29 սեպտեմբերի 2015 - 15:42 AMT
ՀՈԴՎԱԾ
Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել հոկտեմբերին
Ընդգրկված են ինչպես անվանի ռեժիսորների բազմամիլիոնանոց բլոկբաստերներ, այնպես ել արվեստի իսկական գործեր, որ հավակնում են «Օսկարի» համար մրցավազքին
Համաշխարհային կինոյի գլխավոր դեմքերը աստիճանաբար դուրս են գալիս սեպտեմբերյան «թմբիրից»` պատրաստվելով ներկայացնել կինոդիտողին աշնանային նորույթները: Հոկտեմբերն ունիվերսալ ամիս է կինոյի համար: Կինոթատրոններն առաջարկում են ցանկացած ճաշակի ամենատարբեր ֆիլմեր. ինչպես անվանի ռեժիսորների բազմամիլիոնանոց բլոկբաստերներ, այնպես էլ արվեստի իսկական գործեր, որ հավակնում են «Օսկարի» համար մրցավազքին: Իսկ գլխավորը` ստուդիաները հնարավորություն են ստանում նախապես հաշվարկելու սեփական ուժերը երկար «ուիքենդերի» շրջանի մեկնարկից առաջ:

Ծանոթանալով ազդագրերին` PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք հնարավոր կլինի դիտել հոկտեմբերին Երևանի կինոթատրոններում:

«Լեգենդը» (օրիգինալ անվանումը` Legend)

Քրեական թրիլեր, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, 2015 թ.

Ռեժիսոր` Բրայան Հելգելենդ

Դերերում` Թոմ Հարդի, Էմիլի Բրաունինգ, Քոլին Մորգան, Փոլ Բեթանի

Պրեմիերան Երևանում հոկտեմբերի 1-ին

«42» սպորտային դրամայի հեղինակ ամերիկացի Բրայան Հելգեկենդը շարունակում է իր փորձերը բեմադրիչի դերում` նախկինում նա ներկայանում էր միայն որպես բավականին լավ դրամատուրգ: «Լեգենդը» քրեական թրիլերը, լինելով նրա երկրորդ հեղինակային նախագիծը, քննադատների կողմից չափազանց սառը ընդունելության արժանացավ, սակայն մարդիկ, որոնք հասցրել են տեսնել կինոնկարը, համամիտ չեն նրանց հետ: Թեև գնահատականների նման կտրուկ տարբերությունը բավականին հաճախ է հանդիպում կինեմատոգրաֆում: Սյուժեի հիմքում զույգ Քրեյ եղբայրների պատմությունն է, որոնք հայտնի են որպես 1950-1960-ականների ամենադաժան հանցագործներ: Ֆիլմը կենտրոնացած է Ռեջինալդի վրա, որը աշխատում է վերահսկել իր կրտսեր եղբոր հոգեկան հակումները: Հատկանշական է, որ երկու եղբայրների դերը կատարում է «Խենք Մաքսի» աստղ Թոմ Հարդին: Եվ թեև քննադատների գլխավոր թիրախում հայտնվեց «մեծամտացած ռեժիսորը», պատմությունը համոզիչ պատմելու և սյուժեի անհարկի ձգձգումների դեմ պայքարելու նրա անկարողությունը, «կրկնակի» Հարդիի խաղը նրանք ըստ արժանվույն գնահատեցին:

«Մարսեցին» (օրիգինալ անվանումը` The Martian)

Գիտական ֆանտաստիկա, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Ռիդլի Սքոթ

Դերերում` Մեթ Դեյմոն, Ջեսիկա Չեսթեյն, Քեյթ Մարա, Քրիսթեն Ուիգ, Մայքլ Փենյա

Պրեմիերան Երևանում հոկտեմբերի 8-ին

Մարսի վրա հեղուկ ջրի հայտնաբերման մասին վերջին նորությունների լույսի ներքո այս ֆիլմն ակտուալ է ինչպես երբեք: Միաժամանակ, կինոնկարն ուղղակի անհրաժեշտ է դիտել միայն և միայն մեծ էկրանին: Մեծն Ռիդլի Սքոթը վերջին տարիներին կորցրել էր կինոդիտողի և քննադատների վստահությունը, հատկապես ձախողված և բացահայտ անհաջող «Ելքից» ու «Խորհրդականից» հետո: Շատերը կարծում էին, որ պատճառը պատկառելի տարիքն է և որ Սքոթի թոշակի անցնելու ժամանակն է: «Մարսիացին» հակառակն է ապացուցում` մեծ ռեժիսորը չի փոխվել` այդ են վկայում հիացական արձագանքները, ինչպես շարքային կինոդիտողների, այնպես էլ` մասնագետների: Էնդի Ուիրի համանուն բեսթսելերի էկրանավորումը պատմում է «մարսիացի Ռոբինզոն»` աստղագնաց Մարկ Ուոտնիի պատմությունը, որին լքել են Կարմիր մոլորակում և որը ստիպված է միայնակ կյանքի ու մահու պայքար մղել:

«Փեն. Ուղևորություն Նեթլանդիա» (օրիգինալ անվանումը` Pan)

Ընտանեկան արկածային ֆիլմ, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Ջո Ռայթ

Դերերում` Հարեթ Հեդլունդ, Լևվի Միլլեր, Ռունի Մարա, Հյու Ջեքման, Ամանդա Սայֆրեդ

Պրեմիերան Երևանում հոկտեմբերի 8-ին

Լեգենդար Փիթեր Փենի արկածները տասնյակ անգամ են էկրանավորվել: Եվ քանի որ երեխաները շարունակում են սիրել թռչելու ունակությամբ տղային, ոչինչ չի խանգարում ստուդիաներին հերթական անգամ վաստակել հայտնի ստեղծագործության վրա: Այս անգամ մեզ կներկայացնեն հերոսի կայացման շրջանը, որը միաժամանակ Ջեյմս Բարրիի վեպի փրիքվելն է: Սա մի պատմություն է որբուկի մասին, որը հայտնվում է Նեթլանդիա կղզում, որտեղ նրան վիճակված է դառնալ Փիթեր Փեն: Այս ֆիլմում գլխավոր չարագործի դերում լեգենդար ծովահեն Սև Մորուքն է Հյու Ջեքմանի կատարմամբ, իսկ Կապիտան Կրյուկը կլինի Փիթեր Փենի զինակիցը: Ահա այսպես ամբողջ պատմությունը գլխիվայր են շրջել:

«Վհուկների վերջին որսորդը» (օրիգինալ անվանումը` The Last Witch Hunter)

Քաղաքային ֆենտեզի, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Բրեք Այսներ

Դերերում` Վին Դիզել, Ռոուզ Լեսլի, Էլայջա Վուդ, Ռինա Օուեն, Մայքլ Քեյն

Պրեմիերան Երևանում հոկտեմբերի 29-ին

«Ֆորսաժների» միջև դադարների ժամանակ Վին Դիզելը վաստակում էր կողմնակի նախագծերի վրա` այս անգամ դերասանի ռեզյումեում միջին որակի ֆենտեզի է $100 մլն բյուջեով: Կինոնկարի սյուժեն շատ պարզ է`վհուկների անմահ որսորդը միավորում է ջանքերը վհուկի հետ, կանգնեցնելու համար ժանտախտի տարածումը, որի միջոցով վհուկները որոշել էին ոչնչացնել Նյու Յորքի բնակչությունը: Դատելով թրեյլերներից և այլ նյութերից` սա հերթական «միանգամյա մարտաֆիլմ է», լի էքշընով և հատուկ էֆեկտներով, որը, սակայն, չի հավակնում ավելիի: Անշուշտ, բացի բավականին լավ դրամահավաքից:

«Սև պատարագ» (օրիգինալ անվանումը` Black Mass)

Քրեական դրամա, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Սքոթ Կուպեր

Դերերում` Ջոննի Դեպ, Քևին Բեյքոն, Բենեդիքտ Քամբերբեչ, Ջոել Էդգերտոն, Ջեսսի Պլեմոնս

Պրեմիերան Երևանում հոկտեմբերի 29-ին

Սա լավ շանս է Ջոնի Դեպի համար` ձերբազատվել Ճնճղուկ Ջեքի կերպարից: Եվ կարծես դա նրան հաջողվել է: Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա, սյուժեի կենտրոնում Ուայթի Բալջերի (Դեպ)` անսկզբունքային և անողոք մի գանգստերի կյանքի պատմությունն է, որը տարիներ շարունակ խաբում էր ինչպես ոստիկանությանը, որը վրա գաղտնի աշխատում էր, և ՀԴԲ գործակալներին, որոնք որոշել էին ձերբակալել նրան: Քննադատները Դեպի կերպարանափոխումը «հանճարեղ» համարեցին` համեմատելով նրա ստեղծած կերպարը լեգենդար Ջոկերի հետ Հիթ Լեջերի կատարմամբ: Եթե դա այդպես է, ապա Դեպը կարող է գալիք տարի ոչ միայն հավակնել «Օսկարի», այլ նաև հեռանալ արարողությունից բաղձարի արձանիկը ձեռքին:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net