14 հունվարի 2016 - 15:04 AMT
ՀՈԴՎԱԾ
Քրիդ. Լեգենդի վերադարձը, կամ «նոր սկիզբ»
Երիտասարդ ռեժիսոր Ռայան Քուգլերը լրջորեն լծվել է սպորտային դրամայի ժանրի վերականգնման գործին
Հունվարի 14-ին կինոթատրոնների էկրաններ է բարձրանում լեգենդար բռնցքամարտիկ Ռոքքի Բալբոայի մասին հերթական ֆիլմը: Եվ թեև կինոնկարն ավելի շուտ ճյուղավորում է, քան լիարժեք շարունակություն, կինոցուցադրման համար պատասխանատուները, շեշտելու համար կապը մեծն իտալացու հետ, այն անվանել են «Քրիդ. Ռոքքիի ժառանգությունը»: Ափսոս, քանի որ նույնիսկ առանց որևէ կապի Բալբոայի հետ, երիտասարդ և շնորհալի Ռայան Քուգլերի ստեղծագործությունը վերջին տարիներին գրեթե մեռած համարվող ժանրի սլացիկ, գեղեցիկ ու բովանդակալից նմուշ է:

PanARMENIAN.Net-ը ներկայացնում է «Քրիդ. Ռոքքիի ժառանգությունը» կինոնկարից իր տպավորությունները:

Ադոնիս Ջոնսոնը երբեք չի ճանաչել իր փառապանծ հորը` աշխարհի նախկին չեմպիոն, ծանրքաշային բռնցքամարտիկ Ապոլլո Քրիդին, որը զոհվել էր ռինգում դեռ նրա ծնունդից առաջ: Չնայած դրան, հոր սպորտային անցյալը վառ է արտահայտվեց տղայի մեջ` ստիպելով նրան շարունակել Ապոլլոյի ուղին և մեկնել Ֆիլադելֆիա հայցելու լեգենդար Ռոքքի Բալբոայի օգնությունը: Բալբոային ոչ միայն հաջողվել էր գերազանցել Ապոլլոյին ռինգում, այլ նաև նրա լավագույն բարեկամը դառնալ:

Հեռավոր 1976-ին ռեժիսոր Ջոն Էվիլդսենը և այն ժամանակ անհայտ, բայց շատ տաղանդավոր Սիլվեսթր Սթալոնեն հանրությանը ներկայացրեցին մի ֆիլմ, որի արձագանքները մինչ օրս ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս կինոյում: «Ռոքքին» այնքան պաշտամունքային դարձավ, իսկ կապը հանդիսատեսի հետ այնքան ամուր, որ շարունակությունները, որոնք օբյեկտիվորեն ավելի ու ավելի վատն էին, ընկալվում էին որպես հերթական մեծ պարգև: 29-ամյա ռեժիսոր Ռայան Քուգլերը համարձակ քայլի դիմեց` վերակազմավորել, վերամարմնավորել պաշտամունքի առարկան, այն ավելի մարդկային դարձնելով, ու պատմել ամենաառաջին պատմությունը միանգամայն այլ տեսակետից:

Ադոնիս Քրիդի կայացումը հնարավոր չէ ընկալել որպես օրիգինալ «Ռոքքիի» ռեմեյք, թեև կան բոլոր նախադրյալները: Անփորձ, սակայն հավակնոտ մարտիկը փորձառու վարպետի օգնությամբ բարձրանում է բռնցքամարտի համաշխարհային Օլիմպոս` բազում դժվարությունների ու անհաջողությունների միջով: Սակայն Քուգլերին հաջողվել է այնպես կառուցել պատմությունը, որ այն ընկալվում է որպես բոլորովին նոր մի բան` չնայած շտամպերի առատությանն ու թեթև պաթոսին: Լինելով շատ տաղանդավոր երիտասարդ, որը կատարելության է հասցրել իր վարպետությունը, Քուգլերը հիանալի զգում է և կարողանում է վերարտադրել այն մթնոլորտը, որն այնքան պակասում է ժամանակակից մարզական դրամային:

Կինոնկարը շահեկանորեն տարբերվում է իր նմաններից հազիվ նշմարելի շարմի շնորհիվ, որը հատուկ է «Օսկարների» հաճախակի հյուր Դևիդ Օ. Ռասսելի գործերին: Քուգլերը չի փորձում թաքցնել իր փոխառություններն ավագ գործընկերոջից, սակայն այնքան վարպետորեն է դա անում, որ ինքը Ռասսելը նույնպես կարող է նրանից որոշ բաներ սովորել: Սյուժեի կենտրոնում կրկին ընտանիքն է, ինչը բնորոշ է լավ մարզական դրամային: Սակայն «Քրիդը» զուրկ է այն թերություններից, որոնք հատուկ էին միջակ «Ձախլիկին»` արհեստականությունից, մեծ պաթոսից ու ողբերգականությունից: Այն պարզ է, ու, միաժամանակ անակնկալներով լի, որոնք ի հայտ են գալիս պատմության ընթացքին զուգահեռ, և ապշեցնում են «Ռոքքիի» մոլեռանդ երկրպագուներին: Քուգլերը հանդգնել է մի քայլի, որի համար այլ ռեժիսորներ կզրկվեին իրենց պաշտոնից:

«Քրիդը» ոչ միայն ժանրային կինոյի հիանալի նմուշ է: Ֆիմը լի է խորը հարգանքով ու սիրով օրիգինալի հանդեպ: Միաժամանակ, դա «նոր սկիզբ» է, ոչ թե ուղղակի լեգենդի շարունակություն: Չէ որ Ռայան Քուգլերը լրջորեն է լծվել սպորտային դրաման վերականգնելու գործին:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net