7 դեկտեմբերի 2015 - 12:38 AMT
ՀՈԴՎԱԾ
Ի՞նչ խտությամբ են աճում մոլորակի ծառերը. Հաշվարկվել է ընդհանուր թիվը
Ծառերի խտությունը չափել են Անտարկտիդայից բացի բոլոր մայրցամաքների ավելի քան 400 հազար հողատարածքում
Գիտական Nature հանդեսը հրապարակել է Յելի համալսարանի կենսաբանների գլխավորած մի խումբ գիտնականների հետազոտությունը, որտեղ ասվում է, որ Երկիր մոլորակում մոտ 3 տրիլիոն ծառ է աճում:

Մինչ անտառային զանգվածների այս մանրակրկիտ «հաշվառումը», ենթադրվում էր, որ մոլորակի վրա 400 մլրդ ծառ կա: Սակայն, վերջերս գիտնականները հաշվարկել են ծառերի խտությունը Ամազոնի ավազանի ավելի քան 1000 հատվածում և պարզվել է, որ միայն այդ շրջանում աճում է մոտ 390 մլրդ ծառ, ուստի հարկ եղավ վերանայել ծառերի ընթհանուր թվաքանակն ամբողջ մոլորակում:

Ծառերի խտությունը չափել են Անտարկտիդայից բացի բոլոր մայրցամաքների ավելի քան 400 հազար հողատարածքում:

Ծառերի առավելագույն խտությունն արձանագրվել է Ռուսաստանի, Սկանդինավիայի և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային անտառներում: Սակայն ամենից շատ ծառ կա արևադարձային գոտում` 43%, 24%-ը բաժին է ընկնում հյուսիսային անտառներին, իսկ 22%-ը` չափավոր կլիմայով վայրերին:

«Ծառերում հսկայական քանակությամբ ածխածին կա, որը կրիտիկական նշանակություն ունի բնության մեջ նուտրիենտների շրջանառության պահպանման համար, ապահովում է մեզ մաքուր ջրով և օդով, ինչպես նաև բազում այլ բաներով: Մեր գոյատևման ամբողջ ընթացքում մենք արդեն հասցրել ենք ոչնչացնել ծառերի գրեթե կեսը, և արդեն տեսել ենք, թե ինչպես է դա ազդում կլիմայի և մարդու առողջության վրա: Ծառերի հատման այս արագ տեմպերը վկայում են, թե որքան ջանք դեռ պետք է կիրառենք վերականգնելու համար աշխարհի անտառները»,-նշել է հետազոտության ղեկավար, բնապահպան Թոմաս Քրոութերը:

Ըստ գիտնականների, ամեն տարի աշխարհում հատվում է 15 մլրդ ծառ: Վելուծելով պատմական տվյալները, որոնք թույլ են տալիս իմանալ, թե ինչպիսին է եղել անտառների մակերեսն անցյալում, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մարդկային քաղաքակրթության մեկնարկից ի վեր` պլեյստոցենի դարաշրջանից հետո, որն ավարտվել է 11,7 հազար տարի առաջ, ծառերի ընդհանուր թիվը նվազել է 45%-ով:

Այժմ աշխարհում յուրաքանչյուր մարդուն բաժին է ընկնում 400 ծառ, սակայն ամեն տարի այդ ցուցանիշը նվազում է միջինը 1,4 ծառով:

PanARMENIAN.Net / Tsets