7 հունվարի 2016 - 18:03 AMT
ՀՈԴՎԱԾ
Սթիվ Ջոբս. Լեգենդի կայացման պատմությունը 3 գործողությամբ
Ջոբսը հանճար չէ, ոչ էլ հեղափոխական և գյուտարար. Բոյլի կինոնկարում Apple-ի հիմնադիրը հանդես է գալիս որպես մարդկային հոգիների նուրբ գիտակ
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը 2011-ի հոկտեմբերին իր վախճանից հետո հայտնվեց կինոարտադրության ուշադրության կենտրոնում: «Ջոբսի ֆենոմենը» գերում է միլիոնավոր մարդկանց, որոնց համար ընկերության արտադրանքի պաշտամունքը բացարձակ ճշմարտության էր վերածվել: Կինոյի համար այդպիսի հեռանկարային նյութից հրաժարվելը մեղք կլիներ՝ լեգենդար մարդու կայացումն ու «ներքին խոհանոցը», որտեղ հորինվել և ստեղծվել է այն ամենն, ինչի համար այսօր սիրված է «խնձորային» ընկերությունը: Առաջին բլիթը կուտ գնաց. երկամյա վաղեմության Ջոշուա Մայքլ Շտերնի «Ջոբս. Գայթակղության կայսրությունը» ֆիլմը Էշթոն Քաթչերի դերակատարմամբ ջախջախվեց քննադատների կողմից և սառը ընդունվեց կինոսերների շրջանում: Սակայն ստուդիաների բոսսերը չհանձնվեցին և որպես ռեժիսոր հրավիրեցին հեղինակավոր բրիտանացի Դեննի Բոյլին:

PanARMENIAN.Net-ը տպավորություններն է ներկայացնում Ջոբսի մասին նոր կինոֆիլմի դիտումից:

Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գրքի հիման վրա ստեղծված ֆիլմի սյուժեն հիմնված է Apple-ի 3 նշանակալի շնորհանդեսների վրա, որոնց գագաթնակետը դարձավ iMac-ի առաջին ցուցադրությունը 1998-ին: Այս հիասքանչ խոսակցական դրամայի դրամատուրգիական կառուցվածքը ստեղծել է հանճարեղ սցենարիստ Ահարոն Սորկինը, որը կարող է ամենաձանձրալի ու տաղտկալի պատմությունը վերածել գրավիչ մի պատումի, որից անհնար է կտրվել: Բոյլ-Սորկին գործակցությունն այնքան իդեալական և ներդաշնակ եղավ, որ ստացվեց ոչ թե ուղղակի կենսագրական դրամա, այլ մի կինոնկար, որը ցրում է բոլոր կարծրատիպերը Ջոբսի կերպարի «առասպելականության» վերաբերյալ:

Ջոբսը հանճար չէ, ոչ էլ հեղափոխական և գյուտարար. Բոյլի կինոնկարում Apple-ի հիմնադիրը հանդես է գալիս որպես մարդկային հոգիների նուրբ գիտակ: Հիանալի շուկայագետը, որը ոչ միայն հստակ տեսնում է այն, ինչ հարկավոր է միջին վիճակագրական գնորդին, այլ նաև հասկանում է, թե ինչպես և ինչ փաթեթավորմամբ դա պետք է մատուցել: Ինչպես և իր մշակած արտադրանքը, Ջոբսը միանգամայն փակ է դրսից միջամտության համար: Նրա արտադրանքը չի կարելի ձևափոխել, փոխել կամ կատարելագործել: Դրանք այնպիսին են, ինչպիսին կան: Ջոբսը Բոյլի կինոնկարում մի մարդ է, որը մոլեռանդորեն հավատարիմ է այդ սկզբունքին՝ ոչ ոք և ոչինչ չի կարող փոխել նրա համոզմունքները, ստիպել մտածել այլ կերպ և անել այն, ինչն իր կարծիքով սխալ է:

Բոյլը ներկայացնում է Apple ընկերության համար առանցքային իրադարձությունները միանգամայն բաց և առանց քաշվելու: Ջոբսը չի ներկայանում հանդիսատեսին որպես մի առաքյալ: Թեև նա, իրոք, կարող էր կանխատեսել բարձր տեխնոլոգիաների շուկայի հետագա զարգացումը, չհարմարեցնելով իր արտադրանքը այդ զարգացումներին, այլ անելով ամեն ինչ՝ դառնալու համար ստեղծարար և ձևավորելով ապագայի շուկայական ակնկալիքները: Ջոբսի աշխարհում ձևը բովանդակությունից շատ ավելի կարևոր է: Համակարգիչը կարող է չաշխատող լինել, բայց այն պետք է հիասքանչ լինի, իդեալական ձև ունենա: Սեփական դուստրը կարող է տարվա մեջ մի քանի անգամ միայն տեսնել հորը, բայց նա պարատովոր է դպրոց հաճախել: Ամեն ինչ Ջոբսի ղեկավարած նվագախմբում պետք է լինի ժամանակին և իր տեղում՝ և կարևոր չէ, թե ինչ կնվագեն նրանք: Հանրությանը հետաքրքիր է ձևը, ոճը, գեղեցկությունն ու պարզությունը՝ գործառույթները միայն երկրորդական պահանջ են, ոչ պարտադիր: Հետևելով սպառողի կանչին՝ Ջոբսը կառուցում է սեփական հսկայական կայսրությունը ընդամենը 3 քայլով՝ հիասթափությունների և պարտությունների միջով, հիանալի գիտակցելով, որ ճանապարհի վերջում նրան հաղթանակ է սպասում:

Կինոնկարի ամենահիշվող պատկերներից մեկը բազմակողմանի և շատ զգացմունքային խոսակցությունն է Ջոբսի և Apple-ի նախկին գլխավոր տնօրեն Ջոն Սկալլիի միջև: Ռեժիսորը հանճարեղ մի հնարք է կիրառում, միախառնելով շուկայի երկու հսկաների ընկերության գոյության տարբեր շրջաններում տեղի ունեցած երկու զրույցը, որոնք ունեն միանգամայն հակառակ բովանդակություն և նրբերանգներ: Հենց այստեղ, Մայք Ֆասբենդերի հիանալի խաղի շնորհիվ հանդիսատեսը կտեսնի իրական Ջոբսին՝ սպառողների սերունդների անզիջում, նպատակասլաց և սկզբունքային «հորը»: Եվ եթե նա ցանկանում է պարզեցնել դստեր կյանքը՝ ստիպելով նրան հրաժարվել «կասետներով զզվելի նվագարկիչից» և երաժշտությայն մեծ քանակ տեղավորելով նրա գրպանում, ուրեմն սպառողը ևս, ինչը գլխավորն էր Ջոբսի կյանքում, դրանից զերծ չի մնա:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net