26 նոյեմբերի 2015 - 15:16 AMT
ՀՈԴՎԱԾ
Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել դեկտեմբերին
Տարեվերջին խոշոր ստուդիաները ռիսկի են դիմում` «հսկաների իսկական ճակատամարտ» սկսելով հուրախություն կինոսերների
Օրացուցային տարվա վերջին ամիսը միաժամանակ և չափազանց բեղմնավոր է ֆինանսական ներուժի տեսակետից, և շատ ռիսկային: Մեծ տոներն ու ամանորյա ֆիլմերը մեծ շահույթ են խոստանում ստուդիաներին` հաշվի առնելով մեծ հոսքը դեպի կինոթատրոններ: Սակայն վտանգ կա, որ ամսաթվի առումով կարելի է բախվել վտանգավոր հակառակորդի հետ, օրինակ, ի դեմս երկար սպասված և մեծ ֆիլմաշարի, որը կարող է շնաձկան նման յուրացնել և առավելագույն դրամ վաստակածի տիտղոսը, և ամբողջ փառքը: Չնայած դրան, մեծ ստուդիաները ռիսկի են դիմում` «հսկաների իսկական ճակատամարտ» սկսելով հուրախություն կինոսերների:

Ծանոթանալով ցանկին` PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք դեկտեմբերին կցուցադրվեն Երևանի կինոթատրոններում:

«Ծովի սրտում» (օիգ. անվանումը` In the Heart of the Sea)

Դրամա, թրիլեր, արկածային, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Ռոն Հովարդ

Դերերում` Քրիս Հեմսվորթ, Բենջամին Ուոքեր, Քիլիան Մըրֆի, Թոմ Հոլանդ, Բեն Ուիշոու, Բրենդան Գլիսոն:

Պրեմիերան Երևանում դեկտեմբերի 3-ին:

Կոմիքսային բլոկբաստերների այս դարաշրջանում իրական արկածներով իսկական կինոն դեֆիցիտ ապրանք է դարձել: Անարդարացիորեն մոռացված, սակայն դրանից ոչ պակաս հիասքանչ: Փիթեր Ուիրի «Ծովերի տիրակալը» արկածային կինոյի դարաշրջանի վերջն ազդարարեց: Այս զարգացումը դուր չեկավ մեծն ռեժիսոր Ռոն Հովարդին, որի շնորհիվ ժանրի սիրահարները հնարավորություն ստացան մեկ անգամ ևս ընկղմվելու արկածային ռոմանտիզմի խորհրդավոր, վտանգավոր և անհավատալի գեղեցիկ աշխարհը: Չնայած ակնհյատ զուգահեռներին Գերման Մելվիլի լեգենդար «Մոբի Դիկի» հետ, «Ծովի սրտում» ֆիլմն իրականում հիմնված է իրական իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել «Էսեքս» կետորս նավի անձնակազմի հետ` կաշալոտի կողմից հարձակման ենթարկվելուց հետո:

«Լրտեսական կամուրջ» (օրիգ. անվանումը` Bridge of Spies)

Դրամա, թրիլեր, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Սթիվեն Սփիլբերգ

Դերերում`Թոմ Հենքս, Մարկ Ռայլենս, Էմի Ռայան, Ալան Ալդա, Օսթին Սթոուել

Պրեմիերան Երևանում դեկտեմբերի 3-ին:

«60-ականներից մեր օրերը վերադառնալու համար հարկ կլինի սպասել մինչև, որ կինոդահլիճը լուսավորվի և էկրանին վերջին լուսագրերը հայտնվեն»: Իր տպավորություններն այդպես է նկարագրել հեղինակավոր կինոքննադատներից մեկը` դիտելով Սփիլբերգի նոր արարումը: Մեծ էկրաններին հայտնվելուց («Լինքոլն») 3 տարի անց ռեժիսորը որոշել է կրկին անդրադառնալ քաղաքական դրամայի ժանրին: Դատելով կինոքննադատների և համաշխարհային մամուլի հիացական արձագանքներից` դա նրան հաջողվել է: Ֆիլմի գործողությունը ծավալվում է իրական պատմական իրադարձությունների ֆոնին և պատմում է բրուքլինցի փաստաբան Ջեյմս Դոնովանի մասին, որը Սառը պատերազմի տարիներին հայտնվում է սովետա-ամերիկյան դիմակայության կիզակետում: Կինոնկարի դրամատուրգիական հիմքի ստեղծմանը մասնակցել են հանճարեղ Քոեն եղբայրները, և այդ համագործակցությունը, ինչպես նաև առաջատար դերասանների մասնակցությունը, «Լրտեսական կամուրջի» դիտումը դարձնում են պարտադիր իսկական կինոյի սիրահարների համար:

«Սիրո մասին»

Կատակերգություն, Ռուսաստան, 2015 թ.

Ռեժիսոր` Աննա Մելիքյան

Դերերում` Ռենատա Լիտվինովա, Միխայիլ Եֆրեմով, Մարիա Շալաևա, Վասիլի Ռակշա, Յուլիա Սնիգիր, Վլադիմիր Մաշկով

Պրեմիերան Երևանում դեկտեմբերի 10-ին:

«Սիրո մասին» կինոալմանախը փորձ է պատասխանելու մի կարևոր հարցի. ի՞նչ է այնուամենայնիվ սերը: Ամենատարբեր պերսոնաժների ու պատմությունների շարանը միահյուսվում է ֆիլմում ամենատարբեր բաների մասին փոքր պատմությունների միջոցով, որոնք բոլորը սիրո մասին են: Աննա Մելիքյանի ֆիլմը, որն արժանացել է «Կինոտավր-2015» բաց ռուսական կինոփառատոնի գլխավոր մրցանակին, շատ ջերմ ընդունվեց կինոքննադատների կողմից: Սովորական մարդկանց և նրանց փոխհարաբերությունների ազնիվ պատմությունները, լավ հումորն ու դերասանների հաջող խաղը կարող են հետաքրքրել ամենատարբեր նախասիրությունների կինոդիտողին: Շատ լավ ժամանց է ամանորյա տոներին ընդառաջ:

«Աստղային պատերազմներ. Ուժն արթնանում է» (օրիգ. անվանումը` Star Wars: The Force Awakens)

Ֆանտաստիկա, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Ջ.Ջ.Աբրամս

Դերերում` Ջոն Բոյեգա, Դեյզի Ռիդլի, Ադամ Դրայվեր, Օսկար Այզեկ, Էնդի Սերկիս, Դոնալ Գլիսոն, Մաքս ֆոն Սյուդով, Հարիսոն Ֆորդ, Քերի Ֆիշեր

Պրեմիերան Երևանում դեկտեմբերի 17-ին:

Առանց մեկնաբանությունների…

«Ալիքի կատարին» (օրիգ. անվանումը` Point Break)

Մարտաֆիլմ, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Էրիքսոն Քոր

Դերերում` Էդգար Ռամիրես, Լյուկ Բրեյսի, Ռեյ Ուինսթոն, Թերեզա Փալմեր, Դելրոյ Լինդո

Պրեմիերան Երևանում դեկտեմբերի 24-ին:

Անվերջ կրկնությունների միտումը որպես «զոհ է» ընտրել այս անգամ Քեթրին Բիգելոուի 1991 թ. գերազանց մարտաֆիլմը, որի շնորհիվ աշխարհը ճանաչեց Քիանու Ռիվզին, իսկ կանայք գաղտնի սիրահարվեցին Պատրիկ Սուեյզիի կերտած կերպարին: Անիմաստ և անողոք հոլիվուդյան «հոսքագիծը» ռեժիսորի աթոռին նստացրեց մինչ այդ անհայտ Էրիքսոն Քորին, իսկ սիրված դերասաններին փոխարինեցին երկրորդ դերերում աննկատ մնացած Ռամիրեսով և Բրյեսիով: Այստեղ արդեն մի կանոն է գործում. լավ ֆիլմի ռեմեյքը կարող է այդքան լավը չլինել, սակայն, պետք է լի լինի հատուկ էֆեկտներով և ֆիզիկայի բոլոր կանոնները խախտող գործողություններով: Թիրախային լսարանին նման մոտեցումը դուր է գալիս, թեև հույս է մնում, որ կինոդիտումից հետո մերօրյա դպրոցականները կորոշեն ծանոթանալ նաև օրիգինալին:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net