Նոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է: Հայ ընտանիքներից մեկում տոնը կրկնակի է. մայորը 25 տարվա հետախույզ է, որդին՝ 5 ամսվա ժամկետային զինծառայող, շարքային հետախուզական ստորաբաժանման կազմում:
«Ամեն հետախույզի որդի կերազի հոր հետ գործողության մասնակցել: Բայց հայրս խուսափում է՝ ուշադրությունն ինձ վրա կկենտրոնանա: Գործողության ժամանակ միտքն ու հոգին խաղաղ պիտի լինեն»:
«Ձեռնամարտի միջազգային մրցաշարերի եռակի չեմպիոն եմ, իսկ հետախուզական ստորաբաժանման կազմում ծառայելը նշանակում է ֆիզիկական պատրաստվածությունն ու կարգապահությունը զարգացնել ու արժեվորել ոչ պակաս մարզված մտքով»:
«Հակառակորդի հետախույզներն ինքնավստահ են միայն երբ մեծ խմբերով են գործում: Ադրբեջանցիների հոգեբանությունը որոշիչ է: Վերջին 2 տարում Արցախի ուղղությամբ հետախուզադիվերսիոն խմբերում թվաքանակը կրկնապատկվել է: Բայց հայկական կողմի կանխարգելիչ գործողությունների արդյունքում, միևնույն է, խուճապի են մատնվում: Ապացույցն էլ այն է, որ ռազմարդյունաբերության առաջատարներից գնած վերջին զինատեսակները թողնում են, գնում իրենց կաշին փրկելու»:
«Մեր մեկը հավասար է թուրքի տասին, ու սա մեծամտանալ չի, դեռ քիչ եմ ասում: Բոյը, «թափը» կապ չունի: Գլուխը գործի կեսն է: Գլուխդ պետք է վերահսկելի ու մտածող լինի»:
«Աղջիկ հետախույզները մեր ստորաբաժանման կազմում մի քանիսն են: Միանշանակ նրանց հետ գործողության կգնամ՝ ոչնչով չեն զիջում տղամարդկանց, իսկ որոշ առումներով ավելին կարող են»:
«Հայ հետախույզների առավելությունը համարձակությունն է՝ «դուխով» ենք, չենք հանձնվում: Ու ընկերոջ մեջքը պահող ենք ամենադժվար ժամանակ էլ»:
«Հետախուզությունը 23 տարի առաջ և այսօր. միջոցների ու տեխնիկայի փոփոխություն միանշանակ կա: ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումները համալրված են նորագույն զինատեսակներով ու հետևում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը»:
«Պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո նախատեսում եմ շարունակել հետախույզ լինել՝ պայմանագրային հիմունքներով: Մանկությունից հետախույզի հետ եմ: Հիմա ես եմ հետախույզ: Իմ կյանքն է սա»:
«Հետախույզի գլխավոր խնդիրն աչք ու ականջ լինելն է, իսկ հետախուզությունը բանակի սիրտն է, շատ բան է փոխում ու պայմանավորում: Հետախույզ կոչվելը բարձր պատիվ է: Եվ այս գիտակցությամբ հայկական հետախուզության ապագան անցյալին չզիջելու նախադրյալներ ունի»: