3 նոյեմբերի 2015 - 19:08 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
10 փաստ, որ պետք է իմանալ «Կաստա» խմբի մասին
Ռուսական հայտնի Կաստա հիփ-հոփ, ռեփ խումբը նոյեմբերի 18-ին համերգ կտա Երևանում: Քառյակը՝ Վլադին, Շիմը, Խամիլն ու Զմեյը կկատարեն ինչպես հին, այնպես էլ նոր երգեր:
Համերգին ընդառաջ PanARMENIAN.Net-ը 10 փաստ է հավաքել խմբի մասին, որոնք արժե իմանալ մինչև «Օպիում» ակումբում նրանց լսելու գնալը:

1. 1995-ին Ռուսաստանի հարավի քրեական մայրաքաղաքի համբավն ունեցող նավահանգստային քաղաքում ստեղծվեց «Կաստայի» նախատիպը` «Պսիխոլիրիկ» խումբը: Երկու տարի անց, 1997-ի աշնանը, Ռոստովում մի քանի խումբ կար, որոնք գրագետ ռեփ էին մատուցում. ազդեցիկ ու խիստ տեքստեր հորինելով շրջակա միջավայրի, սեփական կյանքի վայրիվերումների մասին, նրանք կարդում էին հատուկ էներգետիկայով, որը հատուկ է Ռուսաստանի գավառական քաղաքների բնակիչներին: 1997-ի սեպտեմբերին այդ կոլեկտիվներից լավագույն հինգը միավորում ստեղծեցին, որը կոչեցին «Միավորված Կաստա»:

2. Ի սկզբանե խումբը ստեղծագործական միավորում էր «Միավորված Կաստա» անվանումով, և մոսկովյան Bad B Alliance-ի (Վլադ Վալով, Միխեյ) գլխավոր մրցակիցն էր, որի կազմում էր այդ ժամանակ նույնիսկ Բաստան (այն ժամանակ հայտնի լինելով Խրյու բեմական անունով), ինչպես նաև «Ավազե մարդիկ» (ռուս.՝ «Песочные люди»):

3. Բուն «Կաստա» բառն առաջարկեց ինքը Բաստան, սակայն վերջնական տարբերակը պատկանում է Վլադիին և Շիմին:

4. «Կաստայի» առաջին մեծ ելույթը 1999-ին էր` Մոսկվայի Rap Music 99 փառատոնում, որտեղ խումբն արժանացավ Գրան պրիի: Դրանից հետո խումբը սկսեց ավելի շատ շրջագայել, հիմնականում ելույթ ունենալով գիշերային ակումբներում:

5. 2002-ին թողարկվեց Կաստայի «Громче Воды, Выше Травы» (թարգ.՝ «Ջրից բարձր, խոտից ցածր») ալբոմը: Այն հաջողություն ունեցավ և մինչև նույն թվականի դեկտեմբերն արդեն գրեթե 100,000 օրինակ էր վաճառվել: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց ԶԼՄ-ներում: Բոլոր պարբերականներում, որոնք գրում էին ժամանակակից երաժշտության մասին, խմբի մասին հրապարակումներ հայտնվեցին: Այդ ռելիզի շնորհիվ Կաստան զգալիորեն ընդլայնեց երկրպագուների շրջանակը: Ամռանը տեսահոլովակ նկարահանվեց «Մաքսի մասին» թրեքի համար, որը 3 ամսվա ընթացքում չնահանջեց MTV չարթերից: Աշնանը թողարկվեց Վլադիի մեներգերի ալբոմը` «Что нам делать в Греции» (թարգ.՝ «Ինչ ունենք անելու Հունաստանում»), խմբի ամենաաղմկահարույց «Ревность»(«Խանդ») հիթերից մեկով հանդերձ: Հետո հայտնվեց Կաստայի նոր տեսահոլովակը` «Горячее Время» («Թեժ ժամանակը»), որը դարձավ «Հակաքիլլեր» բլոկբասթերի սաունդթրեքը:

6. 2004-ին խումբը հաղթեց MTV-ի Russian Music Awards-2004 «Լավագույն հիփ-հոփ, ռեփ նախագիծ» անվանակարգում, նմանատիպ անվանակարգում խումբը մրցակից չունեցավ նաև 2006-ին Մուզ ՏՎ-ի մրցանակաբաշխությանը:

7. 2010-ին MTV հեռուստաալիքը «MTV-ի լեգենդները» հատուկ անվանակարգում մրցանակը շնորհեց «Կաստային» Ռուսաստանում ժամանակակից երաժշտական մշակույթի ձևավորման և զարգացման վրա վճռորոշ ազդեցության համար:

8. Խմբի հաջողություններից բացի Վլադիի ալբոմներն ու Համիլի և Զմեյի ստեղծագործական տանդեմը նույնպես մեծ ճանաչում ստացավ:

9. Ֆիլմերի ցանկը, որոնց սաունդթրեքը Կաստան է ձայնագրել, հետևյալն է. «Հակաքիլլեր», «Ոչ ադեկվատ մարդիկ», «Ջունգլի», «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ», «Սուպեր Օլեգ», Odnoklassniki.ru:

10. 2014-ին խումբը թողարկեց 8 սինգլ` որպես մենակատարներ և ընդհանուր, որից 1-2-ը կընդգրկվեն Կաստայի նոր ալբոմում: Նույն թվականին խումբն առաջին անգամ համերգներով հանդես եկավ ԱՄՆ-ում:

ՖՈՏՈՇԱՐՔ