2009 թվականի աշնանը ճանապարհային ոստիկանությունը սկսեց արձանագրություններ կազմել փողոցները սխալ հատվածում հատող հետիոտների նկատմամբ` երեքհազարական դրամ նրանց տուգանելով: Մի քանի շաբաթվա ընթացքում, ըստ ոստիկանության, տուգանվեց մի քանի հազար մարդ: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանությունը դադարեց կատարել իր այդ գործառույթը կամ սկսեց խիստ հազվադեպ կիրառել այն, ու փողոցներում իրավիճակը կրկին վերադարձավ նախկին վիճակի: Ի դեպ, գոյություն ունի նաև մայթերով տեղաշարժվելու կարգը խախտելու համար հետիոտների համար նախատեսված տուգանք: Ինչ է հաստատում այդ կարգը ու տուգանվել է արդյոք երբևիցե գեթ մի մայթով քայլող հետիոտն, հայտնի չէ:
2014-ին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ավտոմեքենաների ապակիներից սկսեցին հեռացնել «վաճառվում է» բառը: Քաղաքապետարանը բացատրում էր որոշումը չթուլատրված վայրերում մեքենաների առքուվաճառքը կանխելու ցանկությամբ: Որոշման տրամաբանական պատճառներից մեկն էլ մեքենայների առևտուրով զբաղվողների կողմից վճարովի ավտոկայանատեղերը շաբաթներով զավթելուն վերջ դնելն էր էր: Սակայն զուգահեռաբար «հարվածի տակ» ընկան հարյուրավոր պատշաճ վարորդներ:Ամեն դեպքում, որոշումը փաստացի չիրագործվեց կամ փաստացի անիրագործելի դուրս եկավ. Երևանը լիքն է նմանատիպ հայտարարություններով ու հեռախոսահամարներով մեքենաներով,պատկան մարմիններն էլ դրանցից ազատվելու մտադրությունից, կարծես հետ են կանգնել:
2012 թվականից գործում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 123 հոդվածի փոփոխությունը, որով մեքենայի վարորդը կարող է տուգանվել 5 հազար դրամ տուգանք ամրագոտի չկապած ուղևորի համար: Ոստիկաններն, իրոք, տուգանում են անհատ վարորդներին, երբ ուղևորն ամրագոտին արձակած է երթևեկում, սակայն գրեթե միշտ անտարբեր են լինում տաքսիների ուղևորների կողմից նույն խախտման վերաբերյալ: Լա ՞վ է դա, թե՞վատ: Համաձայն Պուլիցերի կենտրոնի ճանապարհային մահացության հետազոտության, Հայաստանը Եվրոպայում երկրորդ տեղում է ճանապարհներին մահացության հարաբերական ցուցանիշով (Ռուսաստանից հետո): Զոհերի 54%-ը մեքենաների ուղևոր են, մահացության պատճառների թվում չկապած ամրագոտին առաջին տեղում է:
Դեռևս 2010 թվականին Երևանի ավագանին որոշում ընդունեց ընտանի կենդանի պահելու համար տարեկան 5 հազար դրամ տուրք վճարելու մասին: Հինգ տարի անց՝ 2015 թվականին, մայրաքաղաքի մի շարք բնակիչներ սկսեցին ծանուցումներ ստանալ՝ տուրքը վճարելու պահանջով: Քաղաքապետարանը բացատրում էր որոշումը միջազգային փորձի ներդրմամբ: Սակայն որոշումը առաջացրեց կենդանիների պաշտպանների ու կենդանի ունեցող քաղաքացիների դժգոհության մեծ ալիք առաջացրեց: գործարկելուց մի քանի ամիս անց որոշումը կրկին մոռացության մատնվեց: Ինչի վրա է ծախսվելու գանձվելիք տուրքը, ինչպես է գործելու կենդանիների տերերին «բացահայտելու» մեխանիզմը, ինչ նպատակ է հետապնդում որոշումը ու երբ նրա մասին կրկին կհիշեն, պարզ չէ:
Վերջին աղմուկ հանած , մեքենաների ապակիների չափից ավել մգեցվածությունն արգելող կարգն ընդունվել էր դեռևս 2005 թվականին ու որոշ ժամանակ կիրառվելուց հետո մոռացության մատնվել: Փաստացի չգործող օրենքի պարագայում բազմաթիվ վարորդներ մգեցրել են ապակիներն ու, փաստորեն, զուր գումար ծախսել, իսկ այժմ էլ ստիպված կլինեն կրկին վճարել՝ թաղանթի հեռացման համար, ինչը բերում է սպասելի դժգոհության: Բացի այդ, ոստիկանությունը դեռևս չունի մգեցվածությունը չափելու համապատասխան սարքեր ու փաստորեն այս պահին չի կարող իրականացնել սեփական իսկ որոշումը: