Նկարը գողացել են 1997 թվականին Մոսկվայում` մասնավոր հավաքածուից: Կտավն անհետացել էր ԽՍՀՄ նավաշինարարական արդյունաբերության ժողկոմ Իվան Նոսենկոյի այրիի մոսկովյան բնակարանից: Դրանից հետո ոչ մի տեղեկություն դրա մասին չի եղել մինչև, որ այն չի հայտնվել աճուրդում: Նկարները և արվեստի այլ գործերը միշտ ցանկալի ավար են եղել գողերի համար, չէ որ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ են ցանկացած գումար վճարել սեփական հավաքածուին համաշխարհային մի գլուխգործոց հավելելու համար:
Արվեստի գործի ամենաառաջին աղմկահարույց առևանգումը տեղի է ունեցել XV դարում. ծովահենները գողացան Հանս Մեմլինգի «Ահեղ դատաստանը» տրիպտիխը: Սա առաջին գեղարվեստական գործն էր, որը պաշտոնապես գողացված համարվեց: Ամեն ինչ տեղի ունեցավ ծովում` Ֆլորենցիայի ճանապարհին: Նկարտ տեղափոխվում էր «Մատեո» նավով Բրյուգգե-Պիզա-Կոստանդնուպոլիս երթուղով:
Ծովահենների նավապետ Պաուլ Բենեկեն մեծահոգության մասին տարօրինակ պատկերացումներով մարդ էր և նվիրեց նկարը իր տերերին Գդանսկում, իսկ նրանք իրենց հերթին` նույն քաղաքի Սբ Մարիամի եկեղեցուն: Չնայած նկարը վերադարձնելու Ֆլորենցիայի ապարդյուն փորձերին, նկարը կախված մնաց Գդանսկի եկեղեցում ավելի քան 500 տարի` որոշ ընդհատումներով Եվրոպայում «ցուցադրվելու» ժամանակ: Այսօր այն կարելի է տեսնել տեղի Պոմորի թանգարանում:
«Ահեղ դատաստանը» տրիպտիխ / Մոնա Լիզայի դիմանկարը
XX դարի իսկական սենսացիա դարձավ Մոնա Լիզայի դիմանկարի առևանգումը 1991 թ. օգոստոսի 21-ին: Դրանից հետո Լեոնարդ դա Վինչիի այդ գործի գինը կտրուկ աճեց և այն դարձավ ամենահայտնի կտավն աշխարհում: Կա կատարվածի մի քանի վարկած; Ճշգրիտ հայտնի է, որ «Մոնա Լիզա» դիմանկարը գողացել է Վինչենցո Պերուգգիան: Նա հանել է նկարը պատից այն օրը, երբ թանգարանը չէր աշխատում, և դուրս է եկել շենքից` կտավը պահելով հագուստի տակ:
Իսկ թե ինչու նա արեց դա. այստեղ կարծիքները տարբեր են: Ոմանք կարծում են, որ բանվորը Փարիզից ուղղակի սիրահարվել էր Մոնա Լիզային, հենց որ նայել է նրա աչքերին: Նա մտադիր չի եղել վաճառել կտավը` նկարը երկու տարի կախված է եղել նրա խոհանոցում: Մեկ այլ վարկածով, Պերուգգիան գործել է հայրենասիրական մղումներով: Այսինքն նա ցանկացել է վերադարձնել ժամանակին Նապոլեոնի կողմից հափշտակված կտավը հայրենիք` Իտալիա: Սակայն մասնագետների մեծամասնությունն այնուամենայնիվ շահադիտական մղումներ է վերագրում նրան:
«Մոնա Լիզան» Դա Վինչիի միակ նկարը չէ, որին աչք էին դրել գողերը: 2003-ի օգոստոսին հանցագործները Շոտլանդիայի Դրամլենրինգ դղյակից գողացան այդ նկարչի ևս մեկ կտավ` «Իլիկով Տիրամայրը»: Դղյակի թանգարանում են պահվում նաև Դա Վինչիի, Ռեմբրանդտի, Հանս Գոլբեյնի ընդհանուր արժողությամբ 650 մլն դոլարի կտավներ: «Իլիկով Տիրամայրը» գնահատվում է 65 մլն դոլար: Նկարը հայտնաբերվել է 4 տարի անց:
Եվս մեկ աղմկահարույց կողոպուտ է տեղի ունեցել 1985 թվականի հոկտեմբերի 13-ին: Փարիզի Մարմոտան թանգարանից գողացան Մոնեի, Ռենուարի և Մորիզոյի վրձնին պատկանող գեղանկարչության մոտ 10 գլուխգործոց: Գողոնի ընդհանուր գումարը կազմեց 20 մլն դոլար:
«Տպավորություն. Ծագող արև»/ «Իլիկով Տիրամայրը»
Հանցագործները թանգարան են ներխուժել օրը ցերեկով: Նրանք գետնին են տապալել պահակներին ու այցելուներին, հանել են պատերից այն ամենն, ինչ նրանց հարկավոր էր, և հանգիստ հեռացել են: Ավազակների գողացածից ամենաարժեքավորը Կլոդ Մոնեի «Տպավորություն. Ծագող արև» լեգենդար կտավն էր, որը անվանում տվեց իմպրեսիոնիզմի մի ամբողջ ուղղության:
Գողոնը փնտրեցին 5 տարի: Արդյունքում կտավները հայտնաբերեցին 1990-ին Կորսիկայի հարավում գտնվող լքյալ մի առանձնատանը` Պորտո Վեկկիոյում: Նկարներն այդպես էլ չհաջողվեց վաճառել. համաշխարհային հռչակ ունեցող ստեղծագործություններն ու աղմուկը, որ մամուլը բարձրացրեց կողոպուտի շուրջ, անհնար դարձրեցին նրա իրացումը: Այն ժամանակ հանցագործները, Ինտերպոլի ճանկը չընկնելու համար, որոշեցին ուղղակի ազատվել այդ նկարներից:
20-րդ դարի ամենաաղմկահարույց գողությունը կարելի է համարել 1990 թ. կողոպուտն ԱՄՆ-ում: Այն ժամանակ ոստիկանական համազգեստ հագած գողերը թալանեցին Բոստոնի Իզաբելլա Գարդների թանգարանը: Նրանց հաջողվեց ներս մտնել` ստելով թանգարանի աշխատակիցներին, թե շենքում գործել է տագնապի ազդանշանը: Իսկ հետո ձեռնաշղթաներ են հագցրել պահակների վրա: Թանգարանից դուրս է բերվել 12 նկար, այդ թվում` Ռեմբրանդտի երկու նկար («Սևազգեստ տղամարդն ու կինը» և «Փոթորիկը Հալիլեյում»), Հովարդ Ֆլինկի գեղանկարը, Մանեի վրձնած դիմանկարը, Դեգայի 5 ակվարել, ինչպես նաև թանգարանի մարգարիտը` Վերմեր Դելֆտսկու «Համերգը»: Թալանածի գումարն ապշեցնում է` 300 մլն դոլար: Ընդ որում կողոպտիչների մասին տեղեկությունների համար 5 մլն դոլար պարգևատրություն նշանակվեց: Չնայած դրան, այս նկարները մինչ օրս որոնում են:
2000 թ. դեկտեմբերի 22-ին Շվեդական Ազգային թանգարանից գողացան «Պատանի փարիզուհին» կտավը և Ռենուարի ևս երկու նկար: Այստեղ մի համակարգված խումբ է աշխատել: Սկզբից ականապատել են թանգարանի մոտ կայանած ավտոմեքենաները` երբ ռումբերը պայթեցին, ոստիկանություն եկավ: Այս իրավիճակում ինքնաձիգներով զինված 3 անձ մտավ թանգարան: Հանցագործներից մեկը զենքն ուղղեց պահակների և այցելուների վրա, իսկ մյուս երկուսը պատերից հանեցին Ռենուարի աշխատանքները` «Պատանի փարիզուհին». «Զրույցը այգեպանի հետ» և ինքնանկարը:
Թանգարանը հենց ջրի ափին է գտնվում, ուստի գողերը հեռացան մոտորանավակով: Այս ամենը մարտաֆիլմի տեսարան էր հիշեցնում` հեռանալով, ավազակները նույնիսկ մեխեր շաղ տվեցին` դժվարացնելու համար հետապնդումը: Մեկ տարի անց «Պատանի փարիզուհին» ի հայտ եկավ թմրամոլների որջի խուզարկության ժամանակ, իսկ մյուս 2 նկարը մինչ օրս չի գտնվել: Վնասի գումարը հասնում է մոտ 30 մլն դոլարի:
«Ճիչը» / «Պատանի փարիզուհին»
Ոչ պակաս աղմկահարույց կողոպուտ տեղի ունեցավ 2004-ի օգոստոսին: Էդվարդ Մունկի թանգարանից այցելուների աչքի առաջ զինված գողերը մի քանի արժեքավոր նկար առևանգեցին, այդ թվում նկարչի գլուխգործոցները` «Ճիչն» ու «Տիրամայրը» : Կողոպտիչների մասին տեղեկատվության համար իշխանություններն առաջարկեցին 250 հազար եվրո: Բարեբախտաբար, արվեստի գլուխգործոցները հաջողվեց գտնել 2006-ին:
«Դարի կողոպուտ» են անվանում նաև գողությունը Էմիլի թանգարանից Ցյուրիխում: Այն տեղի ունեցավ 2008թ. փետրվարի 10-ին: Գողացվեց 4 կտավ 164 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Երեք կողոպտիչները թանգարանի պատերից հանեցին Մոնեի («Կակաչները Վետենի արվարձաններում»), Սեզանի («Կարմիր անթև հագուստով տղան»), Դեգայի (Կոմս Լեպիկը դուստրերի հետ) և Վան Գոգի («Շագանակի ծաղկած ճյուղերը») կտավները ու հեռացան անհայտ ուղղությամբ: Նկարները դեռ չեն գտել` հայտարարված է 100 հազար ֆրանկ պարգևավճար:
2012-ի հունիսի 19-ին ԱՄՆ «Վեներան Մանհեթենի վրա» պատկերասրահից գողացվեց Սալվադոր Դալիի «Դոն Խուան Տենորիոյի աֆիշը» կտավը:
Կողոպտիչն ուղղակի ժամը 16-ին մոտ մտել է պատկերասրահ, ուղղակի դրել է հայտնի սյուրռեալիստի աշխատանքը սև պայուսակի մեջ և ուղղակի դուրս է եկել: Նա պատկերասրահում է մնացել 14 րոպե: Չնայած, որ այդ ամենը նկարահանվել է տեսախցիկներով և այդ կադրերը հետագայում ամբողջ աշխարհը տեսավ, ոչ ոք չկարողացավ ճանաչել այդ ճաղատության հակումով, վանդակավոր վերնաշապիկ հագած մարդուն` այնքան աննշան էր նրա արտաքինը: Իսկ մեկ ամիս անց պատկերասրահը նամակ ստացավ. «Ձեր կտավն արդեն ձեր մոտ է գալիս» գրությամբ, որին կցված էր Եվրոպայից փոստային առաքման համարը: Նկարը բարեհաջող տեղ հասավ և զբաղեցրեց իր տեղը, իսկ հանցագործի անձը հնարավոր եղավ պարզել միայն վերջերս` դա 29-ամյա հույն Ֆիվոս Իստավրիօղլուն էր, որը շատ հիմար կերպով մատնեց իրեն: Հունաստանում նա սուպերմարկետից մի շիշ հյութ էր գողացել, նրան բռնեցին, մատնահետքեր վերցրեցին, որոնք համընկան նկարի վրայի մատնահետքերի հետ:
«Դոն Խուան Տենորիոյի աֆիշը» / «Տիրամայրը»
Արվեստի գործերի ամենազանգվածային առևանգումը 7-10 հազար արտեֆակտերի գողությունն էր Իրաքի թանգարանից 2003 թ.:
2003 թ. մարտ-ապրիլին ռազմական հակամարտության ժամանակ Իրաքի մշակութային հաստատություններն ու հնագիտական կենտրոնները հսկայական կորուստներ կրեցին: Թալանը համաճարակի չափեր ստացավ: Իրաքի Ազգային թանգարանից գողացված իրերի մեծ մասը վերդարձվեց, սակայն, մինչ օրս մոտ 7-10 հազար ցուցանմուշ հետախուզման մեջ է:
Որոնվողների թվում այսօր երկու գլուխգործոց կա` Վան Գոգի երկու նկար, որոնք գողացել են Ամստերդամի թանգարանից 2002-ին: Մյուս որոնվող նկարների թվում են Դա Վինչիի, Սեզանի, Վան Գոգի, Մունկի և այլ հայտնի նկարիչների գործեր:
Ընդհանուր առմամբ, 10 ամենաաղմկահարույց կողոպուտների արդյունքում առևանգված արվեստի գործերը մասնագետների կողմից գնահատվում են 600 մլն դոլար: Սակայն դրանք անգին են մարդկության մշակութային ժառանգության համար: