14 հուլիսի 2015 - 20:33 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Ցեղասպանագետների գիտաժողովը Երևանում. Թեժ, բուռն, բայց արդյունավետ քննարկումներ
ՀՀ նախագահն արժևորել է համաժողովի առաքելությունը և տարիներ ի վեր մասնագետների ներդրած ջանքերը՝ ուղղված գիտական մակարդակում պատմական արդարության վերականգնմանը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուլիսի 8-12-ը հյուրընկալել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ գիտաժողովը, որի խորագիրն է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն»: Հեղինակավոր այս գիտաժողովի անցկացումը Երևանում աննախադեպ էր թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ակադեմիական բարձր վարկանիշի և, իհարկե, 100-րդ տարելիցի տեսանկյունից:

Գիտաժողովը Հայաստանում առաջին անգամ է անցկացվել ու նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին: Գիտաժողովին մասնակցել են ցեղասպանագիտության և հարակից ոլորտների հարյուրավոր լավագույն մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից:

1997-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010-ին ստացել ՀՀ նախագահի` Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ:

Գիտաժողովը նախատեսվում է անցկացնել երկու տարին մեկ` սկսած 2016 թվականից:

Նախագահ. Միջազգային պայքարը ցեղասպանության դեմ պետք է նոր թափ առնի

Երևանում Ցեղասպանագետների գիտաժողովի բացման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի, նոր բովանդակություն ստանա և օգտագործի բոլոր հնարավոր հարթակները:

«Հաճախ թվում է, որ միջազգային իրավունքի զարգացմանը, քաղաքական մտքի առաջխաղացմանը զուգընթաց մարդկությունը պետք է արդեն իսկ հաղթահարած լիներ ցեղասպանության հանցագործության արհավիրքը: Այնքան է խոսվել մարդկության դեմ ուղղված այս հանցագործության բաղադրիչների մասին, այնքան ջանք է ներդրվել այս հանցագործությունը բնորոշելու, կանխարգելելու, պատժելու և դատապարտելու ուղղությամբ, որ թվում էր, թե «այլևս երբեք» կարգախոսն իր լիարժեք իրագործմանը կհասնի: Ցավոք, մենք այսօր էլ ականատեսն ենք դառնում ցեղասպանական գործողությունների, այլատյացության քարոզչության, ֆաշիստական գաղափարախոսության առաջ մղմանը», - նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հաշվի առնելով այդ հանցագործության բազմաշերտ բնույթը, չափազանց կարևոր է դրա բնորոշման, կանխարգելման, դադարեցման, դատապարտման, դրա համար պատժի կիրառման գործընթացի բազմակողմանիորեն հիմնավորվածությունը՝ գիտական հենքի վրա: Այս համատեքստում նախագահն արժևորել է համաժողովի առաքելությունը և տարիներ ի վեր մասնագետների ներդրած ջանքերը՝ ուղղված գիտական մակարդակում պատմական արդարության վերականգնմանը։

Հայկ Դեմոյան. Ցեղասպանություն երևույթը չի իմաստավորվել մարդկության կողմից

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը գիտաժողովի բացման ժամանակ նշել է, որ ցեղասպանության երևույթը որպես այդպիսին չի իմաստավորվել ու ընկալվել մարդկության կողմից, և ինչ-որ առումով մարդկությունը հաշտվել է դրա գոյության և հետևանքների հետ:

«Այսօր աշխարհի տարբեր անկյուններում մոլեգնող զանգվածային բռնություններն ու ահաբեկչությունները, տարբեր երկրներում իշխանության գլուխ կանգնած ռազմամոլ և հավակնող առաջնորդների ագրեսիվ հռետորաբանությունն այն ահազանգներն են, որոնք անուշադրության չպետք է մատնել: Հայերը, հրեաները, թութսիներն ու բոսնիացիները չեն կարող միայնակ մնալ իրենց ցավի ու հիշողության հետ, քանզի դա համայն մարդկության ցավն ու օրակարգային խնդիրն է տեղի ունեցած ողբերգության հետևանքներին առարեսվելու համար», - ասել է Դեմոյանը:

Նա նշել է, որ այս տարի աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ևս մեկ անգամ բոլորին ստիպեց հետադարձ հայացք գցել ոչ միայն հայերի ողբերգությանը, այլև վերհիշել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի սարսափները, Հոլոքոստն ու Ռուանդան, Բալկանները, որոնք 20-րդ դարի զարհուրելի դրվագներն են:

Եղևնիներ՝Ցեղասպանության հուշահամալիրի պուրակում

Ցեղասպանագետների միջազգային գիտաժողովի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Մոտ 130 մասնակից աշխարհի 35 երկրից ծաղիկներ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Երևանյան համաժողովի մասնակիցները նաև այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել նոր ցուցադրությանը. շատերը չեն թաքցրել հուզմունքը: Թանգարանում շրջայցից հետո պատվիրակության անդամներն այցելել են Հիշողության պուրակ, որտեղ եղևնի են տնկել:

Գիտածողովի փակումը. Մեդալների հանձնում, նամականիշի մարում

Երևանում ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի փակման արարողությանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, գիտաժողովի տնօրեն Սուրեն Մանուկյանը նշել է, որ գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները և քննարկումները եղել են թեժ, երբեմն բուռն, բայց արդյունավետ: Դիմումները եղել են շատ, ընտրությունը՝ խիստ:

Արդյունքում երևանյան գիտաժողովի 130 մասնակիցը չորս օր շարունակ ներկայացնում, քննարկում և բանավիճում էին ցեղասպանագիտության և հարակից ոլորտների շուրջ՝ տալիս առաջիկա մի քանի տարվա ոլորտների զարգացման ուղղությունները:

Գիտաժողովի օրերին հնչած ելույթների մի մասը հոդվածի տեսքով կտպագրվի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի պաշտոնական հանդեսում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակվող «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսում»:

Հայկ Դեմոյանը «Ջեյմս Բրայս» ոսկե մեդալներ է հանձնել Դանիել Ֆեյերստեյնին, Դոննա-Լի Ֆրիզին, Պիտեր Բալաքյանին, Էնդրյու Վուլֆորդին, Ալեքս Հինթոնին, Ռաֆիկի Ուբալդոյին և Սուրեն Մանուկյանին գիտաժողովի կազմակերպման գործում իրենց ունեցած ավանդի համար:

Այնուհետև տեղի է ունեցել Հայփոստի կողմից թողարկված, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հուլիսի 8-12-ը հյուրընկալված Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողովին նվիրված նամականիշերի մարումը:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար և խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994-ի հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի (Israel Charny), Հելեն Ֆայնի (Helen Fein), Ռոբերտ Մելսոնի (Robert Melson) և Ռոջեր Սմիթի (Roger Smith) կողմից և այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
ՖՈՏՈՇԱՐՔ