Վարկածներից մեկի համաձայն «չոկատլ» անվանումն այդ ըմպելիքին տվել են մայաները, որտեղ «չոկո» նշանակում էր փրփուր, իսկ «ատլ»` ջուր:
Շոկոլադն ու կակաոն պատրաստվում են կակաոյի հատիկներից, որոնք մեծ քանակությամբ բնական հակաօքսիդանտներ են պարունակում:
Ացտեկների ու մայաների քաղաքակրթության օրոք կակաոն օգտագործվել է որպես հիմնական առևտրային արժույթ: Լատինական Ամերիկայի որոշ մասերում դրանք որպես փոխանակման արժույթ են օգտագործվել մինչև 19-րդ դարի վերջը:
Ժողովրդներից շատերի մոտ շոկոլադն ու կակաոն բուժիչ համբավ ունեին: Առնվազն 500 տարի կակաոյի ծառի պտուղներով բուժում էին կամ փորձում էին բուժել տասնյակ հիվանդություններ, ներառյալ թոքախտը, սակավարյունությունը, երիկամների քարերը, մարսողական խանգարումներն ու նյարդային հիվանդությունները:
Ի դեպ, բնական կաթնային շոկոլադի 40-գրամանոց սալիկում մոտ 400 մգ հակաօքսիդանտ կա: Սև շոկոլադում դրանց պարունակությունը 2 անգամ ավելի է, իսկ կակաոյի փոշու մեջ` մուգ շոկոլադի պարունակությունից 2 անգամ ավելի:
Հետազոտությունները ցույց են տվել, որ շոկոլադի ֆլավոնիդները նվազեցնում են արյան մակարդելիությունը և այս առումով ազդում են ինչպես կարմիր գինին կամ ասպիրինը, որը խորհուրդ են տալիս ընդունել սրտի կաթվածի հակում ունեցող մարդկանց: Շոկոլադը նաև նվազեցնում է տրոմբի առաջացման հավանականությունը:
Փենսիլվանիայի համալսարանում էքսպերիմենտ է անցկացվել, որտեղ կամավորների ռացիոնը հարստացված էր դառը շոկոլադով և կակաոյի փոշիով: Թեստերի արդյունքները ցույց տվեցին, որ այդպիսի «սննդակարգից» հետո մասնակիցների արյան մեջ ավելացել է հիմնական սպիտակուցների պարունակությունը, որոնք պաշտպանում են անոթներն աթերոսկլերոզից:
Ճապոնացի գիտնականների հետազոտությունները նույնպես շատ հետաքրքիր արդյունքներ տվեցին: Նրանք հայտնեցին, որ շոկոլադը կարող է կանխել կարիեսը: Ճիշտ է, դրա համար շոկոլադի մեջ պետք է ավելացնել նրա արտադրության ավելցուկը` կակաոյի հատիկների թաղանթը, որը սովորաբար դեն են նետում: Օսակայի համալսարանից Տակասի Օօսիմայի էքսպերիմենտը ցույց տվեց, որ կակաոյի հատիկների թաղանթի մեջ եղած նյութերն արգելափակում են մանրէներում կպչուն միացությունների սինթեզը, որոնք էլ առաջացնում են կարիես: Այդ միացություններով մանրէները կպչում են ատամի էմալին` այդպես է սկսվում քայքայիչ գործընթացը:
Ամերիկացի կենսաքիմիկոսների նոր հետազոտությունն իր հերթին ցույց տվեց, որ շոկոլադից օգուտ ենք քաղում միկրոօրգանիզմների շնորհիվ, որոնք բնակվում են մեր աղիստամոքսային տրակտում:
Գիտնականները պարզել են, որ թթվակաթնային և բիֆիդոբակտերիաները նույնպես շոկոլադ են սիրում: Վերամշակելով այն մեր ստամոքսում, նրանք արտազատում են նյութեր, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում սիրտանոթային համակարգի վրա, իսկ հետո արգելափակում են բորբոքային գործընթացները: