21 դեկտեմբերի 2015 - 14:32 AMT
ՀՈԴՎԱԾ
Հավատի խորհրդանիշ. Ի՞նչ են նշանավորում առաջատար կրոնների գլխավոր խորհրդանիշները
Կրոնական խորհրդանիշները կոնկրետացնում են և դյուրացնում են հավատացյալի ընկալումը
Կրոնական խորհրդանիշների էությունը որոշում է հավատի դոգմաներն ու ուղղվածությունը: Բոլոր խորհրդանիշների արմատները պետք է որոնել նախահեթանոսական ժամանակներում, երբ աշխարհը կառավարվում էր ենթագիտակցական իմպուլսների էներգետիկայի կանոններով: Հիմնական խորհրդանիշների հետ մեկտեղ յուրաքանչյուր կրոն ունի բազում այլ կերպարներ, որոնք միասին հավաքական զգացմունքային կերպար են ստեղծում հավատացյալի մոտ:

Կրոնական գաղափարների խորհրդանշական արտացոլումն աբստրակտ կերպով աստվածային էությունն արտահայտելու, Բարձրյալ ուժերի փոխաբերական սուբյեկտիվ ընկալումն օբյեկտիվ դարձնելու մարդու փորձն է:

Մյուս կողմից կրոնական խորհրդանիշները կոնկրետացնում են և դյուրացնում են հավատացյալի ընկալումը: Դրանք միավորում են հավատի իմաստավորված ընկալումը զգացմունքայինի հետ: Կրոնների խորհրդանիշները մեծ ուժ ունեն, քանի որ արտահայտում են բարձրագույն բարոյական արժեքներ ու հարաբերություններ:

PanARMENIAN.Net-ը ներկայացնում է առաջատար կրոնների գլխավոր խորհրդանիշները:

Քրիստոնեություն

Քրիստոնեության կազմավորման շրջանում նոր կրոնի խորհրդանիշը ձուկն էր (իհտիս): Սա Հիսուս Քրիստոսի անվան հնագույն աքրոնիմն է (մոնոգրամա):

Քրիստոնեության տարածման հետ նրա հիմնական խորհրդանիշը դարձավ խաչը` խորհրդանշելով Քրիստոսի նահատակությունը:

Սակայն, պետք է նշել, որ խաչի խորհրդանիշն օգտագործվել է տարբեր հեթանոսական հավատներում քրիստոնեությունից դեռ շատ առաջ: Դա են հաստատում հնագիտական պեղումներն աշխարհի տարբեր մասերում: Հնագույն պատկերները հայտնաբերվել են Հայաստանում: Կան այդ խորհրդանիշի (և դրա տարբերակների) բազմաթիվ ժայռապատկերներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 11-5 դարերով: Դրանց թվում են հունական, լատինական, ուղղափառ, պապական և խաչի այլ ձևերի պատկերներ:

Իսլամ

Համաշխարհային մեկ այլ կրոն` իսլամը, հիմնվել է Մոհամմեդ մարգարեի կողմից VII դարում: Սկզբնական փուլում հատուկ խորհրդանիշներ չի ունեցել: Որպես այդպիսին օգտագործվել են միագույն` սպիտակ, սև կամ կանաչ գույնի դրոշներ:

Որոշ հետազոտողներ կարծում են, որ կիսալուսնի ներմուծումը վկայում է լուսնային օրացույցով առաջնորդվելու մահմեդականների սովորության մասին: Հնգաթև աստղն իր հերթին խորհրդանշում է իսլամի 5 հենասյունը կամ 5 գլխավոր աղոթքը:

Սակայն իսլամի հետևորդների շրջանում վերաբերմունքը կիսալուսնին հակասական է: Կան մարդիկ, որոնք մերժում են կիսալուսինը` համարելով այն հին ժողովրդների հեթանոսական խորհրդանիշը:

Բուդդայականություն

Հնագույն համաշխարհային կրոններից մեկը բուդդայականությունն է, որը հիմնել է հնդիկ արքայազն Սինդհարտհա Գաուտաման: Ուսմունքի խորհրդանիշը Դհարմաչաքրան է կամ «օրենքի անիվը» (չշփոթել «սանսարայի անիվի» հետ, որը նշանավորում է ծնունդների շրջապտույտը): Անիվի կենտրոնը նշանավորում է գիտակցության կետը: Անիվի 8 ճաղը արտահայտում է 8 սկզբունքը, որոնց վրա է հիմնված ուսմունքը` ճիշտ աշխարհահայացք, ճիշտ մտածելակերպ, ճիշտ խոսք, ճիշտ վարքագիծ, ճիշտ կենսակերպ, ճիշտ ջանք, ճիշտ գիտակցություն, ճիշտ հայեցողություն:

Հինդուիզմ

Հինդուիզմի հետևորդները հիմնականում Հնդկաստանի բնակիչներն են: Ուսմունքի սրբազան գրքերն են 4 Վեդաները` Ռիգվեդան, Սամավեդան, Յաջուրվեդան և Աթհարվավեդան, որոնք օրհներգերի ու հմայագրերի ժողովածուներ են: Հինդուիզմի կրոնական խորհրդանիշը «Օմ» կամ «Աում» բառի համադրումն է` սա ունիվերսալ անվանում է հիմնական 3 աստվածի և նրանց գործառույթների` արարում, աջակցում և ավերում, նկարագրության համար: Տառերը խորհրդանշում են նաև գիտակցության 3 վիճակ` մեդիտացիա, քուն և զարթոնք:

Հինդուիզմի մյուս պաշտելի խորհրդանիշն է հավերժության նշանը: Այն խորհրդանշում է ներդաշնակությունը, տարերքների և ուժերի միասնությունը, ինչպես նաև հաջողությունն ու բարենպաստ հնարավորությունները:

Հուդայականություն

Հուդայականության խորհրդանիշը վեցթևանի (հեքսագրամա) Դավիթի աստղն է, որը խորհրդանշում է մարդկային ցանկությունները, որոնք պետք է ենթարկվեն կարևորագույն 6-րդ թևին` ամեն ինչում Աստծուն հնազանդվելու ցանկությանը: Սակայն այս խորհրդանիշն ավելի հին է ծագումով, քան բուն հուդայականությունը: Այս խորհրդանիշը հրեական դարձավ միայն 19-րդ դարից: Հեքսագրամը հայտնի էր հին Հնդկաստանում Անահանթա-չաքրա անվանումով, հավանաբար, շատ ավելի վաղ, քան այն հայտնվեց Մերձավոր Արևելքում և Եվրոպայում: Հուդայականության ամենահին խորհրդանիշը Մենորան է:

Դաոսականություն (Դաոսիզմ)

Դաոսականությունը սկիզբ է առել հին Չինաստանում: Այս կրոնը մարդուն ընկալում է որպես անմահ սուբստանցիա, որի համաձայն հավերժ կյանքին կարելի է հասնել Դաոի (Ուղի) հետ միաձուլման ճանապարհով կրոնական ուսմունքի, ֆիզիկական և շնչառական վարժությունների և ինքնազարգացման այլ միջոցների շնորհիվ: Դաոսականության գրաֆիկական խորհրդանիշը սև-սպիտակ շրջանն է` Ինն ու Յանը, որտեղ սև կողմը խորհրդանշում է կնոջն ու մարդու ներքին աշխարհը, իսկ սպիտակը` արտաքին աշխարհն ու տղամարդուն: Սա միասնական շեմի խորհրդանիշն է, որտեղ միաժամանակ արտահայտված է միաձուլումը, փոխգործակցությունը, ամեն գոյի անջատն ու փոխկապակցվածությունը: Ըստ դաոսականության մարդու գոյության նպատակն է հակադրությունների բալանսն ու ներդաշնակությունը:

PanARMENIAN.Net / Tsets