31 հուլիսի 2015 - 14:08 AMT
ՀՈԴՎԱԾ
Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որ կարելի է դիտել օգոստոսին
Ամառվա վերջին ամիսը եզրափակում է խոշոր կինոնախագծերի շրջանը, իսկ ստուդիաները պատրաստվում են «աշնան ճակատամարտին»
Գլխավոր և ամենախոշոր կինոնախագծերն արդեն ցուցադրվել են հուլիսին, սակայն օգոստոսը ևս հարուստ է աղմկահարույց պրեմիերաներով: Արձակուրդների և զբոսաշրջիկների մեծ հոսքի շրջանը վերջին հնարավորությունն է կինո ստեղծողների համար`լավ ամսաթիվ ամրագրել ու բազմամիլիոնանոց լսարան հավաքել կինոթատրոններում: Սեպտեմբերն ավելի հանգիստ կլինի. ամառվա վերջին ամիսը եզրափակում է խոշոր կինոնախագծերի շրջանը, իսկ ստուդիաները պատրաստվում են «աշնան ճակատամարտին»:

Ծանոթանալով ցանկին` PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք կարելի է նայել օգոստոսին Երևանի կինոթատրոններում:

«Առաքելությունն անիրագործելի է. Վտարանդիների ցեղը» (օրիգինալ անվանումը` Mission: Impossible — Rogue Nation):

Արկածային մարտաֆիլմ, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Քրիսթոֆեր Մաքքուորի

Դերերում` Թոմ Քրուզ, Ջերեմի Ռեններ, Սայմոն Փեգ, Վինգ Ռեյմս, Ռեբեկկա Ֆերգյուսոն

Պրեմիերան Երևանում օգոստոսի 6-ին

Լեգենդար լրտեսական ֆրանշիզայի 5-րդ մասը և «բոնդիանայի» գլխավոր մրցակիցը հասցրել է հիացական արձագանքներ ստանալ արևմտյան կինոքննադատներից: Չնայած ոչ այնքան երիտասարդ տարիքին` Թոմ Քրուքը Իթան Հանթի դերում բնական է նայվում և շարունակում է գլխապտույտ հնարքներ կատարել: Ռեժիսորի ավանդական փոփոխությունը, ըստ քննադատների, միայն օգտակար է եղել ֆիլմի համար` ոմանք նույնիսկ համարում են, որ «Վտարանդիների ցեղը» «Առաքելության» լավագույն մասն է: Երևանյան հանդիսատեսը շուտով կկարողանա իր գնահատականը տալ նկարահանող խմբի աշխատանքին, և հետևել գաղտնի գործակալների բարդ պայքարին հզոր թշնամու դեմ, որը ձգտում է նոր աշխարհակարգ սահմանել:

« U.N.C.L.E. գործակալները» (օրիգինալ անվանումը` The Man from U.N.C.L.E.)

Մարտաֆիլմ, կատակերգություն, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Գայ Ռիչի

Դերերում` Հենրի Քեվիլ, Արմի Համմեր

Պրեմիերան Երևանում օգոստոսի 13-ին

Բրիտանացի հայտնի ռեժիսոր Գայ Ռիչին, որը «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» և «Մեծ խաղագումար» հայտնի կրիմինալ ֆիլմերի հեղինակն է, կարծես վերջնականապես անցել է հոլիվուդյան կինոարտադրություն` Շերլոկ Հոլմսի մասին երկպատումից հետո: Մի կողմից դա լավ է`«պինդ» ռեժիսուրան անհրաժեշտ է լավ բլոքբասթերներին: Սակայն այդ հոսքում հեշտությամբ կարելի է կորցնել հեղինակային ձեռագիրն ու պրոդյուսերների կամակատարը դառնալ: «Շերլոկում» արդեն նկատելի է այդ միտումը: Նոր ֆիլմում խոսքը ԿՀՎ գործակալի և ՊԱԿ-ի աշխատակցի դիմակայության մասին է Սառը պատերազմի տարիներին: Հույս կա, որ Ռիչին, դիտարժան փոխհրաձգությունից և հետապնդումներից բացի, նոր ֆիլմին իրեն հատուկ ինչ-որ բան կհաղորդի` բրիտանական, որի համար նրան գնահատում է հանդիսատեսը:

«Իռացիոնալ մարդ» (օրիգինալ անվանումը` Irrational Man)

Միստիկ դրամա, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Վուդի Ալեն

Դերերում` Հոաքին Ֆենիքս, Էմմա Սթոուն, Պարկեր Պոուզի, Ջեյմի Բլեքլի

Պրեմիերան Երևանում օգոստոսի 13-ին

79 տարեկանում մեծն Վուդի Ալենը շարունակում է նախանձելի պարբերականությամբ զարմացնել հանդիսատեսին նոր կինոնվաճումներով: Նույնիսկ երբ վարպետի մոտ «այնքան էլ չի ստացվում», միևնույն է, այնպիսի կինո է ստացվում, որը կարելի է դիտել կրկին ու կրկին: Սուր երկխոսությունները, զարմանալի իրավիճակները, վարպետորեն հյուսված սցենարի կարկասը, միշտ փայլուն դերասանական խաղի հետ մեկտեղ իսկապես ականավոր են դարձնում Ալենի կինոն: «Իռացիոնալ մարդը» հիացմունք չառաջացրեց կինոքննադատների շրջանում. մարդկային բարդ փոխհարաբերությունների պատմությունը քննադատները համարեցից մտացածին, սակայն հավատարիմ հանդիսատեսը կգտնի նախընտրած ռեժիսորին ֆիլմի յուրաքանչյուր կադրում:

«Ֆանտաստիկ քառյակը» (օրիգինալ անվանումը` Fantastic Four)

Գերհերոսական մարտաֆիլմ, ֆանտաստիկա, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Ջոշ Թրենկ

Դերերում` Մայլզ Թելլեր, Մայքլ Բ. Ջորդան, Քեյթ Մարա, Ջեյմի Բել, Թոբի Քեբբել:

Պրեմիերան Երևանում օգոստոսի 20-ին

Բոլոր առումներով անհաջող 2005 թ. ռեմեյքն է: Որպես հիմք կրկին ծառայել է Marvel-ի կոմիքսը: Գնահատելով երիտասարդ ռեժիսոր Ջոշ Թրենկի մեծ ներուժը (նրա դեբյուտային «Քրոնիկոն» ֆիլմը հիացական արձագանք ստացավ ինչպես քննադատներից, այնպես էլ հանդիսատեսից)` ստուդիան վարձեց նրան գերբնական ունակություններով չորս ընկերների արկածների հերթական վերակենդանացման համար: Թրեյլերը և մյուս ներկայացված նյութերը դեռ չեն տպավորում, սակայն պրոդյուսերներն այնքան վստահ են, որ ֆիլմը մեծ հաջողություն է ունենալու, որ արդեն պլանավորել են շարունակությունը, որը կհայտնվի էկրաններին 2 տարուց:

«Ուլտրաամերիկացիները» (օրիգինալ անվանումը` American Ultra)

Մարտաֆիլմ, կատակերգություն, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Նիմա Նուրիզադե

Դերերում` Ջեսի Այզենբերգ, Քրիսթեն Սթյուարթ

Պրեմիերան Երևանում օգոստոսի 27-ին

Առաջին հայացքից Մայքը անհաջողակ, նպատակ չունեցող երիտասարդ է, որն ապրում է փոքրիկ քաղաքում ընկերուհու` Ֆիբիի հետ: Հանկարծ նրա կյանքը գլխիվայր շուռ է գալիս: Մայքն ինքն էլ չգիտի, որ ինքը լավ վարժեցված վտանգավոր քնած գործակալ է: Մեկ վայրկյանում նրա գաղտնի անցյալը վերադառնում է, որ հետապնդի իրեն: Մայքը հայտնվում է մահացու վտանգավոր կառավարական գործողության կիզակետում, և ողջ մնալու համար, նա ստիպված է կանչել իր ներքին հերոսին: Իրանական ծագումով ամերիկացի ռեժիսոր Նիմա Նուրիզադեն հիանալի է կարողանում իրավիճակների կատակերգություն նկարահանել: Հաշվի առնելով, որ կինոնկարում նկարահանվել են երիտասարդ, բայց տաղանդավոր դերասաններ, «Ուլտրաամերիկացիներ» ֆիլմը կարող է լավ ընտրություն լինել ամառային արձակուրդների ավարտից առաջ:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net