Գիտնականները հայտարարում են, որ ուղեղը փոխվում է, վերականգնվում է և զարգանում է նաև մեծահասակների մոտ բազում գործոնների ազդեցությամբ: Հակառակ դեպքում մարդիկ չէին կարողանա մինչև խորը ծերություն պահպանել մտավոր կարողությունները:
Սաղմի զարգացող ուղեղում նեյրոնների մեծ «պաշար» է առաջանում, որի 70 տոկոսը մեռնում է դեռ մինչև երեխայի ծնունդը: Ուղեղը շարունակում է նյարդային բջիջներ կորցնել նաև ծնունդից հետո, սակայն դա գենետիկորեն ծրագրված գործընթաց է, որի ժամանակ մեռնում են ոչ միայն նեյրոնները, այլ նաև օրգանիզմի մյուս բջիջները:
Նյարդային համակարգի բջիջների մեծ քանակությունը հարկավոր է ուսուցման համար, ինչպես նաև մարդու գիտակցության զարգացման անվերջ վարիացիների ապահովման համար:
Վերականգնման գործընթացն առավել ակտիվ է ընթանում էպիթելում և արյունաստեղծ օրգաններում: Սակայն նյարդային բջիջների տրոհումը գենետիկորեն արգելափակված է: Այսինքն նյարդային բջիջներ չեն առաջանում տրոհման միջոցով:
Նյարդային բջիջներն առաջանում են նեյրոգենեզի արդյունքում, որն առավել ակտիվ է ներարգանդային զագացման շրջանում: Նեյրոգենեզը սկսվում է նեյրոնների նախատիպերի` նեյրոնային ցողունային բջիջների տրոհմամբ, որոնք հետո միգրացիա են ենթարկվում, տարանջատվում են և կազմում են գործող նեյրոն:
Հասուն կաթնասունների գլխուղեղում նեյրոգենեզը տեղի է ունենում երկու բաժնում, որոնք կապված են հիշողության (հիպոկամպ) և հոտառության (հոտառության սոխուկներ) հետ: Վերջին տարիների հետազոտությունները ցույց տվեցին, որ սեռական հասունացման շրջանում կաթնասունների գլխուղեղն ավելացնում է այդ բջիջների քանակը նաև նշագեղձում և դրա հետ կապված մասերում: Ընդ որում աճում է ոչ միայն նեյրոնների քանակը, այլ նաև նյարդային հյուսվածքի ուղեկից բջիջների` նեյրոգլիաների քանակը:
Վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ նոր նեյրոններ հասուն գլխուղեղում կարող են առաջանալ ոչ միայն նեյրոնալ ցողունային բջիջներից, այլ նաև արյան ցողունային բջիջներից: Սակայն վերջիններս չեն վերածվում նեյրոնների, այլ միանում են դրանց` կազմելով երկկորիզ ցողունային բջիջներ: Հետո նեյրոնի հին կորիզը փլուզվում է, և այն փոխարինվում է արյան ցողունային բջջի նոր կորիզով:
Բացի այդ նյարդային համակարգը վերականգնվում է իր բացառիկ պլաստիկության շնորհիվ, երբ մեռած նյարդային բջիջների ֆունկցիաներն իրենց վրա են վերցնում գործող բջիջները` մեծանալով և նոր կապեր ձևավորելով, այդպիսով լրացնելով կորցրած ֆունկցիաները: Մեկ կենդանի նեյրոնը կարող է փոխարինել 9 մեռած նեյրոնի:
Կարծրատիպ դարձած այն կարծիքը, թե սթրեսը վատ է ազդում բջիջների վրա, սխալ է: Հետազոտությունները ցույց տվեցին, որ նեյրոններն ընդհանրապես չեն կարող մեռնել գերծանրաբեռնվածությունից` նրանք ուղղակի դանդաղեցնում են իրենց գործունեությունն ու հանգստանում են: Նեյրոնները մեռնում են սննդարար նյութերի, հատկապես վիտամինների պակասից և հյուսվածքների արյան շրջանառության խախտման պատճառով, որի արդյունքում տեղի է ունենում թունավորում և հիպոքսիա, ինչպես նաև տարբեր դեղերի օգտագործման, թունդ թեյի և սուրճի, թմրանյութերի, ծխախոտի և ալկոհոլի չարաշահման, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության և ինֆեկցիոն հիվանդությունների հետևանքով: Նյարդային բջիջները պաշտպանելու և նրանց անկասելի զարգացումն ապահովելու համար միշտ պետք է ձգտել ինչ-որ նոր բան սովորելու, ինչպես նաև զարգացնել ինքնավստահությունն ու բաց լինել զգացմունքների համար: