Հատկապես ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել և ինչպե՞ս այդ ամենը կանդրադառնա ընկերության վրա: PanARMENIAN.Net-ը փորձել է պարզել:
Ի՞նչ տեղի ունեցավ
Ըստ էության, տեղի է ունեցել ՏՏ ոլորտի պատմության մեջ ընկերության ամենամեծ վերակազմավորումը: Alphabet հոլդինգը նոր խաղացող է դառնում շուկայում, որի կազմում դուստր ձեռնարկության իրավունքով կլինի ինչպես բուն Google-ը, այնպես էլ նրա բոլոր նախորդ նախագծերը` մասնավորապես, Calico-ն, Fiver-ը, Google Ventures-ը, Google Capital-ը, Google X-ը, Life Sciences-ը և Nest-ը: Ընկերությունում կարծում են, որ դա առավել մեծ ինքնուրույնություն կտա նրանց և ղեկավարման առավել հստակ կառուցվածք:
Alphabet-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Google-ի արդեն նախկին ղեկավար` Լարրի Փեյջը: Որոնողական հսկայի համահիմնադիր Սերգեյ Բրինը զբաղեցրել է հոլդինգի նախագահի պաշտոնը: Փեյջի նախկին տեղակալ Սունդարա Պիչաին, որը նախկինում պատասխանատու էր Google-ի տարբեր պրոդուկտների մենեջմենթի համար, ընտրվել է Google-ի անմիջական ղեկավարի պաշտոնում: Alphabet կայքը գտնվում է abc.xyz հասցեում, որը խորհրդանշում է նրա անվանումը` թարգմանաբար Այբուբեն: Այդ հասցեում կարելի է ընթերցել Փեյջի ուղերձը:
Սերգեյ Բրին (ձախից) և Լարիի Փեյջ
Հոլդինգի անվան ընտրությունը Փեյջը բացատրել է հետևյալ կերպ. «Ինձ և Սերգեյին դուր եկավ Alphabet անվանումը, քանի որ այբուբենը դա տառերի բազմություն է, որոնք կան լեզվում, մարդկության ամենակարևոր հայտնագործություններից մեկը, և այն, ինչի շնորհիվ գործում է Google-ը: Մեզ նաև դուր է գալիս alpha-bet (Ալֆա-տեղեկանք) ընթերցման տարբերակը: «Ալֆա-ներդրումներ» են անվանում այն ներդրումները, որոնք առավել արդյունավետ են լինում, քան ակնկալվում էր, և մենք դրան ենք ձգտում: Ուզում եմ նշել, որ մենք մտադիր չենք օգտագործել անվանումը որպես բրենդ մեր բոլոր պրոդուկտների համար` Alphabet-ի մասերն առանձին են գոյատևելու ու զարգացնելու սեփական բրենդերը»:
Ի՞նչ է լինելու Google-ի հետ
Ինչպես արդեն ասվեց, Google բրենդն այլևս անդրազգային հսկա չէ` այն նոր հոլդինգի դուստր ձեռնարկություն է: Ընկերությունը կկենտրոնանա web-տեխնոլոգիաների վրա` նրա տնօրինության տակ կմնա որոնողական համակարգը, ինչպես նաև քարտեզները, գովազդային բիզնեսը, Google Play Store ծառայությունը, YouTube տեսահոսթինգը և Android օպերացիոն համակարգի մշակումը, ինչպես նաև Chrome-ը, Google Apps-ն ու Google+ սոցցանցը:
Սունդարա Պիչաի
Սունդարա Պիչաիին դեռ նախորդ տարվա աշնանը համարում էին Google-ի գլխավոր տնօրենի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը: Մենեջմենթի կառուցվածքում փոփոխություններ մտցնելուց հետո Սունդարը փաստորեն դարձավ երկրորդ մարդը Google-ում: Ըստ Google-ի հիմնադիրների, այսօր ընկերությունը լավ է աշխատում, սակայն վերակազմավորումը թույլ կտա այն դարձնել «ավելի մաքուր և հաշվետու»:
Հարկ է նշել, որ այս նորության ֆոնին Google-ի բաժնետոմսերի արժեքը մի քանի ժամում բարձրացավ ավելի քան 6 տոկոսով:
Ինչո՞վ է զբաղվելու Alphabet-ը
Մյուս բոլոր նախագծերը, իսկ դրանք քիչ չեն, կանցնեն նոր հոլդինգի տնօրինմանը: Ըստ էության, Փեյջն ու Բրինը մտադիր են կենտրոնանալ փորձարարական նախագծերի վրա, իսկ մնացած գործառույթները փոխանցել Պիչաիին և ընկերության մյուս թոփ-մենեջերներին, ինչը պետք է պարզեցնի բրենդերի կառավարման գործող սխեման, որն անմիջական կապ չունի որոնողական համակարգի հետ:
Օրինակ, Calico ընկերությունը Google-ը հիմնեց 2013-ի սեպտեմբերի 18-ին, այն զբաղվում է ծերության, երկարակեցության և կյանքի երկարացման հարցերի հետազոտություններով: 2014-ի սեպտեմբերին հայտարարվեց, որ Calico-ն AbbVie-ի հետ համատեղ ծերացման հետ կապված հիվանդությունների`օրինակ, Նեյրոդեգեներատիվ և քաղցկեղային հիվանդությունների, հետազոտմամբ զբաղվող կենտրոն կբացի: Սկզբնական շրջանում ընկերություններից յուրաքանչյուրը կներդնի $250 մլն, հետագայում ևս $500 մլն ներդնելու հնարավորությամբ:
Google X-ի մշակած ինքնակառավարվող մեքենան
Նոր հոլդինգին մաս կազմած մեկ այլ դուստր ձեռնարկություն է Google X-ը, որի գործունեության հիմնական ուղղությունները մոտ 100-ն են` հեռանկարային տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես օրինակ, ինքնակառավարվող մեքենայի նախագիծը, համալրված իրականության ակնոցը, Ինտերնետի մատչելիությունը օդապարիկների միջոցով ստրատոսֆերայում, ուսուցանվող նեյրոնային ցանցը, որն օգտագործում է խոսքի տարբերակումն ու օբեյկտների կորզումը տեսանյութից` օրինակ, կատվի առկայությունը տեսադաշտում, ինչպես նաև իրերի Ինտերնետը:
Alphabet-ի կազմում են հայտնվել նաև Google Capital և Google Ventures հիմնադրամները, խելացի տնային էլեկտրոնիկայի մշակմամբ զբաղվող Nest Labs-ը, Wing հետազոտական ընկերությունը և ևս մի շարք ընկերություններ ու սկսնակ ընկերություններ, որոնք նախկինում պատկանել են Google-ին:
Ֆինանսական փորձագետներն անսպասելի են համարում Google-ի որոշումը, սակայն արդյունավետ: Ընկերությունը հերթական անգամ ապացուցեց, որ հեռանկարային տեխնոլոգիաների հետազոտությունն ու մշակումն առանցքային են ընկերության համար, որոնց զարգացման համար անհրաժեշտ է կենտրոնացված կառավարում, միաժամանակ ինքնուրույն զարգացման հնարավորությամբ դուստր ընկերությունների համար: