները, որոնց արժե ուշադրություն դարձնել:

Հունիսի 2-ին «Դալան» ցուցասրահում շարունակվում է ցուցադրվել Նարեկ Վան Աշուղաթոյանի «Մասնիկապատում» անհատական ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև հունիսի 4- ը:

Նույն օրը Ազգային պատկերասրահում կարողա եք դիտել Լևոն Թութունջյանի «Բացառիկ ստեղծագործության ցուցահանդես»-ը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: 24 գրաֆիկական աշխատանքի ու 3 քանդակի հետ ցուցադրված է նաև Ցեղասպանությանը նվիրված հանրահայտ «Դեղին դիմակ» սյուրռեալիստական ստեղծագործությունը:

Հունիսի 3 Mezzo ակումբում վրացական բլյուզի երեկո է լինելու՝ Koka & T. Blues Mob: Հատուկ հյուրերն են Դի Դիկովսկին ու Արտակ Ներսիսյանը: Սկիզբը՝ ժամը 21:00-ին:

Ամսի 2-3-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Դոն Ժուանները Մարսելում» ներկայացումն է ֆրանսիացի գրող Մարկ Կամոլետտիի «Խավարտ՝ ֆրանսիական ձևով» պիեսի հիման վրա, որը բեմդարել ու ադապտացրել է Նարեկ Դուրյանը: Ներկայացումն առաջին «Դոն Ժուանի» շարունակությունն է: Տոմսերի արժեքը` 2000-4000 դրամ:

Հունիսի 3- ին` ժամը 20:00- ին, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Anathema աշխարհահռչակ խմբի առաջին համերգն է Հայաստանում: Նրանցից առաջ ելույթ կունենա The Beautified Project ալտերնատիվ ռոք խումբը: Տոմսերի արժեքը` 7000-ից՝ 30.000 դրամ:

Նույն օրը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Լորկիանա» և «Կարմեն-սյուիտ» բալետների պրեմիերան է, յուրաքանչյուրը՝ 1 գործողությամբ: Սկիզբը՝ 19:00-ին, իսկ տոմսերն արժեն՝ 1000 - 6000 դրամ:

Հունիսի 4-ին նորից Պարոնյանի անվան թատրոնում Կարապետ Բալյանի բեմադրած Քիթ-Cut ներկայացումն, որը պատմում է 2080 թվականի Հայաստանի մասին, որտեղ մնացել են վերջին 2 մարդը, ովքեր չեն վիրահատել իրենց քթերը, ինչը տարիների ընթացքում դարձել է պարտադիր: Ներկայացման վերջում պարզ կդառնա՝ կվիրահատե՞ն արդյոք նրանք էլ իրենց քթերը, թե՝ ոչ:Սկիզբը՝ 19:00-ին, տոմսերն արժեն 3000-ից՝ 5000 դրամ:

Նույն օրն Օպերային թատրոնում Հյուսիսային Օսեթիայի «Ալան» պետական ակադեմիական պարի անսամբլի համերգն է, որն անցկացվում է հունիսի 3-6-ը Հայաստանում Հյուսիսային Օսեթիայի մշակույթի օրերի շրջանակում: Տոմսերի արժեքը՝ 2000-8000 դրամ, սկիզբը՝ 19:00-ին:

Հունիսի 5-ին Օպիում ակումբում Գերմանիայի ակումբային բեմի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Ռոբերտ Բաբիչի (Robert Babicz) բացառիկ ելույթն է Երևանում: Մեկնարկը՝ 21:00-ին, իսկ արժեն տոմսերը 6000-ից՝ 10.000 դրամ:

Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Հայաստանում Հյուսիսային Օսեթիայի մշակույթի օրերի շրջանակում Արվեստի վարպետների համերգ է կայանալու: Այն կանցկացվի Օպերայում, տոմսերի արժեքը` 1000-5000 դրամ:

Շաբաթ օրը երեխաներին կարելի է տանել Խամաճիկների թատրոն՝ դիտելու Լիլի Էլբակյանի բեմադրած «Փոքրիկն ու Կառլսոնը»: Մեկնարկը՝ ժամը 12:30-ին, 14:00-ին ու 15:30-ին:

Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Օպերային թատրոնում Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների 11- րդ միջազգային մրցույթի բացումն է:

Իսկ երեկոյան Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» ներկայացումն է՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին: Սկիզբը՝ 19:00-ին, տոմսերն արժեն 1000-ից՝ 2500 դրամ:

Կիրակի օրը՝ ժամը 17:00-ին, փոքրիկներին կարելի է տանել Կամերային թատրոն՝ դիտելու «Երեք խոզուկների նոր արկածները» հեքիաթ-մյուզիքը՝ ստեղծված դասական և ժամանակակից երաժշտական չափանիշներով: Տոմսերի արժեքը` 1000-2000 դրամ:

Արդեն երեկոյան ժամը 19:00-ին Կամերայինում Արա Երնջակյանի «Սիրային քառանկյունի» ներկայացումն է լինելու: Տոմսերն արժեն 1000-ից՝ 3000 դրամ: