14 դեկտեմբերի 2015 - 19:59 AMT
ՀՈԴՎԱԾ
Ինչպե՞ս է աշխատում մարդու ուղեղը քնած ժամանակ
Քնած ժամանակ «ուղեղն աշխատում է սխալների վրա»` նպաստելու համար այն բախումների հանգուցալուծմանը, որոնք առաջանում են մեր ներքին Ես-ի մեջ:
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղը քնած ժամանակ ավելի ակտիվ է, քան արթուն: Գիտնականները պնդում են, որ քնած ժամանակ ուղեղն աշխատում է 7 անգամ ավելի արագ: Այդ տվյալները հանգամանորեն ստուգվում են:

Քնած ժամանակ մարդկային ուղեղը մշակում է ոչ միայն օրվա, այլ նաև ամբողջ կյանքի ընթացքում ստացած տեղեկատվությունը: Այն ի հայտ է գալիս ազատ ասոցիացիաների տեսքով. քնած ժամանակ տեղեկատվության առանձին հատվածներն ամբողջական պատկեր են կազմում և մանրակրկիտ վերլուծության ենթարկվում: Կարևոր է նշել, որ երազներ մարդը միշտ է տեսնում, սակայն մենք ուղղակի շատ բան չենք հիշում:

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ քնած ժամանակ աշխատում են ուղեղի առանձին մասերը, որոնք պատասխանատու են տեսողության, լսողության, հոտառության, մարմնի հավասարակշռության և շարժողական հատկությունների համար: Բացի այդ, նեյրոֆիզիոլոգները պարզել են, որ քնած ուղեղը բազմաֆունկցիոնալ խնդիրներ է լուծում, այդ թվում նաև բառերի համակարգման առումով:

Ըստ նոր հետազոտության արդյունքների, մարդկային ուղեղը շարունակում է բառերի դասակարգում կատարել նույնիսկ քնած ժամանակ: Այդպես, մեր գիտակցությունը մեզ պատկերացում է տալիս կոնկրետ բառերի մասին, իսկ բառերն առանց իմաստային ծանրաբեռնվածության ընդհանրապես բառացի նշանակություն չունեն:

Եզրակցությունները, որ արվել են էքսպերիմենտի արդյունքում, գիտնականները ներկայացրել են Current Biology ամսագրի հոդվածում, ի հայտ են բերում ուղեղի որոշակի հատվածների մինչ օրս անհայտ ունակությունները:

«Մենք ցույց տվեցինք, որ քնած ուղեղը կարող է շատ ավելի ակտիվ լինել, քան համարվում էր նախկինում: Մարդու մարմնի գլխավոր օրգանի որոշ գոտիներ կարող են կանոնավոր կերպով մշակել շրջապատի աուդիալ տեղեկատվությունը և նույնիսկ պատասխան արձագանքը նախապատրաստել` լինի նա քնած թե արթուն: Դա թույլ է տալիս բացատրել որոշ առօրյա երևույթներ, ինչպիսին է օրինակ քնած մարդու ծայրահեղ զգայունությունը սեփական անվան կամ իր զարթուցիչի ձայնի հանդեպ, այն դեպքում, երբ նույն բարձրության մյուս ձայները չեն կարող նրան արթնացնել»,-պատմում է հետազոտության առաջատար հեղինակ, Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի նյարդաբան Սիդ Քույդեն:

Այս աշխատությունը նաև համալրում է տեղեկատվության ենթագիտակցական մշակման մասին նախորդ հետազոտությունը, որը ցույց տվեց, որ խոսքի ընկալումն ու այլ բարդ կոգնիտիվ խնդիրները կարող են կատարվել նույնիսկ առանց պայմանների նախնական ընկալման:

Քույդեի և նրա գործընկերների խոսքով, ցանկացած խնդիր, որն ինքնաբերաբար է կատարվում, կարող է կատարվել նույնիսկ քնած ժամանակ: Նախկինում արդեն ասվել է, որ մարդկային ուղեղը կարող է մաթեմատիկական խնդիրներ լուծել ենթագիտակցական մակարդակով, ինչը հաստատում է ֆրանսիացի նյարդաբանների եզրակացությունները:

PanARMENIAN.Net / Tsets