3 դեկտեմբերի 2015 - 14:00 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի հարկայինը, էներգետիկան, ջուրն ու լրտեսական սկանդալի մեջ թաթախված ամերիկյան ընկերությունը
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը 2015-ի նոյեմբերի 10-ին անդրադարձել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակումների շնորհիվ հրահրված լրտեսական սկանդալին ու դրա կապին՝ Հայաստանի հետ: Մարտիրոսյանի հրապարակումը վերաբերում էր ամերիկյան Booz Allen Hamilton (BAH) ընկերության հայաստանյան գործունեությանը, որը 2005-2008-ին գործակցել է ՀՀ հարկային ծառայության հետ՝ ներդնելով համակարգի ծրագրային ապահովման միջուկը:
Հայաստանում մի շարք լուրջ նախագծեր իրականացրած ընկերությունը կապեր ունի ԱՄՆ հետախուզական ծառայությունների հետ:

Booz Allen Hamilton-ը ծառայություններ է մատուցում պաշտպանության, հետախուզության ոլորտում ներգրավված ամերիկյան կառույցներին, հասարակական կազմակերպություններին: Ընկերությունը ԱՄՆ պետպատվերների կապալառուների առաջատարներից է. CNN տվյալներով, միայն 2012-ին այն ուներ 4 մլրդ դոլարի պայմանագիր, պատվերների 99%-ն ԱՄՆ դաշնային կառավարության տարբեր գերատեսչություններից էր: Բանակին էր հասնում պատվերների 16%-ը: Մարտի վերջի տվյալներով, երկարաժամկետ պատվերների ծավալը հասնում էր 11.8 մլրդ դոլարի:

BAH-ում են աշխատել բազմաթիվ նախկին ամերիկյան հետախույզներ՝ ԿՀՎ տնօրեն Ջեյմս Վուլսին, ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը, գրում է Guardian-ը, նշելով, որ BAH-ը ԱՄՆ հետախուզական հաստատության և հասարակական հատվածի միջև աշխատանքային դերերի փոփոխության մի մասն է հանդիսանում:

Ընկերությունը կապեր ունի նաև Ադրբեջանի հետ: Մասնավորապես, Anonymous հաքերային խմբի խորհրդական Բարետ Բրաունը հայտարարում էր, որ Booz Allen Hamilton-ի ծրագրային ապահովման օգտագործմամբ Ադրբեջանում ձերբակալվել են ժողովրդամետ ակտիվիստներ, գրում էր Forbes-ը 2011-ին: BAH-ի մշակած ծրագրի միջոցով նաև ստեղծվում էին սոցցանցերում կեղծ օգտատերերի բանակներ, որոնք օգտագործվում էին աստրոտուրֆինգի՝ կեղծ էջերի միջոցով այդ ակտիվիստներին հայտնաբերելու համար:

Հարկային ծառայության ծրագրավորման ապահովման միջուկի հետ կապված Booz Allen Hamilton-ի ծրագիրը ՀՀ-ում ֆինանսավորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID-ին Միացյալ Նահանգների դաշնային կառավարության գործակալություն է, որը համակարգում է այլ երկրներին տրամադրվող օգնությունը: USAID-ի կառավարչին հաստատում է ԱՄՆ Սենատը):

Ի պատասխան PanARMENIAN.Net-ի հարցմանը, USAID հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը տեղեկացրեց, որ Booz Allen Hamilton-ն ընտրվել է ԱՄՆ ճանաչված խորհրդարանական ընկերությունների միջև մրցույթի հիման վրա: Ընկերության կողմից հարկային բարեփոխումների ծրագրի ներքո տրամադրված տեխնիկական օժանդակությունը ուսումնասիրվել է պայմանագրի գործողության ընթացքում և դրա ավարտից հետո, կատարված աշխատանքը դրական է գնահատվել:

Հիլիարդը հայտնեց, որ ծրագրի նպատակն էր բարելավել պետական հարկային ծառայության գործառնությունները հետևյալ ուղղություններով. պետական հարկային ծառայության կառավարման փոփոխություններ և վերակազմակերպում, ներքին ուդիտի և իրավաբանական վարչությունների գործառնությունների բարելավում, պետական հարկային ծառայության աշխատակիցների հմտությունների բարելավում, հարկ վճարողների և բիզնեսների հետ համագործակցության բարելավում՝ մասնագիտական բողոքարկման համակարգի ստեղծման միջոցով, ԱԱՀ, հողի հարկի և գույքահարկի, հարկային հաշվառման համարների քաղաքականության շուրջ օժանդակության տրամադրում և այլն:

Բացի այդ, Հիլիարդը տեղեկացրեց, որ Booz Allen Hamilton-ը հանդիսացել է Mendez England and Associates ամերիկյան կազմակերպության ենթակապալառու՝ Հայաստանում 2011-ի սեպտեմբերից մինչև 2015-ի սեպտեմբերը իրականացված «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի ներքո տրամադրելով սահմանափակ տեխնիկական օժանդակություն:

Հիլիարդի խոսքով՝ ընկերության մասնակցությամբ Հայաստանում USAID այլ ծրագրեր չեն իրականացվել և չեն իրականացվում:

«Մաքուր էներգիա և ջուր» (ՄԷՋ) ծրագիրը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող քառամյա նախաձեռնություն է, որի նպատակն էր աջակցել Հայաստանի Հանրապետության ջրի և էներգետիկ ոլորտների կայուն կառավարման բարելավմանը: Շրագրի շրջանակներում ՀՀ-ում իրականացվել է ջերմամեկուսացման և ռադիանտ ջեռուցման ծրագիրը «Մեղվիկ» ՀԿ կենտրոնում, Բերդ ք. սպորտային դպրոցի ջեռուցման ծրագիրը, Արևային ջրատաքացման ծրագիրը Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում, էներգաարդյունավետ ջեռուցման ծրագիրը Դարբաս գյուղում, ինչպես նաև իրականացվել է էներգաարդյունավետ լուսավորման ծրագիրը Ապարանում, Դարբաս, Զովասար, Թաթուլ գյուղերում, Լեռնագոգ համայնքում, փողոցային լուսավորության ծրագիրը Աշնակ գյուղում, արտաքին լուսավորության ծրագիր Իջևանի ՍՕՍ գյուղում, ինչպես նաև ջրամատակարարման ծրագրեր բազմաթիվ հայկական գյուղերում:

USAID հայաստանյան առաքելության էներգետիկայի, ջրային և շրջակա միջավայրի ծրագրերի համակարգող Մարինա Վարդանյանը PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց, որ սեպտեմբերին «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի իրականացումն ավարտվել է սեպտեմբերին: Booz Allen Hamilton-ը ծրագրին տրամադրել է երեք փորձագետի (երկու միջազգային և մեկ փորձագետ ընկերության Հայաստանյան գրասենյակից)՝ տեխնիկական աջակցություն տրամադրելու համար:

Սամվել Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ Booz Allen Hamilton-ը իսկապես ճանաչված կազմակերպություն է, որը տրամադրում է որակյալ ծառայություններ։ Սակայն, խնդիրն այն է, որ Էդվարդ Սնոուդենը աշխատել է հենց այստեղ՝ լինելով կապված ԿՀՎ հետ։

Տեղեկատվական անվտանգության փորձագետը նկատեց, որ այս կազմակերպության հետ կապված եղել են հետաքրքիր բացահայտումներ՝ ոչ միանշանակ գործունեության վերաբերյալ։ «Սրանից ավելին ես չգիտեմ, բայց եղածն էլ թույլ է տալիս ենթադրել, որ կասկածներ ունենալը առնվազն ողջամիտ դրսևորում է», - ասաց նա:

Մարտիրոսյանի խոսքով՝ հարց է առաջանում, թե արդյո՞ք ամբողջությամբ բաց է այդ ծրագրային ապահովումը, որը ստեղծել է ընկերության տնօրինության ներքո, այսինքն՝ արդյո՞ք ծրագրերի կոդերը ամբողջությամբ տրամադրված են ՀՀ կառավարությանը, թե ոչ, և եթե տրամադրված են՝ արդյո՞ք անցկացվել է դրանց աուդիտ՝ անվտանգության տեսանկյունից։

Փորձագետը նշեց, որ եթե նշված գոնե մեկ կետով պատասխանը բացասական է՝ ապա կա պոտենցիալ սպառնալիք: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է իրականացներ համապատասխան քայլեր՝ փորձագետը պարզաբանել է, որ ԱԱԾ-ն, իր տեղեկություններով, 2009-ից է ստացել տեղեկատվական անվտանգությունը տեխնիկական տեսանկյունից ֊ապահովելու գործառույթը։ Մինչ այդ միանշանակ մոտեցում տվյալ հարցում մեր երկրում չի եղել, ենթադրում է Մարտիրոսյանը: Հարցին, թե ինչպես է կարելի գնահատել ՀՀ պետական մակարդակով տեղեկատվական անվտանգության ապահովումն այսօր, նա նշեց, որ ԱԱԾ- ն այժմ վերահսկում է խնդիրը: Դեռ 2005-ին ոլորտում տիրում էր տոտալ անկազմակերպվածություն. պետական կայքերը ամիսը մեկ կոտրվում էին ցանցահենների կողմից, իսկ այժմ երևույթը վերացել է, ասաց նա:

Booz Allen Hamilton ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում մեզ ընդամենը հայտնել են, որ մեզ հետաքրքրող հարցերն ուղղենք USAID Հայաստանյան ներկայացուցչությանը:

PanARMENIAN.Net ը մեկնաբանությունների համար դիմել է նաև ֆինանսների նախարարություն և ԱԱԾ, սակայն հոդվածի հրապարակման պահին նշված գերատեսչություններից պատասխան չենք ստացել: Այդ կառույցների մեկնաբանությունները կհրապարակվեն ստանալուն պես:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net