28 հոկտեմբերի 2015 - 19:16 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
7-րդ «ՌեԱնիմանիան». Ովքե՞ր են փառատոնի հյուրերն ու ժյուրիի անդամները
Ընդհանուր առմամբ, փառատոնին կցուցադրվի ավելի քան 400 ֆիլմ
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Երևանում բացվում է 7-րդ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը։ Այս տարի փառատոնի նախընտրական ժյուրին և պատվավոր միջազգային խորհուրդն ընտրել են 184 անիմացիոն ֆիլմ, որոնք կմասնակցեն մրցութային 5 ծրագրի՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական հոլովակ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն ավարտական ֆիլմ»: Բացի այդ, «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում կցուցադրվեն ոչ մրցութային ֆիլմեր, կներկայացվեն վավերագրական և էքսպերիմենտալ ֆիլմերի ծրագրեր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» անիմացիոն ֆիլմերի ծրագիրը, ինչպես նաև պատկերապատումների ցուցահանդես:

Ընդհանուր առմամբ, կցուցադրվի ավելի քան 400 ֆիլմ։ Բացման ֆիլմը ֆրանսիական «Մունե»-ն է (ռեժիսորներ՝ Ալեքսանդր Հեբոյան, Բենուա Ֆիլիպոն), իսկ փակմանը կցուցադրվի «Մարգարեն» (ռեժիսոր՝ Ռոջեր Ալերս), որի արտադրությունն իրականացրել և գլխավոր հերոսուհուն հնչյունավորել է Սալմա Հայեքը:

Փառատոնի մեկնարկին ընդառաջ PanARMENIAN.Net-ը ներկայացնում է հյուրերի մասին մանրամասները:

Ֆրանսիայից Շառլի Սանսոնետին անիմացիա է սովորել Գոբլեն դպրոցում: 1978-ից հեռուստատեսությունում է: Գովազդային, կորպորատիվ, խաղարկային կինո և հեռուստաֆիլմերի ասիստենտ է աշխատել, 1980-ականներին՝ կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի անիմացիոն հատվածների ռեժիսոր: 1990-ականներին և հաջորդ տասնամյակում մասնակցել է մի շարք եվրոպական և ամերիկյան անիմացիոն սերիալների ստեղծմանը, հիմնել անիմացիայի սեփական ստուդիաները Լոս Անջելեսում և ԱՄՆ-ի Փարիզ քաղաքում, գործակցել Ջեյ Ֆրանսիսի, Քրիս Տակամիի և Պասկալ Մորելլիի հետ: 2008-ից Պիկուլի և Պիյոյի «Լյուլյու Վրումետ» մանկական գրքի հիման վրա եռաչափ անիմացիոն շարքեր է ստեղծել Mondo TV-ի և France TV-ի համար:

Լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի անդամ ֆրանսիացի Պասկալ Մորելին կիրառական արվեստ ուսանելուց հետո նկարել է կոմիքսներ և աշխատել գովազդի ասպարեզում: Ապրել է Լոս Անջելեսում և Տոկիոյում, որտեղ աշխատում էր կադրերի կարգավորման վրա (story-boards) և հեռուստատեսության համար մուլտֆիլմեր նկարահանել՝ «Ուրվականներ որսացողները» (Ghosbusters), «Ալֆ» (Alf), «Ողջույն, Քիթի» (Hello Kitty): «MTV-իի մասնագետները» (The Specialists pour MTV) մուլտֆիլմի պրոդյուսերն է, ինչպես նաև զանազան մուլտիմեդիա ծրագրերի գեղարվեստական տնօրենը: Նա նկարահանել է «Ռիչարդ Սքարիի զբաղված աշխարհը» (Busy world Richard Scarry), «Արսեն Լյուպեն» (France Animation), «Փորձանք Ջեյնը» (Warner Bros-Kayenta) մուլտֆիլմերը: Դեռ պատանեկության տարիներից լինելով Հյուգո Պրատի երկրպագուն՝ հեղինակել է «Կորտո Մալտեսը Սիբիրում» աշխատանքյի կինոմատոգրաֆիական ադապտացիան՝ «Կորտո Մալտես. առեղծվածների գաղտնի դատը» (2002): Մեծ էկրան է վերադարձել 2014-ին՝ «108 Դև-Արքաները» ֆիլմով:

Ջեք Պողոսյանը ծնվել է Մոնտեվիդեոյում, ավարտել Sagrada Familia-ն և որպես անգլերենի մասնագետ սովորել ACUEU-ում: Որպես սոցիալական աշխատող վերապատրաստվել է Wellfare Minister-ում։ Ջեքը դերասան է, պրոդյուսեր և ուսուցիչ, միաժամանակ ավելի քան 20 տարի զբաղվել է մշակութային լրագրությամբ: Նա Լատինական Ամերիկայում հայկական կինոյի առաջին ներկայացուցիչն է և Cinemateca Armenia-ի հիմադիր-տնօրենը: Cinemateca Armenia-ն իր 13-ամյա գործունեության ընթացքում իրականացրել է հատուկ ծրագիր, որը կինոն բարձր որակի հասցնելու և Հայաստանի ու Լատինական Ամերիկայի միջև մշակութային փոխանակման նպատակ ունի։

Տարբեր փառատոնների ժամանակ եղել է ժյուրիների պատասխանատուն և պարգևատրվել մշակութային ակտիվ գործունեության համար։

Կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի անդամ արգենտինացի անկախ ռեժիսոր և անիմատոր Խուան Պաբլո Զարամելան Կինոարվեստի ինստիտուտն ավարտելուց հետո սկսել է նկարել իր սեփական ֆիլմերը։ Իր բոլոր անկախ կարճամետրաժ ֆիլմերն ամբողջ աշխարհում մրցանակներ են ստացել, իսկ Արգենտինայում 3 անգամ արժանացել կինեմատոգրաֆիայի ոլորտում ամենաբարաձր՝ Codor de Plata մրցանակին։ 2008-ին Կաննում նրան ընտրել են որպես Saatchi & Saatchi Նոր ռեժիսորների ցուցատախտակի ներկայացուցիչ: 2010-ին Անեսիի միջազգային անիմացիոն փառատոնի ժամանակ մի ամբողջ հատուկ ծրագիր է եղել ռեժիսորի ֆիլմերով։ Նրա վերջին՝ Luminaris ֆիլմն արժանացել է ավելի քան 300 միջազգային մրցանակի, ներառյալ Անեսի 2011-ի հանդիսատեսի և Fipresci մրցանակները, ինչպես նաև ըդնգրկվել Օսկար 2011-ի լավագույն կարճամետրաժ ֆիլմերի ցանկում։

Արմատներով հայ Ալեքսանդր Հեբոյանը, ում հեղինակած ֆիլմով բացվում է փառատոնը, 2004-ին ավարտել է Gobelins-ի կինոյի քոլեջը։ Michel Ocelot-ի Azur & Asmar ֆիլմում առաջին քայլերն անելուց հետո Ալեքսանդրը տեղափոխվել է Կալիֆորնիա՝ Dreamworks-ում աշխատելու։ Նա զբաղվել է Kungfu-Panda-ի (2008) և Monsters vs Aliens (2009) մուլտֆիլմների կերպարների անիմացիայով։ Հեբոյանը նաև աշխատել է իր Exodus կարճամետրաժ ֆիլմի վրա, բայց շուտով հեռացել է Dreamworks-ից ու դադարեցրել այդ նախագիծը՝ իր առաջին Cg ֆիլմը նկարելու համար։ «Մունեն, լուսնի պահապանը» ֆիլմի վրա, որն արտադրել է On Enternainment-ը, Հեբոյանը և համառեժիսոր Բենոի Ֆիլիպոն աշխատել են 6 տարի։ Ֆիլմի նկարչական ձևավորումն արվել է Փարիզում, իսկ արտադրվել 2013-ին՝ Մոնրեալում։ Ֆիլմն ընտրվել է Անեսի ֆիլմերի փառատոնում ու Տոկիոյի անիմացիոն փառատոնում արժանացել «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» մրցանակին։ «Մունեն» համաշխարհային ճանաչում է ձեռք բերում և արդեն 2015-ի սկզբներին հաջողությունների հասել Իտալիայում և Ռուսաստանում։

Ավարտական ֆիլմերի ժյուրիի անդամ Ռոն Դիենը 1999-ին դարձել է l’Archipel Paris Ciné կինոթատրոնի մենեջերը, միաժամանակ հիմնադրել է Sacrebleu Productions-ը։ Հիմադրման օրից ի վեր ավելի քան 50 կարճամետրաժ ֆիլմ է արտադրվել, որոնք ընտրվել են 1000-ից ավելի ազգային և միջազգային փառատոններում։

Sacrebleu Productions-ը մի շարք բարձր պարգևներ է ստացել. 2010-ին «Շների կղզի» ֆիլմի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու»-ն, նույն տարի Clermont Ferrand-ում «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին և 2013-ին «Լավագույն TV անիմացիոն պրոդյուսերի» համար Procirep մրցանակի, 2011-ին՝ Madagascar, A Journey Diary-ն նոմինացվել է Օսկարի, Tram & Man on the Chair ֆիլմի համար արժանացել է Annecy 2 բյուրեղապակյա մրցանակի։ Պրոդյուսերությունից բացի Դիենը 5 կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր է, որոնք ընտրվել են ավելի քան 300 փառատոնում ՝ Կանն, Կլերմոն-Ֆեռան, Բրեսթ և այլն։

Գարի Շվարցն Օսկարի առաջադրված ռեժիսոր է, ինչպես նաև անիմատոր, նկարիչ և մանկավարժ: Նա հագեցած գործնական սեմինարներ ու մասնագիտական դասընթացներ է վարում ազգային և միջազգային, տարրական, միջին, ավագ դպրոցներում, կինոփառատոներում, թանգարաններում, ամառային ճամբարներում, համայնքային կենտրոններում, բանտերում ու հոգեբուժարաններում: Իր Single Frame Films ընկերության միջոցով՝ որպես պրոդյուսեր, նկարիչ և ռեժիսոր, անիմացիոն ֆիլմեր է ստեղծել Disney, Sesame Street, MTV, Fox Television, Corporation for Public Broadcasting ընկերությունների և այլոց համար: Այժմ Միչիգանի համալսարանի Արվեստի և դիզայնի դպրոցի դասախոս է: Նրա ինստալացիաները ցուցադրվել են տարբեր երկրների մեծ թանգարաններում ու պատկերասրահներում:

Հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմերի ժյուրիի կազմում են նյույորքցի նկարիչ Լիզա Արթինյանն ու ֆրանսիացի Նիկոլա Բիանկո-Լևրին: Լիզան անիմացիոն դիզայների երկար տարիների փորձ ունի։ Մասնագիտությամբ դիզայներ է և մոտ երկու տասնամյակ նկարելուց հետո աշխատել է տարբեր ընկերությունների հետ՝ MTV's Daria, Disney's Doug, Teenage Mutant Ninja Turtles on Fox Kids, Dreamworks' Turbo FAST, and Metalocalypseon Adult Swim: 2006-ին Լիզը միացել է Adult Swim's The Venture Bros-ին՝ որպես գունավորման պատասխանատու։ 2014-ին նա Outstanding Achievement in Production Design in an Animated TV-ի համար նոմիացվել է ANNIE-ի։

Նիկոլան 2002-ին հրատարակել է երեխաների համար իր առաջին գիրքը՝ «Սիմոնն առանց գիշերների», որի համար Մանկական գրականության միջազգային կենտրոնից ստացել է Graphic Octogone մրցանակը: Դրանից ի վեր նա հրատարակել է 25 գիրք, ամեն անգամ օգտագործելով նկարազարդման նոր տեխնիկա՝ սև ու սպիտակ նկարներ կամ կոպիտ գույներով մոդելներ, նկարներ ակրիլով կամ չինական թանաքով։ Նիկոլա Բիանկո-Լևրին 27 անիմացիոն ֆիլմի հեղինակ է։ Հիմա նա աշխատում է Une Histoire de Jeannot նոր կարճամետրաժ ֆիլմի վրա, ոի արտադրությամբ զբաղվում է La Luna ընկերությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ