Դոնորից միանվագ կարելի է վերցնել ոչ ավելի, քան 400-500 մլ արյուն: Արյունը սովորաբար առավոտյան են հանձնում, քանի որ այդ ժամերին օրգանիզմն ավելի լավ է արձագանքում արյան կորստին:
Արյուն հանձնելուց առաջ հարկավոր է բուժզննության ենթարկվել, որը դոնորի համար անվճար է: Հետազոտությունը ներառում է այցելություն թերապևտին, արյան կլինիկական և կենսաքիմիական հետազոտություն, արյան հեպատիտի, ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի անալիզ:
Արյուն հանձնելու օրը և դրա նախօրեին խորհուրդ չի տրվում օգտագործել ճարպոտ, սուր և ապխտած կերակրատեսակներ, ինչպես նաև կաթնամթերք, ձու, կարագ և շոկոլադ: Արյուն հանձնելուց մեկ օր առաջ հարկավոր է շատ հեղուկ խմել: Դրանից 48 ժամ առաջ չի կարելի ալկոհոլ, իսկ 72 ժամ առաջ` ասպիրին և անալգետիկներ պարունակող դեղորայք ընդունել: Առավոտյան պետք է թեթև նախաճաշել և արյուն հանձնելուց գոնե մեկ ժամ առաջ չծխել:
Գոյություն ունեն բացարձակ, այսինքն հիվանդության վաղեմությունից և բուժման արդյունքներից անկախ, հիվանդություններ, որոնց առկայության դեպքում տվյալ մարդը երբեք չի կարող դոնոր դառնալ, և ժամանակավոր, որոնք միայն ժամանակավոր են սահմանափակում դոնորութայն հնարավորությունը:
Բացարձակ հակացուցումներին են պատկանում ՄԻԱՎ-ը, սիֆիլիսը, վիրուսային հեպատիտները, թոքախտը, արյան հիվանդությունները, օնկոլոգիական հիվանդությունները, լսողության և խոսքի բացակայությունը, հոգեկան հիվանդությունները, թմրամոլությունը, ալկոհոլիզմը, 2-3 աստիճանի հիպերտոնիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, աթերոսկլերոզը, սրտի արատը, բրոնխիալ ասթման, բրոնխոէկտատիկ հիվանդությունը, թոքերի էմֆիզեման, բրոնխիտները, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցը, լյարդի խրոնիկ հիվանդությունները, ուժեղ կարճատեսությունը (6 Դ և ավելին):
Ժամանակավոր հակացուցումները տարբեր ժամկետներ ունեն կախված պատճառներից: Ամենատարածված արգելքներն են` ատամի հեռացումը (10 օր), դաջվածքն ու ասեղնաբուժությունը (1 տարի), անգինան, գրիպը, սուր շնչառական հիվանդությունները (1 ամիս ապաքինվելուց հետո), դաշտանը (5 օր), աբորտը (6 ամիս), հղիությունը և լակտացիան (1 տարի ծննդաբերությունից հետո, 3 ամիս լակտացիայի ավարտից հետո), ալերգիկ հիվանդությունների սրացումը (2 ամիս), սրսկումները:
Ժամանակավոր սահմանափակումներ են գործում նաև արտերկրից վերադարձածների համար, քանի որ որոշակի ժամանակ է հարկավոր ի հայտ բերելու համար հնարավոր հիվանդությունը (եթե այն կա): 2 ամսից ավելի արտերկրում եղած մարդն արյուն կարող է հանձնել վերադառնալուց միայն 6 ամիս անց:
Տարվա ընթացքում արյուն հանձնելու թույլատրելի հաճախականությունը տարբեր է կանանց և տղամարդկանց համար: Տղամարդիկ կարող են դա անել տարին 5 անգամ, իսկ կանայք` 4:
Արյուն հանձնելուց հետո խորհուրդ է տրվում կրկին անգամ հանձնել ոչ շուտ, քան 60 օրից: Ընդ որում, եթե դոնորը 5 անգամ անընդմեջ արյուն է հանձնել, խորհուրդ է տրվում ավելի երկար ընդմիջում անել` մինչև 3-4 ամիս: Դա թույլ կտա ոչ միայն վերականգնել օրգանիզմի արյան շրջանառության համակարգի նորմալ վիճակը, այլ նաև ապահովել դոնորական նյութի բավարար բարձր որակր: