Այն, որ Ադրբեջանի գործողություններին համարժեք արձագանքի բացակայությունը ղարաբաղյան հակամարտության գոտում կհանգեցնի լարվածության էլ ավելի սրմանը, գրվել և ասվել է բազմիցս: Ինչպես ասում են, ինչն էլ պահանջվում էր ապացուցել:
Անպատժելիությամբ թևավորված պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ խափանել է խաղաղ բանակցությունները, զուգահեռաբար վտանգավոր մի իրավիճակ ստեղծելով առաջնագծում` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և Հայաստանի հետ սահմանին:
Տարիների հաստատում ստացած ադրբեջանցիների համոզումը «թե իրենց համար ոչ մի հետևանք չի լինի», մղում էր Ադրբեջանին գնալով լկտիանալ, արդեն բոլորովին չքաշվելով միջազգային հանրությունից:
1994-ին Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից 20 տարի անց ադրբեջանական ԶՈւ-ն կանոնավոր կերպով խախտել է «հրադադարը»` գնդակոծելով ոչ միայն հայկական կողմի ԶՈւ դիրքերը, այլ նաև գյուղերն ու քաղաքացիական բնակչությանը: Գնդակոծել է ինքնաձիգերից, գնդացիրներից, դիպուկահարների հրացաններից: Չէ՞ որ «միևնույն է` ոչ մի հետևանք չի լինի»:
2014-ին նշված Բիշքեկի արձանագրության 20-ամյակն Ադրբեջանը որոշեց «նշել»՝ էլ ավելի սրելով իրավիճակն ու խոշորացնելով կիրառվող զենքի տրամաչափը: 2014-ի դեկտեմբերին տարիների ընթացքում առաջին անգամ հայկական դիրքերը գնդակոծվեցին 60 և 82 մմ ականանետերից: Եվ ոչինչ: Մտահոգված միջազգային հանրությունը հոգոց հանեց` կոչ անելով կողմերին չխախտել հրադադարը, ու լռեց:
2014-ի նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ-ն խոցեց ԼՂՀ ՊԲ ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծից ոչ հեռու: Ուղղաթիռը, որը սպառազինություն չուներ, խոցվեց և ընկավ չեզոք գոտում: Դրանում անձնակազմի 3 անդամ կար, որոնցից մեկը, ըստ որոշ տվյալների, կարող էր ողջ մնացած լինել: 10 օր շարունակ ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չէր տալիս հայկական ուժերին մոտենալ ուղղաթիռին և տարհանել զոհվածների մարմինները` «չէ որ ադրբեջանցիների համար դա ոչ մի հետևանք չէր ունենալու»:
Նոյեմբերի 22-ին ԼՂՀ ՊԲ-ն հայտարարեց ուղղաթիռի կործանման վայրում հատուկ գործողություն անցկացնելու մասին: Տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ «հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության»: Դեպքի վայրից տարհանվեցին ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Այս անգամ Ադրբեջանը չհամարձակվեց լրջորեն խոչընդոտել հատուկ գործողությանը` «բա որ որոշակի հետևանքներ լինեին»:
Սակայն ականանետերը շարունակում էին կրակել, ընդ որում՝ առանց որևէ հետևանքի ադրբեջանական կողմի համար: Միջնորդներն ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակում էին ակտիվորեն «չհասկանալ», թե ով է լարվածության սրման մեղավորը:
Իսկ Ադրբեջանը շարունակեց հող նախապատրաստել և 2015-ի հունվարին արդեն գործի դրվեցին նռնականետերը: Միջազգային միջնորդները կրկին մտահոգված հոգոցներ հանեցին:
Օգոստոսին արդեն գործի դրվեցին թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքները: Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման ենթարկվեց ԼՂՀ ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում ստացան ՊԲ զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը: Կան նաև վիրավորներ:
Ադրբեջանական կողմը գնալով ավելի ակտիվ է խոշորացնում տրամաչափը, արդեն ոչ թե փորձելով, թե ինչպիսին կլինի միջազգային արձագանքը, այլ համոզված լինելով, որ «միևնույն է՝ ոչինչ չի լինելու»: Ականանետերի տրամաչափը, օրինակ, արդեն 120 մմ է:
Իսկ սեպտեմբերի 26-ին կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ ադրբեջանական կողմը կիրառեց 122-միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ:
Իսկ ի՞նչ են ասում միջնորդները
Միջնորդները նույն միջազգային հանրության հետ մեկտեղ շարունակում են անել այն, ինչ անում էին միշտ` հոգոց հանում, գլուխները տարուբերում և մատ թափ տալիս:
Ճիշտ է, այս անգամ նրանք բացահայտ հայտարարեցին, որ «չգիտեն, թե ով է մեղավոր»:
«Մենք անկարող ենք հստակ հասկանալ, թե որտեղից է ծագել բռնությունը, քանի որ ամեն կողմը մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի շուրջ, ինչպես քննարկել էին նախագահները»,- ասել են միջնորդներն իրենց հայտարարության մեջ:
Ավելի ուշ Մինսկի խումբը որոշեց, այնուամենայնիվ, կես քայլ առաջ անել` խոստովանելով, որ «Հայաստանը համաձայն է քննարկել մեխանիզմի մանրամասները, կոչ ենք անում Ադրբեջանին նույն կերպ վարվել»: Վերապահումով կարելի է համարել, որ սրանով համանախագահները խոստովանում են, որ Բաքուն է գլխավոր սադրիչը, բայց շատ մեծ վերապահումով:
Մինչդեռ, հայկական կողմը հերթական անգամ հասկանալով, որ չարժէ հույսը դնել միջնորդների ու տերությունների վրա, հայտարարեց, որ ինքը կստիպի ադրբեջանցիներին լռել: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հակառակորդի կողմից իրադրության հետևողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաև միջազգային հանրության անհասցե քննադատությունը և մտահոգություններն անընդունելի են:
«Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը»,- ընդգծվեց հայտարարությունում:
Թող հետո չասեն, որ չեն զգուշացրել:
Իսկ միջազգային հանրությունը շարունակում է մատ թափ տալ` բոլոր վրա:
Իսկ քանի որ մատ թափ տալուց Բաքուն հազիվ թե վախենա, ի՞նչ պետք է ակնկալի հայկական կողմը` «Գրա՞դ», «Ուրագա՞ն» թե «Սմե՞րչ»: