8 հոկտեմբերի 2015 - 15:30 AMT
ՀՈԴՎԱԾ
ԵՏՄ-ին Բաքվի հնարավոր անդամակցության մասին հայտարարությունը. Սպառնալի՞ք թե զգուշացում
Հավանաբար, մի օր Ադրբեջանը կփորձի օգտագործել ԵՏՄ-ն որպես ղարաբաղյան խնդրի «լուծման» գործիք
Տարածաշրջանի հարցերով զբաղվող փորձագետների քննարկումների առարկա է դարձել, ինչպես նաև ենթադրությունների և կանխատեսումների առիթ տվել մի քանի օր առաջ հնչած Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարվի հայտարարությունը ԵՏՄ-ին հնարավոր անդամակցության մասին:

Անկեղծ ասած, այսպիսի հայտարարություն առաջին անգամը չէ, որ հնչում է. ԵՏՄ հիմնումից ի վեր Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը պարբերաբար արծարծվել է, թեև խոսքից այն կողմ չի անցել: Առավել ևս, որ Ադրբեջանում էլ այդ միավորմանն անդամակցելու մասին կարծիքները հաճախ հակադիր են:

Տնտեսական առումով, ինչպես նշում են ադրբեջանցի փորձագետներից ոմանք, Միությանն անդամակցելն այնքան էլ շահավետ չէ: Մասնավորապես, ասում են Բաքվում, դա վերաբերում է էներգետիկ ոլորտին. Ադրբեջանի արտահանման առյուծի բաժինը նավթն ու գազն են, իսկ անդամակցելով ԵՏՄ-ին Ադրբեջանը չի կարողանա ինքնուրույն տնօրինել իր ռեսուրսները: Նա ստիպված կլինի ադրբեջանական էներգառեսուրսներ ներկրողներին և գնային քաղաքականությունը համաձայնեցնել Միության մակարդակով: Ավելին, 2014-ի դրությամբ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառության միայն 10 տոկոսը: Բնականաբար, միանալաով ԵՏՄ-ին այդ պատկերը կփոխվի և հազիվ թե Բաքվի համար բարենպաստ ուղղությամբ:

Հիմնականում իրավիճակին տիրապետող մարդիկ համակարծիք են, որ հիմնական հարցը, որը կարող է դրդել Ադրբեջանին միանալ ԵՏՄ-ին` Լեռնային Ղարաբաղի հարցն է:

Բացի այդ, Ադրբեջանի պաշտոնյաները ևս որպես ԵՏՄ-ին անդամակցելու հիմնական պայման առաջ են քաշում ղարաբաղյան կարգավորումը, բնականաբար, Ադրբեջանի պատկերացումներով և Բաքվի համար շահավետ պայմաններով:

Հավանաբար, մի օր Ադրբեջանը կփորձի օգտագործել ԵՏՄ-ն որպես ղարաբաղյան խնդրի «լուծման գործիք» և այսօր զգուշացնում է այդ մասին:

Այդպես, կարխիք կա, որ անդամակցումը ԵՏՄ-ին կարող է հանգեցնել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների տապալմանը, քանի որ, ըստ այդ տեսակետի, Ադրբեջանը կանդամակցի ԵՏՄ-ին միայն Ղարաբաղի հետ, որը դե յուրե համարվում է նրա տարածքը, և Հայաստանը ստիպված կլինի վավերացնել համաձայնագիրը` ճանաչելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» Ղարաբաղի հետ միասին:

Մեկ այլ վարկածով, Բաքուն կարող է համաձայնվել անդամակցել ԵՏՄ-ին, եթե փոխարենը Ռուսաստանը խոստանա ադրբեջանական կողմին հանձնել հենց ադրբեջանցիներից ազատագրված 7 շրջանները: Սակայն, այս տարբերակն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ այս դեպքում Մոսկվան կփչացնի հարաբերությունները Հայաստանի հետ, որը նրա միակ ռազմավարական դաշնակիցն է Հարավային Կովկասում: Հաշվի առնելով ռուսական դիվանագիտական ավանդույթները` հավասարակշռության գոնե ինչ-որ պատրանք ստեղծել կողմերի միջև, նման կտրուկ քայլերի Մոսկվան չի դիմի, գոնե առաջիկայում:

Մամեդյարովի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին առաջարկեց ակտիվացնել գործակցությունը ԵՏՄ հետ, որին անդամակցում է նաև Հայաստանը: Թեև, պարզ չէ, թե ինչպես է Թուրքիան մտադիր համագործակցել ԵՏՄ շրջանակում Հայաստանի հետ, որի հետ Անկարան չունի դիվանագիտական հարաբերություններ:

Չի բացառվում, որ ԵՏՄ-ին անդամակցելու մասին Բաքվի հայտարարությունը Հայաստանին «վախեցնելու» փորձ է, հատկապես ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների ֆոնին, երբ Ադրբեջանը միտումնավոր սրելով իրավիճակը և անցնելով բոլոր թույլատրելի սահմանները, սկսեց դիրքերը հանձնել: Այսպես ասած, ուշադրությունը շեղելու փորձ`ոչ այնքան հաջող:

Այնուամենայնիվ, ինչպես հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը չի քննարկվում: «Այժմ ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը չի քննարկվում: Հայաստանն ԵՏՄ անդամ է և յուրաքանչյուր երկիր իր դիրքորոշումն ունենալու իրավունք ունի, իսկ նման որոշումները կայացվում են փոխզիջումային հիմքով»,-ասել է Նալբանդյանը:

Հետևաբար, կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիների հայտարարություններն այս անգամ էլ կմնան զուտ հայտարարություն և այդպես կլինի առնվազն 5-10 տարի:

Մյուս կողմից, նույնիսկ ինչ-ինչ ակտիվ գործողությունների դեպքում, գոյություն ունի վետոյի իրավունք, որից կարող է օգտվել ՀՀ-ն որպես ԵՏՄ անդամ:

Մարինա Անանիկյան/PanARMENIAN.Net