Խոզի գրիպը դասվում է պանդեմիկների շարքին: Այն աչքի է ընկնում հիվանդության ծանր ընթացքով, գրիպի մյուս «սովորական» ձևերի համեմատ ավելի բարձր մահացությամբ, արագ տարածվելու հատկությամբ: Այն կոչվում է A (Н1N1) վիրուս:
Ընդհանուր առմամբ գոյություն ունի գրիպի վիրուսի 3 խումբ` А, В և C: А խմբի վիրուսներն ամենազանգվածային ու ծանր հիվանդությունները` պանդեմիա, այսինքն համաշխարհային համաճարակ, են առաջացնում:
А խմբի վիրուսները շատ են: Դրանք ախտահարում են մարդկանց, ձիերին, խոզերին, բադերին, սագերին, ճայերին, փոկերին, դելֆիններին: Յուրաքանչյուր տեսակին իր վիրուսներն են հատուկ: Սակայն խմբի վիրուսներն արագ զարգանում են և խաչաձևվում: Եվ երբեմն կարող է առաջանալ այնպիսի վիրուս, որը կարող է վարակիչ լինել ոչ միայն «իր» տեսակի, այլ նաև մյուսների համար:
Ինչ վերաբերում է խոզի գրիպին, ապա խոզերի գրիպի վիրուսները շատ ավելի մոտ են մարդու գրիպի վիրուսներին, քան, օրինակ, թռչունների վիրուսները: H1N1 խմբի վիրուսն արտաքին միջավայրում կայունության առումով ոչնչով չի տարբերվում գրիպի մյուս վիրուսներից: Դրանք բոլորը բավականին լավ պահպանվում են նաև ցուրտ եղանակին:
Մարդու գրիպի վիրուսներն ամենից լավ են զարգանում 33о - 39оC աստիճանի պայմաններում: Բայց պետք չէ հուսալ, թե վիրուսը կոչնչանա օրգանիզմում հիվանդի բարձր ջերմությունից: Հիվանդն ավելի շուտ կվախճանվի: Եթե ջերմությունը 39,5оC բարձր է, այն հարկավոր է իջեցնել ջերմիջեցնող դեղերի միջոցով:
Եթե մարդ հիվանդացել է գրիպով, նա կայուն դիմադրողականություն է ձեռք բերում այն վիրուսի հանդեպ, որն առաջացրել էր հիվանդությունը: Սակայն, ինչպես արդեն նշվել է, մարդու գրիպի վիրուսները շատ արագ են զարգանում, ուստի ընթացիկ շրջանում հիվանդության պատճառ հանդիսացող վիրուսի հանդեպ իմունիտետը կարող է քիչ ազդեցիկ լինել այն վիրուսի հանդեպ, որը կտարածվի 3-4 տարի անց:
Խոզի գրիպի գաղտնի շրջանը հիմնականում 2-4 օր է, առավելագույնը` մեկ շաբաթ:
Խոզի գրիպի դրսևորումները նույնն են, ինչ սովորական վիրուսի դեպքում: Ախտանիշները հետևյալն են`
• շնչարգելություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգստի վիճակում դժվարացած և/կամ հաճախացած շնչառություն
• մաշկի կապտավուն երանգ
• արյուն` խորխի մեջ կամ գունավոր երանգի խորխ
• ցավ կրծքավանդակում
• հոգեկան վիճակի փոփոխություն
• բարձր ջերմություն, որը չի նվազում ավելի քան 3 օր
• արյան ցածր ճնշում
Մահացու ելքեր գրիպի դեպքում լինում են տարբեր պատճառներով: Շատ բան կախված է դիմադրողականությունից և քրոնիկ հիվանդությունների առկայությունից: Ավելի հաճախ մահվան պատճառ է դառնում թոքաբորբը: Գրիպի ժամանակ թոքաբորբը կարող է վիրուսածին լինել, ինչն առավել վտանգավոր է, սակայն ավելի հաճախ զարգանում է երկրորդական բակտերիալ թոքաբորբ:
Կանխարգելիչ միջոցներն են` սպորտը, զբոսանքը մաքուր օդում, օրվա ընթացքում ավելի քան 3 լ հեղուկի ընդունումը (բացառությամբ գազավորված ըմպելիքների): Դիմադրողականության բարձրացմանը նպաստում է մասուրով թեյի օգտագործումը:
Կարևոր է նաև դիմակ կրել, որն արդյունավետ է, պաշտպանում է փռշտալու ժամանակ առաջացող հեղուկի մանր կաթիլներից, որոնք նստում են 4-5 ժամվա ընթացքում:
Արդյունավետ է նաև սենյակի ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
Հունվարի 15-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, ՀՀ-ում մահացել է H1N1-ով (խոզի գրիպ) հիվանդ 13 մարդ:
Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:
Ինչպես ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ, բոլոր ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Միջոցառումներն իրականացվում են 2 ուղղությամբ` կանխարգելման և բուժման: Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժությամբ: