29 դեկտեմբերի 2015 - 16:23 AMT
ՀՈԴՎԱԾ
Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել հունվարին
Հունվարին համաշխարհային կինոն ուրվագծում է ամենահեղինակավոր կինոմրցանակի գլխավոր և ամենահեռանկարային թեկնածուներին
Տարեսկզբին համաշխարհային կինոն սկսում է այսպես կոչված «օսկարային մրցավազքը»: Խոշոր բլոկբաստերների փոխարեն ստուդիաները ներկայացնում են իրենց գլխավոր հեղինակային նախագծերը` ձգտելով Ամերիկյան կինոակադեմիայի որքան հնարավոր է շատ ոսկե արձանիկներ ստանալ: Հեղինակավոր ռեժիսորների արտադրանքը հայտնվում է մեծ էկրակին` սա հիանալի ժամանակ է իսկական կինո դիտելու համար: Հենց հունվարին է համաշխարհային կինոն ուրվագծում ամենահեղինակավոր կինոմրցանակի գլխավոր և ամենահեռանկարային թեկնածուներին:

Ծանոթանալով ցանկին` PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք հունվարին կցուցադրվեն Երևանի կինոթատրոններում:

«Սթիվ Ջոբս»

Կենսագրական դրամա, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Դեննի Բոյլ

Դերերում` Մայքլ Ֆասբենդեր, Սեթ Ռոգեն, Քեյթ Ուինսլեթ, Ջեֆ Դենիելս

Պրեմիերան Երևանում հունվարի 1-ին

Կինոգործիչները բազմիցս են անդրադարձել Apple ընկերության լեգենդար հիմնադրին: 2 տարի առաջ էկրան բարձրացավ բոլոր իմաստներով ձախողված Ջոշուա Մայքլ Շտերնի «Ջոբս. Գայթակղության կայսրություն» ֆիլմը Էշթոն Քաթչերի հետ գլխավոր դերում: Չնայած դերասանի և ՏՏ ոլորտի հսկայի արտաքին նմանությանը, ֆիլմը հաջողություն չունեցավ: Այդպիսի ֆիասկոյից հետո հոլիվուդյան բոսսերը որոշեցին, որ այդպիսի ականավոր մարդու կենսագրության էկրանավորումը պետք է ոչ պակաս հայտնի մարդիկ իրականացնեն: Նոր ֆիլմը հիմնված է Ուոլթեր Այզեկսոնի «Սթիվ Ջոբս» գրքի վրա, իսկ դրամատուրգիայի համար պատասխանատաու է հանճարեղ Ահարոն Սորկինը: Սակայն, գլխավորն այն է, որ ռեժիսորը բրիտանացի Դեննի Բոյլն է, որը կարող է վերածել «Apple-ի 3 նշանակալի շնորհանդեսների մասին» հասարակ պատմությունը կարող է վերածել սուր սյուժեով թրիլերի:

«Վերապրածը» (օրիգ անվանումը` The Revenant)

Վեսթերն, թրիլեր, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու

Դերերում` Լեոնարդո դի Կապրիո, Թոմ Հարդի, Ուիլլ Փոուլթեր, Դոնալ Գլիսոն, Լուկաս Հաաս

Պրեմիերան Երևանում հունվարի 7-ին

«Օսկարի» նախորդ տարվա հաղթող, մեքսիկացի Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն («Բըրդմեն») որոշել է կանգ չառնել ձեռք բերածի վրա և շարունակել զարմացնել կինոդիտողին: Ֆիլմը, որի դիտումից հետո քննադատներից շատերը երկար սպասված ու վաստակած «Օսկար» են կանխատեսում գլխավոր դերակատար Լեոնարդո դի Կապրիոյին, կարող է միաժամանակ հիացնել ու ապշեցնել իր անթաքույց դաժանությամբ ու նատուրալիստական բնույթով: Կինոյի արվեստների և գիտությունների ակադեմիայի անվանակարգերի կոմիտեի անդամների համար ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ դահլիճից լսվում էին ակամա հառաչանքներ ու բացականչություններ, իսկ որոշ քննադատներ լքեցին շենքը` կինոնկարը համարելով չափազանց արյունալի ու դաժան: Սակայն անզիջումային կինոյի իսկական երկրպագուներին ֆիլմն անկասկած դուր կգա` անհավանական գեղեցիկ բնապատկերներ, օպերատոր Էմանուել Լյուբեցկու վիրտուոզ աշխատանքը և ռեժիսորական բարդ լուծումները ոչ ոքի անտարբեր չեն թողնի:

«Զազրելի ութնյակը» (օրիգ. անվանումը` The Hateful Eight)

Վեսթերն, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Քվենթին Տարանտինո

Դերերում` Սեմյուել Լ. Ջեքսոն, Կուրտ Ռասսել, Ջենիֆեր Ջեյսոն Լի, Ուոլթոն Հոգգինս, Դեմիան Բիշիր, Թիմ Ռոթ, Մայքլ Մեդսեն, Բրյուս Դերն:

Պրեմիերան Երևանում հունվարի 14-ին

Քվենտին Տարանտինոյի 8-րդ ֆիլմի ճակատագիրը դյուրին չէր` 2013-ին դերասաններից մեկի գործակալի մեղքով տեղի ունեցավ սցենարի արտահոսք, իսկ մի քանի օր հետո կինոնկարը դարձավ ցանցահենության զոհ` ժապավենի պրոմոպատճենը հայտնվեց համացանցում և առաջին 24 ժամում ներբեռնվեց ավելի քան կես միլիոն անգամ: Սակայն, չնայած բոլոր այդ խնդիրներին, ռեժիսորը վստահ է, որ իր նոր ֆիլմը հաջողություն կունենա: Եվ դրա համար կան բոլոր հիմքերը: Պատմության կամերային կառուցվածքը, որի մեծ մասը ծավալվում է մի փոքր տարածքում, հիշեցնում է լավ բեմադրված թատերական պիես: Դիպուկ խոսքը, հիանալի դերասանական խաղը, սյուժեի անսպասելի շրջադարձերը և խորը ինտրիգը թույլ չեն տա ձանձրանալ հանդիսատեսին կինոնկարի ամբողջ ընթացքում, որը բավականին տևական է: Մի՞թե սա չէ իսկական վարպետությունը:

«Քրիդ. Ռոքքիի ժառանգությունը» (օրիգ. անվանումը` Creed)

Սպորտային դրամա, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Ռայան Քուգլեր

Դերերում` Մայքլ Բ.Ջորդան, Սիլվեսթր Ստալոնե, Թեսսա Թոմփսոն, Ֆիլիսիա Ռաշադ, Թոնի Բելյու:

Պրեմիերան Երևանում հունվարի 14-ին

Լեգենդար բռնցքամարտիկ Ռոքքի Բալբոայի մասին պատմող ֆիլմաշարի 7-րդ ֆիլմը որոշվեց վերածել յուրօրինակ սփին-օֆի: Կինոնկարի գլխավոր հերոսը ամենևին Ռոքքին չէ, այլ Ադոնիս Ջոնսոնը` ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, ռինգում մահացած Ապոլլո Քրիդի որդին: Վերջին շրջանում սպորտային դրամայի ժանրը զիջել է դիրքերը: Նույնիսկ այնպիսի միջակ կինոնկարները, ինչպես օրինակ «Ձախլիկը» դրաման, կարող են հիացմունքի արժանանալ այդ ժանրի արժանի ֆիլմերի գրեթե ամբողջական բացակայության ֆոնին: Դատելով քննադատների և հանդիսատեսի ջերմ ընդունելությունից` «Քրիդը» կարող է լրացնել այդ պակասը, քանի որ այստեղ կա և մի քանի սերունդների մեծ հերոս, և լավ ռեժիսորական աշխատանք, և համոզիչ, անձնական դրամա:

«Դանիացի աղջիկը» (օրիգ. անվանումը` The Danish Girl)

Դրամա, կենսագրություն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2015 թ.

Ռեժիսոր` Թոմ Հուփեր

Դերերում` Էդդի Ռեդմեյն, Ալիսիա Վիքանդեր, Մաթիաս Շոնարթս, Բեն Ուիշոու, Էմբեր Հերդ:

Պրեմիերան Երևանում հունվարի 28-ին

Եթե ինչ-որ մեկը կարող է խլել «Օսկարը» Դի Կապրիոյից, ապա դա Էդդի Ռեդմեյնն է: Թեև նախորդ մրցանակաբաշխությունը բրիտանացուն ոսկե արձանիկ բերեց Սթիվեն Հոքինգի դերի համար, նա միանգամայն կարող է կրկնել այդ հաջողությունը: «Դանիացի աղջիկը» պատմում է սեռի փոփոխման վիրահատությանն առաջինը ենթարկված մարդու պատմությունը: Քննադատները նշում են Ռեդմեյնի համոզիչ կերպարանափոխումը, որը ֆիլմի կեսում ներկայանում է որպես տղամարդ, իսկ հետո կին է դառնում: Թեև, մյուս կողմից, Դի Կապրիոն շանս ունի, չէ որ Ռեդմեյնը կարող է «Օսկար» ստանալ »Կնոջ լավագույն դերակատարման» անվանակարգում:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net