29 հունվարի 2016 - 16:38 AMT
ՀՈԴՎԱԾ
Վանա կատու. Տարագույն աչքերի ու միջազգայինին չհամապատասխանող թուրքական «ստանդարտների» մասին
Թուրքական «ստանդարտն» անհամատեղելի է միջազգային չափանիշների հետ, որոնք ընդունված են Վանա կատվի դեպքում
Վանա կատուն էնդեմիկ ցեղատեսակ է, որը սերում է Հայկական բարձրավանդակից` Վանա լճի տարածքից: Վանա կատուն հնագույն ընտանեցված կատուների ժառանգն է, ունի բարդ, ընդգծված ազատասեր վարքագիծ:

Վանա կատուն բավականին խոշոր է իր չափերով, հայտնի է որպես լավ լողորդ: Վանա կատուն որսորդ է, որը կարողանում է ձուկ որսալ ջրում:

Վանա կատվի մարմինը երկարավուն է, մկանոտ, լողորդին հատուկ լավ զարգացած կրծքավանդակով, մեջքը ուղղանկյուն է` մի փոքր նեղանալով դեպի պոչը: Վանա կատվի մորթին խիտ է ու ջրամեկուսիչ: Վանա ցեղին պատկանող կատուների մորթին նաև յուրահատուկ գունավորում ունի` սպիտակաթույր գեղմի ֆոնին պղնձագույն նշաններ կան գլխի, թիկունքի ձախ կողմում, նաև օղակաձև գունավորում ունի փարթամ պոչը: Գունավոր նշանների տեղակայումն այնքան յուրօրինակ է, որ այդպիսի գունավորումը ստացել է «Վանա թույր» անվանումը:

Վանա կատվին բնորոշ գունավորումը վկայում է ցեղատեսակի հնության մասին, ինչը հաստատում են նաև հնագիտական պեղումները: Օրինակ, օղակաձև գունավորում ունեցող պոչերով խոշոր, բաց գույնի կատուներ են պատկերված Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանի ոսկերչական զարդերի վրա, որոնք թվագրվում են II-1 դդ. մեր թվարկությունից առաջ:

Տարածված այն պատկերացումը, թե Վանա կատվի աչքերը միշտ տարբեր գույնի են լինում, սխալ է: Դա հատուկ է Վանա կատվին, բայց պարտադիր պայման չէ: Վանա կատվի աչքերը կարող են լինել երկնագույն, սաթագույն (դեղինն իր նրբերանգներով) և տարբեր գույների: Կանաչ աչքերով Վանա կատուներ չեն հանդիպում:

Վանա կատուները, որպես Հայաստանի հնագույն խորհրդանիշ, ոչնչացման են ենթարկվել Հայոց ցեղասպանության տարիներին: Թուրքերը նրաց դաժանորեն բնաջնջում էին, ինչը, սակայն չխանգարեց նրանց տասնամյակներ անց Վանա կատվին հռչակել ազգային արժեք և իրենց «նախնիների» ժառանգություն:

1987 թ. Թուրքիայում ստեղծվեց Վանա կատվի հետազոտական ինստիտուտը, որը նաև կատուների բուծմամբ է զբաղվում: Սակայն, թուրք սելեկցիոներները փաստրեն ցեղատեսակի ուծացմամբ են զբաղված` խաչասերելով անգորայի կատուների հետ:

Ըստ մահմեդական ավանդույթի, միայն ամբողջապես սպիտակ կատուն է համարվում «մաքուր» և, ավելին, միակ կենդանին է, որը կարող է մզկիթ մտնել: Բացի պարտադիր սպիտակ մորթուց, թուրքական «ստանդարտը» ենթադրում է նաև տարագույն աչքերի առկայություն:

Թուրքական «ստանդարտն» անհամատեղելի է միջազգային չափանիշների հետ, որոնք ընդունված են Վանա կատվի դեպքում: Թուրքիայում իրականացվող սելեկցիոն աշխատանքը կարող է ամբողջությամբ փոխել ցեղատեսակը և նույնիսկ անհետանալու վտանգի հասցնել:

Կատուների բազմացման ժամանակ որպես ընտրության հիմնական սկզբունք ընդունվում են ոչ թե Վանա կատվին բնորոշ հատկությունները, այլ վերոնշյալ սպիտակ գեղմն ու տարբեր գույնի աչքերը: Այդպիսի կատուներ են բուծվում Վանա կատուներին անգորայի կատուների և այլ ցեղատեսակների հետ խաչասերման միջոցով: Դա, իր հերթին, բարդ գենետիկ մուտացիաների պատճառ է դառնում, որի արդյունքում կենդանու մոտ ի հայտ են գալիս տարբեր պաթոլոգիաներ` օրինակ, խլություն: Իսկ ԶԼՄ-ները հենց այս կատուներին են հաճախ ներկայացնում որպես Վանա կատու, ինչը մեծ խառնաշփոթ է առաջացնում իսկական ցեղատեսակի ճանաչման գործում:

PanARMENIAN.Net / Tsets