29 սեպտեմբերի 2015 - 19:07 AMT
ՀՈԴՎԱԾ
5 փաստ, որ պետք է իմանալ Sepultura խմբի մասին
Բրազիլական խումբը դեռ թինեյջեր հասակում հիմնադրել են եղբայրներ Մաքս ու Իգոր Կավալերաները
Նոյեմբերի 28-ին բրազիլական լեգենդար Sepultura թրեշ-մետալ խումբը համերգ կտա Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետթատրոնում` ժամը 19:00-ին: PanARMENIAN.Net-ը հավաքել է 5 հետաքրքիր և կարևոր փաստ, որոնք պետք է իմանալ բրազիլական խմբի մասին՝ մինչ համերգ գնալը:

[...] Sepultura խումբը Բրազիլիայի Բելու Հորիզոնտի քաղաքում թինեյջեր հասակում հիմնադրել են եղբայրներ Մաքս ու Իգոր Կավալերաները: Նրանք երկուսն էլ մեծանում էին դասական ռոքի ելևեջների տակ, բայց, ծանոթանալով Venom մետալ խմբի երաժշտությանը, Kreator և Exodus խմբերի արագ ռիթմերին, հասկացան՝ սա է հենց այն, ինչ ուզում են նվագել: Մաքսն առաջարկեց խմբի անունը (ինչը պորտուգալերենով «գերեզման» է նշանակում)՝ Motorhead-ի «Քո գերեզմանին պարելով» երգի բառերը թարգմանելուց հետո: Խմբի սկզբնական կազմում էին Կավալերա եղբայրները, բաս կիթառահար Պաուլո Շիստո Պինտո-կրտսերն ու կիթառահար Ջայրո Գուեդեսը:

[...] Պաուլո Շիստո Պինտո-կրտսերը Sepultura-ում է 1984-ի օգոստոսի 17-ից ու դրա ներկայիս կազմի միակ մասնակիցն է, որը մինչ օրս էլ շարունակում է նվագել խմբում: Նա պնդում է՝ խումբ իրեն վերցրին այն ժամանակ, երբ դրա մյուս մասնակիցները տեսան նրա լավ կատարումն ու շատ տպավորվեցին: Sepultura-ի կազմում նրա առաջին ելույթը 1985-ի մարտի 30-ին էր, տեղական Ideal Clube ակումբում:

[...] Sepultura-ի Dead Embryonic Cells երգը Arise ալբոմից հնչում է 2008-ի արտադրության «Մեր դարաշրջանի Բաբելոնը» (Babylon A.D.) ֆիլմում՝ ռինգում (վանդակի մեջ) Toorop*а-ի և Killa-ի մարտի ընթացքում:Խմբի Dead Embryonic Cells երգը ներառված է նաև Grand Theft Auto IV. The Lost and Damned խաղի սաունդթրեքում: Այն կարելի է լսել LCHC ռադիոկայանի եթերում: Ի դեպ, այդ ռադիոկայանում դիջեյը Մաքս Կավալերան է:

[...] 2008-ին Մաքսը եղբոր՝ Իգորի հետ, որը ևս արդյունքում լքեց Sepultura-ն, 10 տարվա մեջ առաջին անգամ միավորվեցին Cavalera Conspiracy նախագտծի շրջանակում ու ձայնագրեցին Inflikted առաջին ալբոմը, որը քննադատների բարձր գնահատականին արժանացավ ու բազմաթիվ երկրների հիթ-շքերթներում բավականին բարձր հորիզոնականներում էր հայտնվում: Դրանից հետո Մաքսը հայտարարեց. «Այժմ մենք ելույթ ենք ունենում Cavalera Conspiracy-ում: Գիտեմ, որ Sepultura-ի բազմաթիվ երկրպագուներ սկսել են լսել նաև մեր նոր խմբի աշխատանքները: Այնպես որ Sepultura-ն զրկվեց իր հոգուց, իր արմատներից»:

[...] Մինչև օրս Sepultura-ն թողարկել է ստուդիայում ձայնագրված 13 ձայնասկավառակ, որոնցից վերջինը 2013-ին թողարկված The Mediator Between Head and Hands Must Be the Heart-ն է: Նրանց ամենահայտնի ձայնագրություններն են Arise-ը (1991), Chaos A.D.-ը (1993) ու Roots-ը (1996): Sepultura-ն ԱՄՆ-ում միայն այս տարիների ընթացքում վաճառել է ավելի քան 3 մլն ձայնասկավառակ, աշխարհում՝ մոտ 30 մլն: Այժմ խումբն աշխատում է նոր ալբոմի վրա, որը կթողարկվի 2016-ի վերջին: