Հնում մարդիկ կարծում էին, որ դա հոգու իրականությունն է, որը կապված չէ մարմնականի հետ: Մարդաբանները կարծում են, որ յուրաքանչյուր քաղաքակրթությանը զարգացման որոշակի փուլում հատուկ են եղել պատկերացումները, որ քնած ժամանակ հոգին դուրս է գալիս մարմնից ու շփվում աստվածների և չարքերի հետ:
Սակայն, չնայած բազմաթիվ հետազոտություններին, նյարդաֆիզիոլոգների համար քնի ֆենոմենը հանելուկ է մնում: Կարծես թե, օրգանիզմին հանգիստ տալու համար գիտակցությունն անջատելու ոչ մի անհրաժեշտություն չկա: Առավել ևս անհասկանալի է դառնում երազների նշանակությունը: Ինչո՞ւ է ուղեղը հանգստանալու փոխարեն, շարունակում ակտիվ աշխատել և պատմություններ «հորինել»:
Գերմանացի նյարդաֆիզիոլոգներ Մարտին Դրեսլերը և Միխաել Ցզիշը փորձերի ժամանակ ցույց տվեցին, որ այն, ինչ կատարվում է մեզ հետ քնած ժամանակ, ոչ միայն ուղեղի կեղևի տեսողական կենտրոնում առաջացող «պատկերների» տեսքով գոյություն ունի, այլև լիարժեք վերապրումի: Մենք երազը կինոֆիլմի պես չենք դիտում, այլ ամբողջությամբ, տառացիորեն բոլոր նեյրոններով, ընկղմվում ենք կատարվող իրադարձությունների մեջ:
Բազում հետազոտություններ հավաստիորեն վկայում են, որ երազ տեսնելիս մեր գլխուղեղն աշխատում է նույնքան ինտենսիվ, որքան արթուն ժամանակ, իսկ երազի որոշ փուլերում նույնիսկ ավելի արագ: Կան մի շարք հավաստի վկայություններ, որ այդ ընթացքում ամրապնդվում է հիշողությունը, հիշողությունները կարճաժամկետ փուլից անցնում են երկարաժամկետ հիշողություն:
Բացի այդ, երազը պահպանում է քունը, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմին հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Այն ամենն, ինչ կարող է խանգարել մեր քունը, օրինակ, ձայներն ու զգացողությունները, երազը ներառում է իր սյուժեի մեջ այնպես, որ մենք չարթնանանք:
Երազը մի քանի փուլ ունի, որից յուրաքանչյուրը տևում է 90 րոպե: Սկզբից քնկոտությունը փոխարինվում է մակերեսային քնով, որից հետո սկսվում է առաջին փուլը` խորը «դանդաղ» քունն առանց երազների, որը փոխարինվում է երազներով ուղեկցվող «արագ քնով» (այն ուղեկցվում է աչքերի արագ շարժումներով): Նորածնի մոտ «արագ քունը» քնի ընդհանուր ժամանակի կեսից ավելին է կազմում, մինչև 2 տարեկան երեխաների մոտ` 30-40%, իսկ մեծահասակների մոտ` 15-25%: Սա է պատճառը, որ որոշ գիտնականներ պնդում են, թե քունը կարևոր դերակատարություն ունի ուղեղի հասունացման գործում:
Երազները 40% բաղկացած են օրվա տպավորություններից: Մնացածը` մեր վախերի, տագնապների, հոգսերի հետ կապված իրավիճակներ են: Լինում են հատուկ երազներ, որոնց ժամանակ քնած մարդը գիտակցում է, որ գործողությունն իրական չէ, լինում են նաև մարգարեական երազներ:
Գիտնականներն ընդունում են այդ փաստը, սակայն չեն կարող բացատրել դրա առաջացման մեխանիզմները: Այդ ոլորտում արդեն ավելի քան 40 տարի բազմաթիվ էքսպերիմենտներ են անցկացվում: Առավել հայտնի են ամերիկացի հոգեվերլուծաբան Մոնտագ Ուլմանի հետազոտությունները (Montague Ullman, Dream Telepathy: Experiments in Nocturnal ESP, McFarland, 1989թ.):
Կան երազների սյուժեներ, որոնք ընդհանուր են ամբողջ մարդկության համար, սակայն նույն սյուժեն իր եզակի իմաստն ունի յուրաքանչյուրի համար: Հոգեբանները պնդում են, որ երազներն աշխատում են հօգուտ մեզ, նույնիսկ եթե դրանց կերպարները սարսափազդու են: Օրինակ, մղձավանջները վկայում են մեր չբավարարված ցանկությունների և տագնապների մասին, իսկ երազում մեզ հետապնդող կերպարները մարմնացնում են մեր անձի այն կողմերը, որոնցից մենք վախենում ենք և ինչ-որ տեղ ամաչում: Սակայն եթե մենք ուշադիր ուսումնասիրենք «ուղերձը», որն առկա է երազում, ապա սկզբնական վախը կնվազի և հնարավորություն կտա ձերբազատվել մղձավանջից: