18 հունիսի 2015 - 21:24 AMT
ՀՈԴՎԱԾ
Պրահայի քվադրինալեն. Ինչպես ամեն ինչ սկսվեց
Առաջին «Ոսկե տրիգային» արժանացավ Ֆրանսիան
1967 թվականից Չեխիայի մայրաքաղաքում 4 տարին մեկ անցկացվում է Պրահայի քվադրինալեն (PQ)՝ բեմանկարչության ամենազանգվածային միջոցառումը, որը ներկայացնում է բեմանկարչությունը՝ սկսած բեմի և կոստյումների դիզայնից մինչև լուսային, ձայնային դիզայն, ինչպես նաև հատուկ կիրառական բեմանկարչությունը:

Իսկ սկսվեց ամեն ինչ 1959 թվականին՝ Սան Պաուլոյի Բիենալեում Ֆրանտիշեք Թրոսթերի հատուկ ցուցահանդեսով, որը ցուցադրում էր 1914-1959 թվականներին Չեխիային և Սլովակիային բեմական դիզայնի և թատերական ճարտարապետության զարգացումը: Արդյունքում ցուցահանդեսն արժանացավ Չեխոսլովակիայի ոսկե մեդալին: Հաջորդող երեք բիենալեներում Չեխիայի շարունակական հաղթանակի արդյունքում Պրահան 4 տարին մեկ Եվրոպայում բեմական դիզայնի միջազգային ցուցահանդեսը հյուրընկալելու հնարավորություն ստացավ: Այդ պահից էլ սկսվեց միջազգային ցուցահանդեսի պատմությունը, որն այսօր հայտնի է որպես Prague Quadrennial:

Առաջին PQ-ն անցավ «Բրյուսելյան տաղավարներում», որոնք Պրահա էին բերվել Բրյուսելում կայացած Expo 58-ից: Գլխավոր մրցանակի՝ «Ոսկե տրիգայի» համար մրցում էր 20 երկրից ժամանած 327 բեմանկարիչ: Ոչ մրցակցային, պատվավոր ցուցադրության սրահը նվիրված էր Սան Պաուլոյի միջազգային բիենալեում չեխոսլովակ դափնեկիրներին՝ կենդանի և գործող լեգենդներին և ժամանակակից չեխական բեմանկարչության նորարարներին:

Ֆրանսիայի տաղավարը, 1967

«Ոսկե տրիգային» այդ տարի արժանացավ Ֆրանսիան, որի տաղավարի ձևավորման հիմքում այդ երկրի արվեստագետների անցկացրած ամենահամարձակ ու ամենանորաձև հետազոտությունն էր:

Այժմ այն կազմակերպում են Չեխիայի մշակույթի նախարարությունն և Եվրոպական ﬕությունը: Այս տարիների ընթացքոււմ իրենց աշխատանքներն են ներկայացրել այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են` Սալվադոր Դալին, Օսկար Նիﬔյերը, ժոզեֆ Սվոբոդան, Ռոբերտ Ուիլսոնը և ոչ միայն:

Քվադրինալեում ներկայացվում են կատարողական դիզայնի և ճարտարապետության ամենանոր միտումները: Միջազգային այս միջոցառմանը մասնակցում են ցուցադրություններ աշխարհի ավելի քան 60 երկրից:

PQ-ն հարթակ է, որն արդեն տարեկան ավելի քան 5000 թատերական մասնագետի և ուսանողի է համախմբում, 50.000-ից ավելի այցելու ունենում ամբողջ աշխարհից:

Այդտեղ հիմնական միջոցառումներից բացի կազմակեպվում են նաև գիտաժողովներ և սեմինարներ: Ծրագիրը ներառում է ներկայացումներ, կրթական միջոցառումներ և միջազգային գործակցության համար նախատեսված հանդիպումներ: Հայաստանը ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցել է 2011-ից, այս տարի էլ երկրորդ անգամ է ներկայանում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» ցուցադրությամբ:

Այսօրվանից՝ հունիսի 18-ից, գործում է 13-րդ ցուցահանդեսը՝ PQ'15-ը, որի պաշտոնական բացումը նախօրեին երեկոյան էր, իսկ կփակվի այն հունիսի 28-ին: Այն անցնում է «Ընդհանուր տարածք. Երաժշտություն, եղանակ, քաղաքականություն» խորագրի ներքո: PQ'15-ի նպատակն է ստեղծել անտեսանելի բեմանկարչություն. միջավայր, որը խորապես կազդի մարդու վրա՝ անկախ դրա ոչ նյութական ու տեսանելի լինելուց:

Բրազիլիայի հաղթած տաղավարը, 2011

Բացի ավանդական, մրցակցակցային «Երկրներ ու տարածաշրջաններ» և «Ուսանողական» բաժիններից PQ'15-ում լինելու է նաև «Կատարողական տարածության» բաժին, որը կենտրոնանացած է ճարտարապետության վրա: PQ'15-ի առանձնահատկություններն են Պրահայի կենտրոնական պատկերասրահներում և հանրային վայրերում ցուցադրվող ցուցահանդեսներն ու կենդանի միջոցառումներն ուղեկցող օբյեկնտները, դրանք իրականացնողներն ու զանգվածները: PQ'15-ի շրջանակում նաև քաղաքի փողոցներում և թատրոններում անցկացվող ուսանողական ավանդական ներկայացումներ են սպասվում: Դասախոսությունները, քննարկումները և SpaceLab սեմինարները կվարեն համաշխարհային առաջատար թատերագետներ ու արվեստագետներ:

Պրահայի քվադրինալեն եզակի հարթակ է աշխարհի թատերական մշակույթների և նկարիչների հանդիպման համար` այն փորձի փոխանակման, թատերական նոր զարգացումներն ու տեխնիկական հնարավորությունները բացահայտելու կամ սեմինարների շրջանակում աշխատանքի նոր ոճերին ծանոթանալու եզակի հնարավորություն է ընձեռում:

Այն միահյուսվում է համանուն եռամյա գեղարվեստական նախագծի հետ, որը կազմակերպում է PQ-ն եվրոպական ևս 11 կազմակերպության հետ համատեղ: Այս ծավալուն նախագծի կենտրոնում սիմպոզիումներ են, ցուցահանդեսներ, սեմինարներ ու ուսումնական ծրագրեր, որոնք անցնելու են Եվրոպայում և ավարտվելու են հենց քվադրինալեի շրջանակում: